Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի վարչապետին՝ երկրի ազգային տոնի առթիվ
Քաղաքականություն
26.01.2020 | 12:39Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Նարենդրա Մոդիին՝ Հնդկաստանի ազգային տոնի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Հնդկաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Հանրապետության օրվա 70-ամյա հոբելյանի առթիվ։
Այսօր մենք ականատես ենք Հնդկաստանի հասարակության նշանակալի առաջընթացին և նվաճումներին։ Վստահ եմ, որ Հնդկաստանը կշարունակի դինամիկ և կայուն զարգացման իր այս ուղին՝ օրինակ ծառայելով այլ երկրների համար:
Հայաստանը մեծապես կարևորում է Հնդկաստանի հետ ավանդական ջերմ հարաբերությունները՝ խարսխված մեր ժողովուրդների դարավոր պատմական կապերի, բարի կամքի և փոխվստահության ամուր հիմքերի վրա: Համոզված եմ, որ Հայաստանի և Հնդկաստանի փոխգործակցությունը կշարունակի զարգանալ և խորանալ՝ ի շահ մեր ժողովուրդների։
Ջերմ տպավորություններով եմ հիշում մեր հանդիպումը Նյու Յորքում։ Պատրաստ եմ Ձեզ հետ միասին կյանքի կոչելու մեր երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները:
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և նորանոր հաջողություններ, իսկ Հնդկաստանի բարեկամ ժողովրդին՝ խաղաղություն և բարօրություն»։