Կկրճատվեն կառույցներ, որտեղ աշխատում էին նախարարների զավակները և 3-6 մլն դրամ ստանում. Վահագն Հովակիմյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Տնտեսություն
04.03.2019 | 19:06Factor.am-ի հարցազրույցը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հետ
– Պարո՛ն Հովակիմյան, վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Բելգիայում։ Հայտնել է, որ հանդիպելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի, Եվրահանձնաժողովի նախագահ Ժան–Կլոդ Յունկերի, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, բայց հայտնի չէ՝ ի՞նչ հարցեր են քննարկելու։ Սակայն անցած շաբաթ ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին ասաց, որ քննարկելու են Հայաստանի խորհրդարանական ընտրություններից հետո տարբեր ակնկալիքներին և կարիքներին վերաբերող հարցեր: Ի՞նչ ակնկալիքների մասին է խոսքը:
– Ակնկալիքների թեման վարչապետն ինքը մի քանի անգամ հնչեցրել է։ Ինչպես գիտենք՝ մինչև հեղափոխությունը կային ծրագրեր։ Մի անգամ նա հայտարարել էր, թե ԵՄ գործընկերները ողջունում են ժողովրդավարությունը, բայց իրենց ծրագրերում փոփոխություններ չեն եղել:
– Նկատի ունեք Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությո՞ւնը, թե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին եթե թափ տաք, գրպանից 10 մլն եվրո կընկնի։
– Այդ պատմությունը շատ բնորոշում է ակնկալիքը։ ՀՀ-ում շրջադարձային փոփոխություն է տեղի ունեցել, բայց ԵՄ գործընկերները շարունակում են իրենց համագործակցության նույն ձևերը, ինչը կար մինչ հեղափոխությունը։ Եթե նրանք ասում են, որ պիտի աջակցեն, դա պիտի գործնականում անեն, չպետք է միայն հայտարարություն լինի։ Թեև դա էլ է տարբերակ, կարող են ասել, որ մեր աջակցությունն այս հայտարարությունն է:
– ԵՄ պաշտոնյաները նաև հայտարարում են, որ ՀՀ-ն պետք է կոնկրետ ծրագրեր ներկայացնի, որոնց համար էլ ֆինանսական աջակցություն ակնկալի: Հայաստանը ներկայացրե՞լ է ծրագրեր:
– Կարծում եմ՝ այս այցելության հիմնական մեխը դա է լինելու, հնարավոր համագործակցության ավելի կոնկրետ և հստակ զրույց է լինելու։ Օրինակ՝ մեր տնտեսության համար, արտադրողների համար եվրոպական շուկայի մուտքի հեշտացումը։ Արտադրողներից անընդհատ եկող ահազանգն այն է, որ թղթի վրա գրվածը միշտ չէ, որ հեշտ է իրագործվում: Պետության հիմնական աջակցությունն էլ դա է. օգնել, որ քչանա թղթաբանությունը, և արտադրողները կարողանան ավելի հեշտ արտահանել: Այդ բոլոր հարցերը քննարկվելու են այս այցի ժամանակ:
– Անցած շաբաթ Իրան կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն այդ երկրից գազի ներկրման ծավալներն ավելացնելու, դեպի Վրաստան գազ փոխադրելու մասին հայտարարություն արեց և հավելեց, որ մնում է բանակցություններ վարել գնի շուրջ։ Կարծում եք՝ հնարավո՞ր է ներքին սպառման համար ավելի էժան գազ ներկրել Իրանից, քան Ռուսաստանն է առաջարկում:
– Ապրիլին Թեհրանում նախատեսվում է քառակողմ՝Հայաստան-Իրան-Վրաստան-Իրան հանդիպում, որի ժամանակ կհստակեցվեն գնին ու տարանցմանը վերաբերող հարցերը։ Բայց, կարծում եմ, Իրանը կկարողանա ռուսական գազի ներկա գնից ցածր գին առաջարկել, հակառակ պարագայում՝ երկու կողմից ծրագրի մասին չէին բարձրաձայնի:
– Այդ տարանցման համար ՌԴ-ի համաձայնությունը շա՞տ կարևոր է։ Չէ՞ որ կարծիք կա, թե ՀՀ տարածքով իրանական գազի տարանցմանը հենց ՌԴ-ն է խոչընդոտում։
– Գազատարը պատկանում է «Գազպրոմ Արմենիա» ընկերությանը, և այդ փոխադրման համար ավելի բարդ, բայց արդյունավետ համակարգ պիտի գործի՝ ՌԴ-ն տա Վրաստանին, այստեղ օգտագործի Իրանից եկած գազը: Ես համոզված եմ, որ այդ ծրագիրը հաջողություն կունենա, հակառակ պարագայում՝ պաշտոնական հայտարարություն չէր լինի:
– Իսկ դեպի Եվրոպա տարանցման հնարավորություն քննարկվո՞ւմ է:
– Գազատարի թողունակությունն այդ հնարավորությունը չի տա, դա այլ ծրագիր պետք է լինի, նոր գազատար պետք է քննարկվի։ Գործող Կառավարությունը քանի դեռ առաջին քայլը չի արել, մյուսի մասին չի խոսի:
– Կարծիք կա, որ Կառավարությունը կարող է հրաժարվել օպտիմալացման ծրագրից, քանի որ ցանկանում է խուսափել ցավոտ կրճատումներից…
– Նախարարությունների միավորման արդյունքում ենթադրվող կրճատումները, ըստ էության, տարածվելու են ղեկավար կազմի վրա՝ նախարարներ, փոխնախարարներ, աշխատակազմի ղեկավարներ, խորհրդականներ, օգնականներ։ Խոսքը մոտ 200 աշխատողի մասին է։ Իսկ այս փուլում ծառայողների կրճատում չի նախատեսվում: Նախկին իշխանությունները Կառավարությանը կից ՊՈԱԿ-ներ, հիմնադրամների տարբերակով բազմաթիվ կառույցներ են ստեղծել, որտեղ հիմնականում իրենց զավակներն էին: Կառույցներ էին, որտեղ կարող էին 3 մլն, 6 մլն դրամ աշխատավարձ ստանալ, կառույցներ էին, որտեղ կարող էին փող լվանալ։ Դրանք են կրճատվելու, բայց մասնագետներն անցնելու են աշխատանքի ոլորտային նախարարություններում:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:
Արմինե Ավետյան