Չի ասվում, թե այս հանրաքվեի «Այո»-ից հետո ընտրվող դատավորներն ինչով են անկախ լինելու. Նարինե Դիլբարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.02.2020 | 18:46Factor.am-ի հարցազրույցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ
– Տիկի՛ն Դիլբարյան, «Ժառանգություն»-ը, փաստորեն, չի միացել ո՛չ «Այո»-ի, ո՛չ «Ոչ»-ի թիմին: Կուսակցությունը տարածած հայտարարությամբ նշել է, մեջբերեմ՝ «Միանշանակ է, որ Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրական դատարանի, բայց դեպի մեր երազանքների Սահմանադրական դատարանը տանող ճանապարհը չի կարող կառուցվել ո՛չ կեղծված առկա սահմանադրության, ո՛չ էլ հանրաքվեի միջոցով նրա մասնակի սրբագրման և ժողովրդի կողմից լեգիտիմացման փորձի վրա»: Որպես հանգուցալուծման ուղի՝ նշել եք Սահմանադիր ժողովի գումարումը: Կխնդրեի մի փոքր մանրամասնեք ձեր տեսլականը:
– Ուզում եմ ամենից առաջ այսօր շնորհավորել մեզ Արցախի Վերածննդի օրվա կապակցությամբ: 1988 թվականի հենց այս օրը ժողովուրդը ցույց տվեց իր հավաքական կամքը՝ ազատ և անկախ լինելու: Ինչ վերաբերում է հանրաքվեին, իրոք «Ժառանգություն»-ը համոզված է և իր ամբողջ գործունեության ընթացքում բազմաթիվ անգամ բախվել է գործող Սահմանադրական դատարանի և գործող Սահմանադրության ոչ միայն լեգիտիմ չլինելու, այլ նաև բազմաթիվ թակարդների հանգամանքին: Ուստի, որևէ տարակարծություն չկա, որ այս Սահմանադրությունը պետք է փոխվի, և այս Սահմանադրությամբ գծված Սահմանադրական դատարանն էլ պետք է դադարի գոյություն ունենալ: Բայց Սահմանադրության այս հանրաքվեի օրակարգում չի դրված, մեր համոզմամբ, այն խնդիրը, որին «Այո» կամ «Ոչ» ասելով՝ երկիրը կարողանար հասնել հանգուցալուծման: Եկեք ընդունենք, որ այս հանրաքվեն իրականում քաղաքական որոշում էր: Քաղաքական ոչ մի կուսակցություն հանձն չառավ «Ոչ» ասելու:
– Այս հանրաքվեի ջատագովները նշում են, որ առանց սրա հնարավոր չի լինի Սահմանադրության լիարժեք փոփոխություն ապահովել: Նրանց փաստարկները Ձեզ համար համոզիչ չե՞ն:
– Բոլորովին: Չի դրվել հայեցակարգ, թե այս հանրաքվեի «Այո»-ից հետո ընտրվող դատավորներն ինչո՞վ են անկախ լինելու: Եվ գիտեք, այն, որ այս ՍԴ-ն իր ներկայիս կազմով կարող է խոչընդոտել սահմանադրական փոփոխությունների ընթացքը, բոլորովին համոզիչ չէ: Ես համոզված եմ, որ այս թիմն իրոք պարտված գաղափարախոսության և պարտված գործիքակազմի ներկայացուցիչն է: Անգամ չեմ բացառում, որ ինչ-որ փուլում՝ հանրաքվեին մոտ, նրանք կարող են հրաժարական տալ և դուրս գալ: Այդ դեպքում ընդհանրապես խնդիր է ծագում, թե ինչ պետք է լինի հանրաքվեի հետ, որովհետև Հանրաքվեի մասին օրենքում դրա չեղարկման մեխանիզմ էլ չկա:
– «Այո»-ի քարոզչության թիմը բավական պասիվ է: Կարծում եք՝ ո՞րն է պատճառը, այդքան վստա՞հ են հաջողության հարցում: Բայց եթե անգամ վստահ եմ, արդյո՞ք պետք չէ ժողովրդին, որին այսպիսի կարևորագույն որոշում կայացնելու հնարավորություն է տրված, ևս մեկ հիմնավոր կերպով համոզել նախաձեռնության անհրաժեշտության հարցում:
– Ամենասկզբում, երբ դեռ անգամ հանրապետության նախագահը չէր ստորագրել այս հանրաքվեի մասին փաստաթուղթը, ես մեկնաբանություններում նկատեցի մտահոգություն և ինքս էլ նշեցի՝ մեկ այնպիսի հարց, ինչպիսին Սահմանադրական դատարանն է, շատ դժվար է դարձնել գերկարևոր և մարդկանց համոզել, որ Հայաստանի ժողովրդավարական ընթացքը կախված է հենց այս հանրաքվեից: Որովհետև գիտեք Սահմանադրական դատարանի գործառույթները, նրանք իրականացնում են շատ յուրօրինակ՝ սահմանադրական արդարադատություն: Այսինքն՝ շարքային քաղաքացին իր գործունեությամբ, ըստ էության, ՍԴ-ի աշխատանքներին այնքան էլ չի բախվում, հետևաբար՝ շատ դժվար է նրան համոզել, որ գնա «Այո» ասա և քո կյանքը կփոխվի, ՀՀ-ն կկանգնի այն ճանապարհին, որի համար դու պայքարում էիր, որի համար հեղափոխություն ես արել, այսքան տարի անցել ես դժվարությունների միջով: Հետևաբար, ես կարծում եմ, որ այս իշխանություններն իրենք ևս տեսնում են, որ այդպես ակտիվ քարոզարշավը կարող է հարցականները բացահայտել: Եվ, եկեք այնկեղծ լինենք, սա այն հարցը չէ, որ մարդկանց կխանդավառի: Ճիշտ է՝ կա քաղաքական մարտավարություն՝ ցանկացած հարց դարձնում ես վստահության հանրաքվե: Եվ շատերի մոտ տպավորություն առաջացավ, որ Նիկոլ Փաշինյանի համար, կարծես, այս հարցը դառնում է վստահության հանրաքվե: Բայց ինչի՞ համար, չէ՞ որ հաղթանակից ընդամենը 2 տարի է անցել և դրա կարիքը, կարծես, չկար: Հաղթված թշնամուն ի՞նչ իմաստ ունի վերստին հաղթելը:
– Ի վերջո՝ ապրիլի 5-ին, երբ գնալու ենք հանրաքվեի, կհաղթի «Այո»-ն, թե՞ «Ոչ»-ը:
– Ես կարծում եմ, որ «Ոչ»-ը հաղթելու հնարավորություն ընդհանրապես չունի, որովհետև ասել «Այո» այդ անձերին՝ և՛ քաղաքականապես, և՛ քաղաքացու համար անհասկանալի դիրքորոշում է: Դրա համար կարծում եմ՝ «Ոչ»-ն ընդհանրապես կարող է ձայներ չունենալ կամ աննկատ տոկոս հավաքել: Ամբողջ խնդիրն այն է, թե մենք կկարողանա՞նք ապահովել «Այո»-ի շեմը, այսինքն՝ 650.000 ձայն է անհրաժեշտ, որպեսզի հանրաքվեն կայացած համարվի: Եվ վերստին շեշտում եմ, որ եթե անգամ տեղի ունենա համընդհանուր մոբիլիզացիա, այդ «Այո»-ն էլի չի լուծելու մեր բարձրացրած խնդիրները, այսինքն՝ դատական համակարգի անկախությունը և անկախ Սահմանադրական դատարան ունենալու խնդիրը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Թամարա Հակոբյան