Բազմաթիվ սխալներ, բայց ոչ մի հրաժարական
Հասարակություն
26.09.2017 | 14:00Օգոստոսի 21-ին Ծաղկաձորում լրագրողների հետ ճեպազրույցում Խոսրովի արգելոցում հրդեհի արդյունքում պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու մասին հարցին ի պատասխան վարչապետ Կարեն Կարապետյանը նեղսրտեց. «Աղետ լինելուց հետո անմիջապես պետք է նախարար հանել, հա՞, դեռ աղետի վերլուծությունը մենք չենք արել, մեր թույլ ու ուժեղ կողմերը չենք վերլուծել, մեր անձնակազմերը, մեր կառավարիչները ինչպե՞ս են արձագանքել, ո՞նց են արել, պատրա՞ստ են եղել, թե՝ չէ»:
Հայաստանում ոչ միայն այս դեպքում, այլև սովորաբար աղաղակող բացթողումների համար պաշտոնյայի գործից չեն հանում: Բերենք օրինակներ, երբ ոչ միայն դեպքից անմիջապես հետո, այլև անգամ բազմաթիվ փորձաքննություններից և դրանց եզրակացությունների հրապարակումից հետո նախարար պաշտոնաթող չեն արել, չնայած որ կար հիմնավոր պատճառ:
17.08.2015թ. ՌԴ Արմավիր քաղաքի մոտակայքում վթարի ենթարկվեց Երևան – Անապա երթուղու միկրոավտոբուսը, որի 20 ուղևորից 2-ը զոհվել էին, 13-ը՝ տեղափոխվել հիվանդանոց:
03.11.2015թ. ՌԴ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկիյ շրջանի Իլինկա գյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ ավտոբուսը դուրս եկավ երթևեկելի մասից և շրջվեց: Կար 8 զոհ, 42 տուժած: Հիմնական վարկածն այն էր, որ վարորդը քնել էր ղեկին:
14.10.2016թ. ՌԴ-ում Վլադիկավկազ քաղաքի մոտ Մոսկվա-Երևան երթուղու ավտոբուսը բախվեց բեռնատարին: Ավտոբուսի 52 ուղևորից 5-ը մահացան, այդ թվում՝ վարորդը, 20-ից ավելի մարդ տեղափոխվեց հիվանդանոց:
18.06.2017թ. ՌԴ Տուլայի շրջանում վթարվեց Մոսկվա-Երևան միկրոավտոբուսը: Մահացավ 1, հիվանդանոց տեղափոխվեց 9 քաղաքացի: օրերս էլ` սեպտեմբերի 7-ին Վրաստանի Նաթախտարի շրջանում բախվեցին Mercedes ավտոմեքենան և Setra ավտոբուսը: Արդյունքում` 2 հոգի զոհվեց, 13-ը` վիրավորվեցին: Ավտոբուսն ուղևորներ էր փոխադրում Ռուսաստանի Դաշնություն։ Ուշագրավ է, որ օգոստոսի 18-ին այս ավտոբուսը ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնելու համար տուգանվել էր 450 հազար դրամով, բայց շարունակում էր ուղևորափոխադրում իրականացնել: Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կատարվածի մեղքը գցեց ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների վրա: Եղել են բազմաթիվ այլ պատահարներ ևս:
Այս բոլորի արդյունքում տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, թե ավտոբուսները ոչ կանոնավոր ուղերթ էին իրականացնում: Տուլայի՝ 2015թ. դեպքից հետո անդրադառնալով գործող օրենքին՝ տրանսպորտի և կապի այդ ժամանակվա նախարար Գագիկ Բեգլարյանը նշեց, որ մարդկանց կյանքի անվտանգությանն ու ապահովությանը վերաբերող օրենքները պետք է խստացնել: Հայտարարվեց, թե Կառավարությունը քայլեր է անում ուղևորափոխադրումների գործընթացի կանոնակարգման ուղղությամբ. խստացումներ և վերահսկողական մեխանիզմներ են նախատեսվում: Անմիջապես վերջնական տեսքի բերվեց և խորհրդարան ուղարկվեց Ավտոմոբիլային տրանսպորտի մասին օրենքը և խոստացածի պես ստացավ կառավարության հավանությանը, 2016թ. փետրվարից այն խորհրդարանի օրակարգում է, սակայն մինչ օրս այդպես էլ չի քննարկվել:
Հենց նման բացթողումների համար առնվազն 5 անգամ պետք է պաշտոնանկ արվեր տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարը, սակայն այդպես չեղավ: Բազմաթիվ այլ դեպքեր կարելի է հիշել, որոնց արդյունքում հասունացել էր ոլորտը համակարգողի պաշտոնանկության պահանջը:
2014թ. հունվարի 16-ին «ՀայՌուսգազարդի»՝ Հայաստանի ունեցած 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ» ընկերությանը վաճառվեց: Պատճառն այն էր, որ Հայաստանը 2011-13 թվականներին թանկ գազ էր գնել Ռուսաստանից՝ չիմանալով այդ մասին: Կուտակվել էր 300 մլն դոլարի պարտք: Էներգետիկայի նախարարը, սակայն, պաշտոնանկ չարվեց: Նախարարը հրաժեշտ չտվեց պաշտոնին նաև 2016-ին, երբ պարզվեց, որ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲ ընկերությունում գնումների կազմակերպման գործընթացում աղաղակող ՝ 783 միլիոն 586 հազար դրամի չարաշահումներ են բացահայտվել:
2015 թվականին Հայաստանի գյուղատնտեսությունն ունեցավ 13 տոկոս աճ, նախարարը հպարտ էր, որ երկրի տնտեսական աճը կրել է իր ուսերին: Գյուղացու ու բնության բերած ամբողջ բարիքները համարվեցին նախարար, «Արտֆուդ» պահածոների գործարանի սեփականատեր Սերգո Կարապետյանի լավ աշխատանքի արդյունք: 2016-ին գյուղատնտեսությունն անկում ապրեց 5.2 տոկոսով, սակայն Սերգո Կարապետյանը պաշտոնանկ չարվեց:
Նշենք, որ բազմիցս Արարատի մարզի գյուղացիները փակում էին մարզային մայրուղին, բողոքի ցույցեր անում կառավարության դիմաց՝ մթերած ապրանքի դիմաց գումար չստանալու, ապրանքի գինը արհեստականորեն իջեցնելու, չմթերելու և այլ պատճառներով: Մարդիկ տոննաներով վարունգ էին թողնում դաշտերում մինչ նախարարը խոստանում էր, որ ոչ մի գրամ բերք դաշտում չի մնա:
Այսօր ևս նույն վիճակն է, իսկ գյուղնախարարը մեղադրում է գյուղացուն: Մեղավոր են, որ չգիտեն մշակել: 2016թ. հուլիսի 17-ի գիշերը «Սասնա ծռեր» զինյալների խումբը կոտրելով ՊՊԾ գնդի դարպասները, մուտք գործեց գնդի տարածք, ինչով սկսվեցին Երևանի կյանքի դաժան 15 օրերը: ԱԱԾ-ն շտապեց նրանց անվանել ահաբեկիչներ: Բայց ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը հրաժարական չտվեց` զինված այդ հարձակումը կանխել չկարողանալու համար: ԱԱԾ-ն, որ աչքեր ու ականջներ ունի բառացիորեն ամենուր, քնել էր ուղտի ականջում: Կատարվածից հետո պաշտոնից ազատվեց ԱԱԾ տնօրենի առաջին տեղակալ Հրանտ Եպիսկոպոսյանը: Սակայն նրա ազատումը որևէ կերպ չհիմնավորվեց և չկապվեց ՊՊԾ գնդի գրավման հետ, ուստի մեզ էր մնում ենթադրել պատճառը:
Հայաստանի համար բավականին մեծ ցնցում էր 2016 թվականի ապրիլը. քառօրյա պատերազմը տակնուվրա արեց ամբողջ երկիրը: Ամենուրեք հնչեց հարցերի հարցը, ինչո՞ւ բանակը չունի ժամանակակից զենք, վառելիք, ինչո՞ւ պատերազմի հենց երրորդ օն արդեն կարիք ունենք համազգային հանգանակության, ո՞վ է պատասխան տալու թալանի համար: Եղան մի քանի պաշտոնանկություններ, ձերբակալումներ՝ վարչության պետերի մակարդակով, որոնք, ի վերջո, ավարտվեցին ձերբակալվածների ազատարձակումներով: Իսկ պաշտպանության նախարարն այդպես էլ չզգաց պատասխանատվության բեռը: Նա ոչ թե ազատվեց պաշտոնից, այլ ամիսներ անց չվերանշանակվեց նոր կառավարության կազմում` իր ունեցած քաղաքական հավակնությունների պատճառով:
Ինչպես տեսնում ենք, Հայաստանում, ցավոք, բացակայում են կամ գրեթե բարձրաաստիճան պաշտոնյաներին թերի աշխատանքի, դրսևորած պաշտոնական անգործության և անփութության համար պատասխանատվության ենթարկելու նախադեպերը:
Սևակ Հակոբյան