Ֆեյքնյուզը չի խնայել նույնիսկ Նիկոլ Փաշինյանին ու Սերժ Սարգսյանին․ ինչպե՞ս պայքարել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
17.11.2024 | 12:54
ՄԻՊ աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է ուսանողների
17.11.2024 | 12:09
Միսս Տիեզերք 2024-ի հաղթող է դարձել Դանիայի ներկայացուցիչը
Բոլորը

Համացանցի ազատությամբ աշխարհում 8-րդ տեղը զբաղեցնող Հայաստանում նույնքան ազատ ու անարգել են տարածվում նաև կեղծ լուրերը, իսկ դրանց հեղինակները գործում են անպատիժ։ Վերջին թարմ հրապարակումը իրանցի գեներալի սպանության առիթով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքի կեղծ լուրն էր։ Հեղինակը կալանավորված է։

«Ահավոր դավադրություն Փաշինյանի ընտանիքում․ Աննայի ու Մարիամի գաղտնի կապը Արմեն Սարգսյանի հետ» գլխագրով հրապարակում է արել 7lur.am ֆեյսբուքյան էջը։ Ակնհայտ կեղծ տեղեկատվությամբ հագեցած տեսանյութում նկարագրվում է, թե Աննա Հակոբյանը միտումնավոր վարկաբեկում է վարչապետին՝ իշխանությունը վերցնելու նպատակով։ Մեջբերենք մի հատված՝ կեղծ տեղեկություններ պարունակող ռեպորտաժից․

«Ըստ գաղտնի զեկույցի՝ Նիկոլ Փաշինյանը տանը հաճախ է կատաղում և արգելում Աննային ու Մարիամին խառնվել պետական գործերին, երևալ հանրային վայրերում, սակայն Աննան շանտաժի է ենթարկել Նիկոլին՝ սպառնալով հակառակ դեպքում ասուլիս հրավիրել և հանրությանը պատմել, թե ովքեր Փաշինյանին բերեցին իշխանության։ Աննան գաղտնի կապերի մեջ է Արմեն Սարգսյանի հետ և պլանավորում են այնքան իջեցնել Նիկոլի վարկանիշը, որ Նիկոլը հրաժարական տա»։

Կեղծ լուրերի մեծ զանգված հենց վարչապետին է բաժին հասնում։ Ամիսներ առաջ համացանցում տարածվեց Նիկոլ Փաշինյանի կեղծ նամակը ՆԱՏՕ-ի ղեկավարին, որտեղ, իբր, վարչապետը պատրաստակամություն էր հայտնում սերտ կապեր հաստատել ՆԱՏՕ-ի հետ՝  ընդգծելով, որ դրա համար խոչընդոտ է հանդիսանում արցախյան հակամարտությունը, և ինքը խոստանում է զորքերը հանել Արցախից։

Ֆեյսբուքյան մեկ այլ կեղծ օգտատեր լուր էր տարածել, թե Աննա Հակոբյանը և Մեհրիբան Ալիևան հանդիպել են ինքնաթիռում։ Լրատվամիջոցներից որոշներն անմիջապես վերահրապարակել էին այն։ Աննա Հակոբյանի գրասենյակի մամուլի խոսնակ Հասմիկ Հարությունյանը հերքեց տեղեկությունը։

Համացանցում ակնթարթորեն տարածվեց ու աղմուկ հանեց մեկ այլ կեղծ լուր, թե Փաշինյանը բանակից ազատվել է հոգեկան խնդիրների պատճառով։ Լուրը տարածողները, որպես ապացույց, շրջանառում էին, իբր, Փաշինյանի հոգեկան վիճակի մասին մի փաստաթուղթ, որն իբրև թե 2001 թվականին Կրասնոդարի քաղաքային հոգեբուժարանն ուղարկել է նույն քաղաքի դատախազությանը։ Կառավարությունից հայտարարեցին, որ փաստաթուղթը կեղծ է և առնչություն չունի Նիկոլ Փաշինյանի հետ, իսկ լուսանկարը վերցվել էր հենց Փաշինյանի ֆեյսբուքյան էջից։

Կեղծ լուրի զոհ է դարձել նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը․ համացանցում տարածված է նրա՝ կոմերիտական կեղծ տոմսը, որը նաև լրատվամիջոցներն էին հրապարակել իբրև ճշգրիտ փաստաթուղթ։

Ինչպե՞ս պայքարել կեղծ լուրերի դեմ։ Մեդիափորձագետ Գեղամ Վարդանյանի կարծիքով՝ լրատվամիջոցներով տարածվող կեղծ լուրի դեմ առաջին ընդվզողը պիտի լինի ընթերցողը և իր վարքագծով ստիպի լրատվամիջոցին հրաժարվել կեղծիքի տարածումից․ «Մարդը, որը կարդում է սուտ լուրը, հավատում է դրան, իր միտքն ու գործողությունները փոխվում են, երբ իմանա՝ իրեն խաբել է կայքը, լրատվամիջոցը, գործողություն ես ակնկալում եմ մարդուց՝ ինքը պետք է ամոթանք տա լրատվամիջոցին, ասի՝ ինչո՞ւ ես ինձ խաբում, մտնի էդ լրատվամիջոցի էջը ռիփորթ անի, ու թող չընդունեն այդ ռիփորթը որպես ճնշում»։

Հատկապես քաղաքական ուժերին սպասարկող որոշ լրատվամիջոցների ձեռնտու է կեղծ լուրի տարածումը, քանի որ դա քար է գցում հակառակորդի ճամբար։ Ինչպե՞ս անել, որ թեկուզ քաղաքականապես շահագրգիռ ԶԼՄ-ին ձեռնտու չլինի կեղծ լուրի տարածումը։ «Մեդիամաքսի» գլխավոր խմբագիր Դավիթ Ալավերդյանը կարիք է տեսնում օրենքի ընդունման, հատկապես, երբ կեղծ լուրի ազդեցությունը անձի վրա կարող է աղետալի չափի հասնել․«Ֆեյքնյուզը ոչ միայն տրամադրությունների վրա ազդող լրատվություն է, այլ այն ազդում է նաև քաղաքացիների ընտրության վրա։ Դա կարող է նաև սահմանադրական խախտումներ արձանագրել, որովհետև ֆեյքնյուզի ազդեցությամբ մարդիկ կարող են գնալ և քվեարկել ոչ նրան, ում չէին ընտրի, եթե ինֆորմացիան հավաստի լիներ»։

«Մեդիամաքսի» խմբագիրն ուսումնասիրել է առաջավոր եվրոպական երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի փորձը, որը, ըստ նրա, ընդունելի է․ «Բրիտանիայում ինքնակարգավորող մարմին է ստեղծվել, որը ժամերի կամ օրերի ընթացքում կարող է որոշում կայացնել այս կամ այն լուրը չեղյալ հայտարարելու կամ ինտերնետից ջնջելու վերաբերյալ։ Կան պետական մարմիններ, որոնք հետևում են դրա ընթացքին։ Ֆրանսիայում ընդունել են մեդիամանիպուլյացիաների դեմ պայքարի հատուկ օրենք։ Օրենքը թույլ է տալիս ցանկացած դատավորի 48 ժամում քաղաքացուց հայտ ստանալու դեպքում պարտավոր է որոշում կայացնել այս կամ այն լուրը ցանցից հեռացնելու վերաբերյալ»։

«Լուրը կեղծ է, թե ոչ՝ ֆրանսիացի դատավորին օգնում են հասկանալ լրագրողական կազմակերպությունները՝ պրոֆեսիոնալ կերպով գնահատելով լուրի հավաստիությունը։ Կեղծ լուրերի հոսքում հայտնված Հայաստանում պիտի չմտածեն նոր հեծանիվ հորինելու մասին, այլ օրենսդրական մակարդակում տեղայնացնեն միջազգային փորձը՝ գործընթացում նաև լրատվամիջոցներին ու փորձագետներին ներգրավելով»,- կարծում է Դավիթ Ալավերդյանը:

«Մենք դրան կգանք, կարծում եմ, 1-2 տարվա ընթացքում, բայց պետք է ուշադրություն դարձնել մեկ շատ կարևոր հանգամանքի՝ դա բավականին բարակ գիծ է, որից ո՛չ ձախ, ո՛չ աջ ընկնել չի կարելի, որովհետև այնտեղ անդունդ է։ Այնտեղ սա ժողովրդավարական անդունդ է, մեկ դեպքում կմխրճվենք գրաքննության դաշտ, երկրորդ դեպքում՝ այդ կեղծիքը կդառնա մեր հասարակության համար սովորական երևույթ։ Բարակ գծով պետք է անցնենք բոլորս միասին և օրենքի ընդունմանը մասնակցի ամբողջ լրատվական դաշտը»,- նկատում է Ալավերդյանը:

Իսկ Գեղամ Վարդանյանը կարծում է՝ նոր օրենք ընդունելիս նախ պետք է ճշգրիտ սահմանել, թե ինչ է կեղծ լուրը։ Ասում է՝ չի կարելի ամեն կիսաճշմարտություն կամ մանիպուլյացիա մտցնել կեղծ լուրի սահմանման տակ։ Ըստ մեդիափորձագետի՝ առկա օրենսդրությունն ունակ է պատժել կեղծ լուրի հեղինակներին․ նկատի ունի ինչպես վիրավորանքի ու զրպարտության համար ֆինանսական պատիժները, այնպես էլ քրեական պատիժներ՝ ծանր դեպքերում․ «Ունեցած օրենսդրությունը կիրառելու դեպքում հնարավոր է ստեղծել նախադեպեր, որոնք կօգնեն մարդկանց ավելի հեշտ կողմնորոշվել։ Ես դեմ եմ կոշտ օրենսդրական փոփոխություններին, եթե որևէ օրենսդրություն պետք է արվի, դա ոչ թե 1000, այլ՝ 16 000 անգամ չափել, նոր կտրել»։

Գեղամ Վարդանյանը կասկածներ ունի, որ կեղծ լուրերի դեմ կոշտ օրենքներ ընդունած երկրներում խնդիրը լուծվել է, ասենք՝ տուգանելով լրատվամիջոցներին կամ սոցցանցերին․ «Առնվազն ինձ հայտնի չէ դեպք, երկիր, որն օրենսդրական փոփոխություններով կարողացել է հաջողությամբ լուծել սուտ տեղեկություններ տարածելու խնդիրը։ Սուտ լուր տարածելը ինչպես ուղեկցել է մարդկության ողջ պատմության ընթացքում, այնպես էլ հիմա կա, և ես չեմ կարծում կգա ժամանակ, որ սուտ լուրեր չեն տարածվի»։

Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն օրինագիծ է պատրաստել ընդդեմ ֆեյքնյուզի։ Առաջարկում է քրեական պատասխանատվություն սահմանել սուտ տեղեկություններ տարածելու, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով մեկ ուրիշ անձի նյութապես շահագրգռելու, սուտ տեղեկություններ տարածելու նպատակով գույքային օգուտ ստանալու արարքների համար:

Ռոբերտ Անանյան