Բարձրագույն դատական խորհուրդը` Խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի գլխավորությամբ սեպտեմբերի 9-ին հյուրընկալել է Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին և հանձնաժողովի անդամներինԱյս մասին հայտնեցին Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Դատական իշխանության և Օրենսդիր մարմնի ներկայացուցիչների աշխատանքային հանդիպման օրակարգում դատական համակարգում էլեկտրոնային արդարադատության յուրահատուկ հարթակի ներկայացումն ու քննարկումն է եղել:

Մասնագետների կողմից մանրամասն ներկայացվել է Բարձրագույն դատական խորհրդի հետ համատեղ մշակած էլեկտրոնային դատավարության միասնական ունիվերսալ հարթակի կառուցվածքը, գործիքակազմը, առանձնահատկություններն ու ընձեռած հնարավորությունները:

IT ընկերության ներկայացուցիչները քայլ առ քայլ ներկայացրել են դատավարության ավտոմատացված կառավարման համակարգի, վճարման կարգադրությունների և քաղաքացիական գործերի, ինչպես նաև դրանց մակագրության էլեկտրոնային համակարգի, CAST ծրագրի, տվյալների էլեկտրոնային շտեմարանի և վիդեոդատավարության ֆունկցիոնալ հնարավորությունները:

Աշխատանքային քննարկման մասնակիցները հարցուպատասխանի միջոցով ստացել են վերը նշված ծրագրերին առնչվող իրենց հուզող հարցերի պատասխանները:

Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում: Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում շարունակել նման ձևաչափով հանդիպում-քննարկումները, ինչպես նաև խորացնել երկու կառույցների արդյունավետ փոխգործակցությունը: