Ռուսական ռազմաբազայի հզորացումը՝ Հայաստանի դեմ մահակի ուժգնացում, թե՞ անվտանգության հովանի. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.09.2026 | 10:55
Լոռու, Արմավիրի և Կոտայքի 4 համայնքներում ՏԻՄ ընտրություններ են․ ժամը 08։00-ին բացվել են բոլոր 14 տեղամասերը․ ԿԸՀ
27.09.2026 | 10:34
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 27-ի դրությամբ
27.09.2026 | 10:00
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
27.09.2026 | 09:01
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականների մրցակիցները վերջին տուրում
27.09.2026 | 08:00
ՏԻՄ ընտրությունները մեկնարկեցին հանրապետության չորս համայնքներում
26.09.2026 | 20:38
Քաղաքացին ընկել է ջրհորը. նա հոսպիտալացվել է
26.09.2026 | 19:57
Միրզոյանը Ֆիլիպինների իր պաշտոնակցի հետ քննարկել է երկու երկրի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները
26.09.2026 | 19:28
Միջազգային ճգնաժամային խմբի հետ քննարկվել է տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակումը
26.09.2026 | 19:02
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը պարտվեց առաջատարին
26.09.2026 | 18:59
ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում
26.09.2026 | 18:48
ՄԱԿ-ում ներկայացվել են Հայաստանի նախաձեռնությունները՝ հանուն խաղաղության և մշակութային ժառանգության պաշտպանության
26.09.2026 | 18:42
Շախմատի կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետ
26.09.2026 | 17:59
Միրզոյանը ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հետ քննարկել է Ղարաբաղից տեղահանվածների երկարաժամկետ ինտեգրումը
26.09.2026 | 17:39
Քննարկվել են Հայաստանի և Կիպրոսի միջև երկկողմ գործընկերության խորացման հարցեր
26.09.2026 | 17:18
Ավելի քան 50 երկրի ներկայացուցիչներ քննարկել են առևտրի և ներդրումների զարգացման հնարավորությունները
Բոլորը

Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի։ Հայաստան այցելած ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին Գյումրիի 102-րդ ռազմաբազայի հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկը զեկուցել է, որ արդիական նոր սպառազինությամբ և նոր տեխնիկայով վերազինվելուց հետո ռազմակայանի ռազմական ներուժը գրեթե կկրկնապատկվի: Շոյգուի հայաստանյան այցի առաջին կանգառը Գյումրիում էր՝ այց ռազմաբազա։ Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Շոյգուն ասել է, թե Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազան մարտունակ է և պատրաստ է Հայաստանի Զինված ուժերի հետ համատեղ դիմակայել ծագող մարտահրավերներին ու սպառնալիքներին:

Հիշեցնենք, որ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարով, սակայն 2010 թվականին երկարաձգվեց 49 տարով: Անձնակազմը բաղկացած է մոտ 5.000 զինծառայողից։ Հայաստան պետական այցը 2013 թվականին Վլադիմիր Պուտինը սկսել էր հենց ռուսական ռազմաբազայից, տարածքում շրջել Հայաստանի նախագահի հետ։

Ռուսական ռազմաբազայի ծախսերի կեսը Հայաստանի աղքատիկ բյուջեն է հոգում, իսկ Գյումրի քաղաքից անհատույց 50 հեկտար տարածք է տրված ռուսներին՝ 46 տարի ժամկետով։ Այս տարիներին Հայաստանը փորձել է օգուտներ քաղել ռազմաբազայի ներկայությունից, մասնավորապես՝ 2017 թվականին Մոսկվա պաշտոնական այցի ժամանակ Սերժ Սարգսյանն առաջարկել էր ռուսական կողմին Գյումրիում համատեղ պաշտպանական արդյունաբերական համալիր ստեղծել, սակայն այդ առաջարկը ռուսները թողեցին օդում։

Գնահատելով ռազմաբազայի կարողությունների կրկնապատկումը՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց, թե Հայաստանի շահերից է բխում ռուսական ռազմաբազայի հզորացումը. «Հայաստանն այս ռազմաբազան համարում է իր անվտանգության ապահովման բաղադրիչներից մեկը, բոլոր մեր փաստաթղթերում, հայտարարություններում կա ռազմաբազան Հայաստանի անվտանգության ճարտարապետության մեջ։ Որքանով դա հզոր է, որքանով դրա տեխնիկան նոր է, հագեցված է, դա բխում է ՀՀ-ի շահերից և անվտանգության շահերից»:

Մինչդեռ քաղաքագետ Արա Պապյանը կարծում է, որ օտարերկրյա որևէ ռազմական միավոր չպետք է լինի Հայաստանում, ընդգծելով՝ ռուսական ռազմաբազան Հայաստանը դարձնում է խոցելի:

«Ցանկացած ռազմաբազայի գոյություն ոչ միայն պաշտպանության որոշակի երաշխիք է, այլ ինքնին հանդիսանում է թիրախ և դրանով կարող է, մեզանից ակամա, ներքաշվենք ռազմական բախումի մեջ, հատկապես, եթե հաշվի առնենք Շոյգուի այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է Ռուսաստանի հետ միասին պատասխանել կամ որևէ ռազմական… հետաքրքիր է, որ Շոյգուն է Հայաստանի անունից խոսում, ոչ թե Հայաստանի նախարարը։ Մյուս խնդիրն այն է, որ ռազմաբազայի ծախսերի մի զգալի մասը հայաստանյան հարկատուներս ենք հոգում։ Հիմա եթե ռազմական տեխնիկան շատանում է, բնական է՝ նրանց սպասարկողների, գործածողների թիվն էլ պիտի ավելանա։ Հիմա ի՞նչ հիմունքներով է դա տեղի ունենում, արդյո՞ք բեռը մեզ վրա շատանում է, թե՞ դա ռուսական կողմն է, հետևաբար՝ մանրամասները շատ կարևոր են»,- ասաց Արա Պապյանը:

Մանրամասներ, սակայն, Հայաստանի իշխանությունը չի շտապում հայտնել։ Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք ռազմաբազայի կարողությունների կրկնապատկումը նշանակում է ռուս զինծառայողների թվաքանակի մեծացում։ Հովհաննիսյանն ասաց՝ իրավասու չէ պատասխանել, բայց և նշեց՝ ռազմական ներուժի կրկնապատկումը պարտադիր չէ, որ բերի մարդուժի թվաքանակի մեծացման. «Ես գիտեմ, որ մարտական պատրաստության միջոցառումները շատացվում են՝ համատեղ զորավարժություններ և այլն։ Ժամանակակից տեխնիկաներ կան, որ շատ ավելի քիչ մարդկանցով ես սպասարկում»:

Հայաստանում ռուսական ներկայության ամրապնդմանը դրական է վերաբերվում «Կովկաս» ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։ Քաղաքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի ռազմական ուժերի մեծացման ֆոնին ռուսական ռազմաբազայի կարողությունների կրկնապատկումը հավասարակշռող գործոն է։ Իսկ Սիրիա թուրքական ներխուժումը, ըստ քաղաքագետի, ցույց տվեց, որ հարևան պետությունը ցանկացած պահի կարող է գնալ ռազմական գործողության։

«Տարածաշրջանում իրավիճակը սրվում է, ղարաբաղյան ուղղությամբ տեսնում ենք, որ էլի խնդիրներ ունենք, որովհետև Թուրքիան և Ադրբեջանը զորավարժություններ ավելի ու ավելի հաճախ են անցկացնում՝ ամիսը մեկ։ Սա արդեն մտահոգիչ է դառնում։ Ռազմաբազայի նպատակը հենց Թուրքիայի զսպումն է հայկական ուղղությամբ, իհարկե, այստեղ կարևոր է, որ եթե որևէ անսպասելի զարգացում լինի ռազմական գործողությունների, ապա այդ բազան պետք է ունակ լինի արձագանքելու»,- ասաց քաղաքագետը։

Միքայելյանի տեղեկություններով՝ ռուսական ռազմաբազայի հնացած, փոխարինված ռազմական տեխնիկան կանցնի Հայաստանի տնօրինման ներքո։ Ռազմաբազայի մեծացումը, ըստ նրա, քաղաքական այն գործոնի ստեղծումն է, որը թույլ չի տա, որպեսզի Ռուսաստանը միանգամից հեռանա Հայաստանից, իսկ Երևանը դրանում պետք է շահագրգիռ լինի. «Ինչպես արդարացիորեն մի քանի օր առաջ իր հարցազրույցում հայտարարեց ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը՝ մենք չունենք հնարավորություն, որ անվտանգության ոլորտում վակուում առաջանա ոչ միայն թեկուզ 10-15 րոպեով, այլև՝ 15 տարով։ Սա կարևոր է, որ եթե նույնիսկ գործողություն լինի փոփոխության, այն պետք է լինի երկարատև, որպեսզի Հայաստանը կարողանա վտանգները չեզոքացնել, իսկ վտանգները Սիրիայի օրինակով բազմաթիվ են»։

Մինչդեռ, Արա Պապյանի գնահատմամբ, թեև ռուսական ռազմաբազան ներկայացվում է իբրև Հայաստանի անվտանգության երաշխավոր, իրականում հայկական կողմը մտահոգվելու տեղ ունի: Մեզ համար պարզ չէ ռուսական ռազմաբազայի դերը՝ ի՞նչ երաշխիք կա, որ այն կգործադրվի ի շահ Հայաստանի. «Ռուսաստանը «Հմեյմիմ» ռազմակայան ունի Սիրիայում, բայց համաձայնվեց թուրքերի հետ, և թուրքերը մտան, գրավեցին Սիրիայի մի մասը։ Հիմա մենք ի՞նչ գիտենք, թե Ռուսաստանն ի՞նչ համաձայնությունների կգա: Սա՝ մեկ։ Մյուսն այն է, որ մենք չգիտենք այդ ռազմաբազայի դերը ներքին միջամտությունների պարագայում։ Ի վերջո, Հայաստանում գտնվող օտարերկրյա զինված ուժեր են, նրանք կարող են ամեն ինչ իրականացնել, հատկապես հաշվի առնելով ռուս-թուրքական և ռուս-ադրբեջանական սերտացող և ընդլայնվող հարաբերությունները»։

Արա Պապյանն անհրաժեշտ է համարում, որ Հայաստանի իշխանությունները հանդես գան պարզաբանումներով հանրության առաջ, ինչպես և վերաբանակցեն Հայաստանում ռուսական ռազմաբազայի գտնվելու պայմանների հարցում։ Առաջնահերթ կարգով Հայաստանն իր ուսերից պիտի թոթափի ռազմաբազայի ծախսերը, երկրորդ՝ տարածքի տրամադրման դիմաց տարեկան վարձակալություն սահմանի։

Ի դեպ՝ Կառավարությանն առընթեր «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ, քաղաքագետ Նարեկ Մինասյանը կարծում է, որ Թուրքիայի պես ռազմատենչ հարևանի առկայությունն անհրաժեշտ է դարձնում ռուսական ներուժի զորեղացումը:

«Թուրքիայի կողմից ահագնացող սպառնալիքները հաշվի առնելով, բնականաբար, կարիք կա, որպեսզի հայ-թուրքական սահմանի անվտանգության ապահովման ուղղությամբ ևս որոշ քայլեր ձեռնարկվեն։ Կարծում եմ՝ միայն Գյումրիի ռազմաբազայով չպետք է սահմանափակվել, այլ նաև սահմանային միջոցների կատարելագործման և զարգացման ուղղությամբ շարժվել»,- նշում է Նարեկ Մինասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան