Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը

Լուրեր

17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Բոլորը

Հայաստանի տարածք ապօրինի ներխուժած ադրբեջանցի զինծառայող Նասիմի Մուսաևը Շաքիի բնակիչ Անի Ավետիսյանի ուղղությամբ արձակել է վեց կրակոց։ Գնդակներից մեկը դիպել է կնոջ ձախ ազդրին՝ պատճառելով միջանցիկ հրազենային վնասվածք, ինչից հետո Անի Ավետիսյանին գցել է մահճակալին և բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր հատվածներին։

Այս մասին հայտնի է դառնում այսօր հրապարակված մեղադրական եզրակացությունից։

Մասնավորապես, Նասիմի Մուսաևին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի, 2026 թվականի հունվարի 28-ից ժամկետային զինվորական ծառայության է անցել Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի թիվ 777 զորամասում։ Ծառայության բերումով իր տիրապետության տակ ունենալով 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի՝ MM 5087 գործարանային համարով ինքնաձիգ, 7,62 մմ (7,62×39) տրամաչափի 140 հատ մարտական և 10 հատ անգնդակ փամփուշտ, ինչպես նաև մեկ սվին-դանակ՝ Մուսաևը 2026 թվականի սեպտեմբերի 26-ին՝ ժամը 20։00-ից 22։00-ընկած ժամանակահատվածում, ծառայություն է իրականացրել Ադրբեջանի Հանրապետության Լաչինի շրջանում տեղակայված թիվ 29 մարտական դիրքում։

«Նույն ժամանակահատվածում Ն.Մուսաևը Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Իշխանասար բնակավայրի վարչական տարածքով հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և ապօրինի մուտք գործել ՀՀ տարածք։
Միաժամանակ, Ն.Մուսաևը վերոհիշյալ հրազենը, ռազմամթերքը և սառը զենք հանդիսացող սվին դանակը, դրանց տեղափոխման համար սահմանված կանոնը, այդ թվում՝ արգելքը խախտելով, առանց մաքսային հսկողության Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխել է ՀՀ տարածք։

Ն.Մուսաևը, 2026 թվականի սեպտեմբերի 26-ին ապօրինի հատելով Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և մուտք գործելով ՀՀ տարածք, չունենալով համապատասխան թույլտվություն, ՀՀ տարածքում ապօրինի պահել և կրել է իր մոտ գտնվող՝ 1961 թվականի արտադրության «AKM» տեսակի, MM 5087 գործարանային համարով ինքնաձիգը և 7,62 մմ (7,62×39) տրամաչափի ռազմամթերքը, ինչպես նաև ապօրինի կրել է սառը զենք հանդիսացող սվին-դանակը։

Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելուց հետո Ն.Մուսաևը հասել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Շաքի բնակավայր, որտեղ 2026 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում, անտեսելով նույն բնակավայրի 6-րդ փողոցի 20-րդ տան բնակիչների կամքը, ապօրինի մուտք է գործել նշված բնակարան»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ։

Մուսաևը սկզբում առանձնատանը գտնվող գույքը հափշտակելու դիտավորությամբ, սենյակներից մեկում տեղադրված մահճակալի վրայից գաղտնի հափշտակել է 12 հազար ՀՀ դրամ արժողությամբ «Xiaomi» բջջային հեռախոս, 5 հազար ՀՀ դրամ արժողությամբ սմարթ ժամացույց և մեկ տաբատ, հյուրասենյակից՝ 9 հազար ՀՀ դրամ գումար և մեկ բանկային քարտ, իսկ առանձնատան մուտքի դռան հարակից հատվածից՝ տարբեր տեսակների երկու ձախ կոշիկ՝ բնակարանի փաստացի սեփականատեր՝ Անի Ավետիսյանին պատճառելով ընդհանուր 26 հազար ՀՀ դրամի գույքային վնաս։

«2026 թվականի հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, հիշյալ բնակարան են վերադարձել այնտեղ բնակվող անչափահասներ Ռոզի Ավետիսյանը և Քաջիկ Ավետիսյանը։ Ն.Մուսաևը, անչափահասներին ազատությունից ապօրինի զրկելու դիտավորությամբ, իր մոտ ապօրինի պահվող վերոհիշյալ «AKM» տեսակի ինքնաձիգով սպառնացել, ստիպել է նրանց նստել հյուրասենյակի բազմոցին և հանձնել իրենց մոտ գտնվող բջջային հեռախոսները։ Այդ եղանակով ճնշելով նրանց դիմադրելու հնարավորությունը՝ Ն.Մուսաևը երեխաներին պարտադրել է գտնվել բնակարանի հյուրասենյակի իր մատնանշած վայրում՝ զրկելով առանձնատնից դուրս գալու, ազատ տեղաշարժվելու և գտնվելու վայրը սեփական կամքով որոշելու հնարավորությունից՝ նրանց կամքին հակառակ ապօրինաբար զրկելով ազատությունից։

Այդ ընթացքում Անի Ավետիսյանը, դստեր՝ Ռոզի Ավետիսյանի հետ ունեցած հեռախոսային խոսակցությունից տեղեկանալով, որ բնակարանում զինված մարդ կա, ժամանել է նշված բնակարան»։

Մուսաևը, Անի Ավետիսյանի առողջությանը ծանր վնաս պատճառելու դիտավորությամբ, այլ անձանց՝ Ռոզի և Քաջիկ Ավետիսյանների կյանքին կամ առողջության համար վտանգավոր եղանակով և զենքի գործադրմամբ, բնակարանի ներսում վերոհիշյալ ինքնաձիգից արձակել է վեց կրակոց՝ Անի Ավետիսյանի առողջությանը պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ, որոնք արտահայտվել են ձախ դաստակի առաջին մատի հիմնային ֆալանգից սուբտոտալ անդամահատման, 3-4-րդ մատների դիստալ ֆալանգների պատռած վերքերի՝ ոսկրերի եզրային կոտրվածքների և այրվածքի, աջ նախաբազկի ստորին երրորդականի առաջային մակերեսի, ձախ բազկի շրջանի քերծվածքների, աջ դաստակի շրջանի ճանկռվածքի, ձախ նախաբազկի շրջանի արյունազեղման և ձախ ազդրի ստորին երրորդականի հրազենային միջանցիկ վիրավորման ձևով, որն ուղեկցվել է ազդոսկրի ստորին երրորդականի դիաֆիզալ բազմաբեկոր կոտրվածքի, մկանների և նյարդանոթային խրձի վնասման՝ առաջ բերելով ծավալուն արյունահոսության։

«Նշված արարքները կատարելուց հետո Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը դիմել է փախուստի և թաքնվել Սիսիան համայնքի Շաքի բնակավայրի 6-րդ փողոցի 26-րդ տանը կից անասնագոմի տարածքում, որտեղ նույն օրը՝ ժամը 16։15-ին, հայտնաբերվել և ձերբակալվել է իրավապահ մարմինների ծառայողների կողմից»։

Նասիմի Մուսաևի կրակոցներից տուժած Անի Ավետիսյանը նախ առաջին բուժօգնություն է ստացել Սիսիանի բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել Երևան՝ նեղ մասնագիտացված բուժումների համար։ Կինը մի քանի անգամ ենթարկվել է վիրահատության, որից հետո որոշ ժամանակ գտնվել վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները նշել են, որ ոտքի ամբողջական վերականգնման համար կնոջն անհրաժեշտ են նաև հետագա փուլային վիրահատություններ:

Ուշագրավ է, որ մեղադրական եզրակացության մեջ բացակայում է անչափահաս երեխաների ստացած վնասվածքների մասին հիշատակումը։ Գլխավոր դատախազությունն ավելի վաղ հայտնել էր, որ վնասվածքներ են ստացել նաև կնոջ 15-ամյա և 12-ամյա երեխաները.

«Մարմնական վնասվածքներով բուժօգնության են դիմել վիրավորում ստացած ՀՀ քաղաքացու՝ 2011 և 2014 թվականին ծնված երեխաները: 2014 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել փափուկ հյուսվածքների սալջարդ, իսկ 2011 թվականին ծնված երեխայի մոտ առկա է եղել աջ դաստակի կոտրվածք»։

Ադրբեջանցի զինծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 9 տարբեր հոդվածների հատկանիշներով, նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Գործի քննությունը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրի դատավոր Հրաչ Դաջունցին։

Հիշեցնենք՝ ադրբեջանցու՝ ՀՀ ներթափանցման մասին հայտնի դարձավ հենց դեպքի օրը։ ԱԱԾ-ից պաշտոնապես հայտնել էին, որ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը Հայաստանի ազգային անվտանգության ծառայությանը տեղեկացրել է, որ Ադրբեջանի զորամասերից մեկի զինծառայողն անհայտ հանգամանքներում լքել է ծառայության վայրը։

«Չի բացառվել, որ նա կարող էր ապօրինի հատած լինել Հայաստանի Հանրապետության սահմանը։ Դրանից հետո Հայաստանի և Ադրբեջանի իրավասու մարմիններն իրականացրել են համապատասխան որոնողական աշխատանքներ»,- նշվել էր ԱԱԾ հաղորդագրության մեջ։

Հրապարակված մեղադրական եզրակացությունից պարզ է դառնում, որ ադրբեջանցի զինծառայողն իր զորամասը լքելու օրն է հատել ՀՀ սահմանը։
Ստացվում է, շուրջ 3 օր Հայաստանում անցկացնելուց հետո է Բաքուն տեղեկացրել հնարավոր սահմանահատման մասին, իսկ ԱԱԾ-ն հանրությանն այդ մասին հայտնել է միայն Շաքիում տեղի ունեցած դեպքից հետո։

Ռոզա Վարդանյան