Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման որակի նկատելի բարելավման վրա

Լուրեր

17.11.2026 | 16:52
Սկսվել է «Տիգրան ջան, սիրուն չի» օպերացիա. Գևորգ Ստեփանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ոստիկանության ղեկավար կազմին է ներկայացրել նորանշանակ ոստիկանապետ Վահե Ղազարյանին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանին կատարած աշխատանքի համար՝ նշելով, որ միասին կվերլուծեն այս ընթացքում իրականացված գործունեությունը և կգան ընդհանուր եզրակացությունների:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօր բարդ, անսպասելի ժամանակներ են, և ոստիկանության գործունեության հավելյալ՝ամենամեծ մարտահրավերը կորոնավիրուսի համավարակն է: «Վերջին 3 ամիսներին ոստիկանությունը շատ ծանր, անդադար աշխատանք է կատարել, որի արդյունքում շատ մեծ էներգիա է սպառվել, և ընկալումներ են փոխվել: Բայց առաջիկայում էլ համավարակի հաղթահարման գործում էական է լինելու ոստիկանության աշխատանքի որակը: Որքան էլ հասկանալի է, որ իսկապես ոստիկանության ողջ անձնակազմը հյուծման եզրին է գտնվում, պետք է նոր էներգիա հաղորդել, որքան էլ դա անհնար թվա: Շնորհավորելով պարոն Ղազարյանին ոստիկանության պետի պաշտոնում նշանակվելու առիթով՝ ցանկանում եմ ասել, որ նրա ամենաառաջին խնդիրը համարում եմ ոստիկանությանն այդ էներգիան հաղորդելը և նոր լիցք տալը համավարակի դեմ պայքարի կամ, ավելի ճիշտ, հակահամաճարակային կանոնները պահպանելու առումով: Հույս ունենք և համոզված ենք, որ համավարակը ժամանակավոր է, և մենք այն կհաղթահարենք շատ շուտով կամ մի փոքր ուշ»:

Անդրադառնալով ոստիկանության գործառույթներին՝ վարչապետը նշել է, որ դրանք առանցքային են ՀՀ-ում իրավակարգի և մարդու իրավունքների պաշտպանության, սեփականության անվտանգության պահպանության առումով: «Ոստիկանության աշխատակիցը, ոստիկանության համազգեստը պետք է յուրաքանչյուր քաղաքացու մոտ առաջացնի պատկառանքի զգացում, յուրաքանչյուր քաղաքացու համար պետք է ունենա խիստ զգաստացնող նշանակություն: Մյուս կողմից՝ ոստիկանության համազգեստով մարդ տեսնելիս ՀՀ քաղաքացին պետք է իրեն պաշտպանված զգա, պետք է նրան ընկալի որպես յուրայինի, մերձավորի, ում աներկբա, առանց կասկածելու կարելի է դիմել սեփական՝ իրավունքի և անվտանգության հետ կապված խնդիրները լուծելու առումով: Սա մեծագույն խնդիրն է, որը պետք է լուծենք», – ընդգծել է Նիկոլ Փաշինյանը և նկատել՝ երրորդ հանրապետության պատմության մեջ այս խնդիրը միշտ բարդություններ է ունեցել, և չկա այն լուծելու շատ ճշգրիտ բանաձև. երբեմն եղել է, որ պատկառանքը եղել է չափից շատ՝ սահմանակցելով վախի և նեգատիվ այլ զգացումների հետ, երբեմն դրականն այնքան շատ է եղել, որ զգաստության զգացումը չափից ավելի քիչ է եղել: «Սա պահանջում է երկարատև, հետևողական աշխատանք՝ գիտելիքի, փորձի վրա հիմնված, և, պարոն Ղազարյան, Ձեր խնդիրն է՝ այդ աշխատանքը կատարել: Ոստիկանությունը վարչապետին ենթակա մարմին է, և ոստիկանության գործունեությունը, դրա որակն ուղիղ կապվում է երկրի ղեկավարի և քաղաքացու հարաբերությունների հետ: ՀՀ ոստիկանությունն առնչություն ունի ամենամեծ թվով մարդկանց հետ, և յուրաքանչյուր ոստիկան իրեն պետք է ընկալի որպես ՀՀ վարչապետի ներկայացուցիչ, ով շփվում է ժողովրդի, քաղաքացու, այդ թվում՝ հանցագործների և իրավախախտների հետ: Հանցագործներն այդ շփման ընթացքում պետք է զգան դաժան, ուժեղ և չսասանվող ձեռք, օրինապահ քաղաքացիները՝ թիկունք, ամրություն, վստահություն և պաշտպանվածություն: Համոզված եմ, որ ունենք բավարար կամք և հետևողականություն՝ այս խնդրի լուծման հետևից մինչև վերջ գնալու համար»:

Անդրադառնալով 2018թ. վարչապետի պաշտոնն ստանձնելուց հետո իր՝ ուժային կառույցների կայունության պահպանման հետ կապված դիրքորոշմանը՝ վարչապետը նշել է, որ ոստիկանության համակարգի բոլոր աշխատակիցները ևս ստացել են նոր Հայաստանի իրողություններին, արժեքներին և նպատակներին դիրքավորվելու հնարավորություն, և պետք է հասկանալ, թե այդ հնարավորությունն ով ինչպես է օգտագործել: «Ես վերջերս էլի մի առիթով հիշեցի Նոր կտակարանի հայտնի Տասը մնասի առակը՝ երբ տրվում է հնարավորությունը, և գալիս է այդ հնարավորությունների արդյունքներն ամփոփելու ժամանակը: Ցանկանում եմ ուղիղ ասել, որ բոլոր այն մարդիկ, ովքեր օգտագործել են այդ հնարավորությունը և տվել են կոնկրետ արդյունքներ, պետք է տեսնեն, որ ՀՀ ոստիկանությունում պաշտոնեական առաջխաղացման, գնահատված լինելու, խրախուսման բոլորովին նոր սկզբունքներ են գործում: Չկա ծանոթ, ընկեր, բարեկամ, թիկունք, առանց թիկունք: Կա աշխատանք, պրոֆեսիոնալիզմ, նվիրվածություն, և բոլոր այն մարդիկ, ովքեր գնացել են այս ճանապարհով, պետք է իրենց գնահատված զգան, բոլոր այն մարդիկ, ովքեր քամահրական վերաբերմունք են ցուցաբերել այս ճանապարհին, պետք է գնան իրենց ճանապարհով: Նրանք այլևս անելիք չունեն ՀՀ ոստիկանությունում», – ասել է վարչապետը և հավելել, որ նաև պետք է զգույշ և ճշգրիտ լինել՝ թացը չորի հետ չխառնելու համար. վերջնական արդյունքը պետք է լինի ՀՀ ոստիկանության արդյունավետության բարձրացումը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության, ՀՀ ժողովրդի, Արցախի Հանրապետության, մեր ազգի և ապագայի:

Վարչապետը հանձնարարել է նորանշանակ ոստիկանապետին առաջնահերթ կենտրոնանալ հակահամաճարակային կանոնների պահպանման և այս առումով ոստիկանության ծառայության որակի արագ, նկատելի բարելավման վրա՝ կարևորելով կատարված աշխատանքների և գույքագրված պրոբլեմների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը:
Նախկին ոստիկանապետը երախտագիտություն է հայտնել վարչապետին վստահության համար՝ նշելով, որ ծառայությունն իրականացրել է մեծ պատվով և պատասխանատվությամբ:

Նորանշանակ ոստիկանապետը, շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին բարձր վստահության համար, հավաստիացրել է, որ լավագույնս կկատարի կառույցի առաջ դրված խնդիրները: