Ինչպե՞ս է ՊԵԿ-ը 2018 թ. դեկտեմբերին աննախադեպ մեծ գումարի հարկ հավաքել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.11.2024 | 14:03
Բաքուն COP29-ի շրջանակներում «Ադրբեջանական  Երևան» միջոցառում է անցկացնելու
22.11.2024 | 13:51
Արդարադատության փոխնախարարի ԺՊ Արմենուհի Հարությունյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից
22.11.2024 | 13:45
Ավինյանի կարգադրությամբ՝ շուրջ 2 միլիոն դրամ կհատկացվի «Ավետիս» ՀԿ-ին
22.11.2024 | 13:34
Ուկրաինայի Գերագույն Ռադան չեղարկել է այսօրվա նիստը հարձակման սպառնալիքի պատճառով
22.11.2024 | 13:23
Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին
22.11.2024 | 13:10
Երանոս գյուղում ոռոգման ջրատար ցանց է կառուցվում
22.11.2024 | 12:57
Կուրսկի շրջանում ուկրաինական հարվածի հետևանքով ԿԺԴՀ բանակի գեներալ է վիրավորվել.WSJ
22.11.2024 | 12:44
Հունաստանում ՀՀ դեսպանը հանդես է եկել «Հայաստանի անվտանգային միջավայրն այսօր» թեմայով դասախոսությամբ
22.11.2024 | 12:32
ԱԺ նախագահի հայտարարությունը պատգամավոր Նարեկ Զեյնալյանի հրաժարականի դիմումի առնչությամբ
22.11.2024 | 12:24
Ադրբեջանի Մեջլիսը «կողմնակալ, ոչ օբյեկտիվ և անարդար» է անվանել Լյուքսեմբուրգի խորհրդարանի բանաձևը
22.11.2024 | 12:19
12 մեդալ՝ հայ ըմբիշներին, Պուտինը՝ ուկրաինական հակամարտության գլոբալ բնույթ ստանալու մասին․ ԼՈՒՐԵՐ
22.11.2024 | 12:12
Լիլիթ Մակունցը և Սթիվեն Նիքսն ընդգծել են Հայաստանի և Միջազգային հանրապետական ինստիտուտի միջև համագործակցությունը խթանելու հանձնառությունը
22.11.2024 | 11:59
Հայաստանում 2025 թ․ փետրվարի 4-ից մինչև ապրիլի 18-ը պահեստազորի վարժական հավաքներ կանցկացվեն
22.11.2024 | 11:46
Երևանի մի շարք փողոցներում կտեղադրվեն ռետինե կանգնակներ
22.11.2024 | 11:35
ՌԴ-ն Հյուսիսային Կորեային 1 մլն բարել նավթ է մատակարարել զենքի ու զինծառայողների դիմաց
Բոլորը

2018 թվականին Հայաստանի 1.000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե վճարել են 926.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Դա 119.4 մլրդ դրամով ավելի է 2017 թ. նույն ցուցանիշից։ Իսկ, ընդհանուր առմամբ, անցած տարի հավաքագրվել են 1 տրլն 257.9 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։ Դա անցած տարվա ճշգրտված պլանից ավելի է ընդամենը 1.4 մլրդ դրամով: Այսինքն՝ Հայաստանի նոր իշխանությունները 2018 թ. բյուջեի եկամտային մասը գերակատարել են ընդամենմ այդքանով։

Հարկերի հավաքագրման եռամսյակային ցուցանիշներին հետևելով, սակայն, կարող ենք ասել, որ հարկահավաքներն այս գումարն ապահովել են մեծ ջանքերի գնով: Անցած տարվա 9 ամիսների կտրվածքով եկամուտների հավաքագրումը թերակատարվել էր՝ 985 մլրդ դրամի փոխարեն գոյացել էր շուրջ 944 մլրդ դրամ: Եվ տարեկան պլանը կատարելու համար վերջին եռամսյակում պետք է հավաքագրվեր շուրջ 320 մլրդ դրամի եկամուտ։ Հոկտեմբեր-նոյեմբերին հավաքագրումների ցուցանիշներն այդ հույսը չէին տալիս, բայց դեկտեմբերին Պետեկամուտների կոմիտեն աննախադեպ մեծությամբ թիվ էր ապահովել՝ 153.8 մլրդ դրամի հարկեր և տուրքեր, այն դեպքում, երբ նոյեմբերին հավաքել էր 102.6 մլրդ դրամ, իսկ հոկտեմբերին՝ 113.7 մլրդ դրամ: Այդպիսով՝ դեկտեմբերի խոշոր հավաքագրումով հնարավոր էր եղել խուսափել տարեկան թերակատարումից։

ՊԵԿ-ը 2018 թ. բյուջեն կատարել է 1.000 խոշոր հարկատուների հաշվին, որոնց վճարած հարկերն ու տուրքերը կազմում են պետբյուջեի հարկային եկամուտների ավելի քան 74 տոկոսը: 2018 թ. իրենց հարկերը զգալիորեն ավելացրել են մի շարք խոշոր հարկատուներ։

Անցած տարի ամենաշատը՝ ավելի քան 22 մլրդ դրամով, հարկերն ավելացրել է «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը», որը եթե 2017 թ. վճարել էր 18.6 մլրդ դրամ, ապա 2018-ին՝ 41 մլրդ դրամ: Վճարումները կտրուկ ավելացրել է նաև Վարդանյանների ընտանիքին պատկանող «Գրանդ տոբակո» ընկերությունը՝ 2017 թ. 34.7 մլրդ դրամի փոխարեն անցած տարի վճարելով 42.2 մլրդ դրամ։ «Գրանդ տոբակոն» հարկերն ավելացրել է 7.5 մլրդ դրամով։

Բենզին ներմուծող «ՍԻՓԻԷՍ ՕԻԼ» ընկերությունը հարկերն ավելացրել է մոտ 6 մլրդ դրամով, «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերությունը՝ 3.3 մլրդ դրամով: Վարդանյաների ընտանիքին պատկանող այլ ընկերություններ նույնպես ավելացրել են հարկերը՝ «Ինթերնեյշնլ Մասիս տաբակը»՝ մոտ 1.8 մլրդ դրամով, «Գրանդ Մաստեր» ընկերությունը՝ 2.3 մլրդ դրամով։ Ծխախոտ ներմուծող «Ֆիլիպ Մորիս» ընկերությունը հարկերն ավելացրել է ավելի քան 2 մլրդ դրամով:

Գյուղմթերքի արտահանմամբ զբաղվող «Սպայկա» ընկերությունը նույնպես 2018 թ. հարկերն ավելացրել է մոտ 2 մլրդ դրամով։ Հարկերը գրեթե այդքան ավելացրել է նաև «Ջեյ թի Այ Արմենիա» ընկերությունը:

Անցած տարի վճարած հարկերն ավելացրել են նաև նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող ընկերությունները։ ՊԵԿ ներկայացրած պարզաբանման համաձայն՝ նրան պատկանող «Ալեքս հոլդինգը», որն ուներ սուպերմարկետների ցանց, ալրաղաց, ներմուծում էր պարարտանյութ, մեծածախ առևտրով զբաղվում, անցած տարի մասնատվել է 8 կազմակերպությունների։ Եվ եթե այդ խմբի կողմից 2017 թ. վճարվել է 21.5 մլրդ դրամի հարկ, անցած տարի վճարվել է 22.9 մլրդ դրամ՝ հարկային պարտավորություններն ավելացնելով 1.4 մլրդ դրամով։

Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ ՊԵԿ-ն անցած տարված հարկային եկամուտների հավաքագումը 1.4 մլրդ դրամով գերակատարել է Սամվել Ալեքսանյանի շնորհիվ: Իսկ թերակատարումից խուսափել է մեր թվարկած մյուս ընկերությունների կողմից ավելի շատ հարկեր վճարելու արդյունքում:

Բայց հարց է առաջանում՝ ինչպե՞ս է պատահել, որ այդ ընկերություններն անցած տարի ու հատկապես դեկտեմբեր ամսին կտրուկ ավելացրել են հարկային վճարումները։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանն օրերս Factor․am-ի հետ զրույցում բացեց գաղտնիքը: «Երբ ՊԵԿ-ն իր պլանային ցուցանիշները չի կարողանում կատարել, գնում է տնտեսվարողների մոտ և խնդրում է, օրինակ, հունվար ամսվա վճարներն դեկտեմբերին կատարել, և տնտեսվարողը վճարում է՝ ինչ-ինչ հաշվարկներից ելնելով»,- ասել էր պատգամավորը։

Արդյո՞ք սա նշանակում է, որ Պետեկամուտների կոմիտեն անցած տարեվերջին, տեսնելով, որ չի կարողանում կատարել եկամուտների հավաքագրման տարեկան պլանը, իսկապես դիմել է, ասենք, մեր թվարկած այս և այլ ընկերություններին և խնդրել, հորդորել կամ պահանջել այս տարվա հունվար ամսվա վճարելիք հարկերը վճարել անցած տարվա դեկտեմբերին: «Իմ քայլը» խմբակցության մեկ այլ պատգամավոր Հայկ Գևորգյանը, սակայն, չգիտի՝ ՊԵԿ-ը խոշոր ընկերություններից գերավճարներ հավաքելու միջոցո՞վ է բյուջեն կատարել:

«Եթե կան տնտեսվարողներ, որոնք նման խնդրի են հանդիպել, պետք է անպայման բարձրաձայնեն այդ մասին, եթե կամավոր հիմունքներով չի եղել։ Բայց, ընդհանուր առմամբ, խոշոր հարկատուների ցանկը և նրանց կողմից վճարված հարկերն ինձ համար բավականին դրական էմոցիաներ են առաջացնում»,- ասում է Հայկ Գևորգյանը:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ հավելում է, թե 1.000 խոշոր հարկատուների կողմից անցած տարի մոտ 120 մլրդ դրամ ավելի հարկ վճարելը, գուցե, պայմանավորված է այն հանգամանքով, որ խոշոր ընկերությունների կողմից այլ տեղ ստվերային գումարներ վճարելու պարտադրանք չի եղել, և այդ գումարները պարզապես բյուջե են վճարվել:

Պետեկամուտների կոմիտեն դեռ չի հրապարակել 2019 թ. հունվար ամսվա հարկային հավաքագրումների տվյալները, և առայժմ չենք կարող հասկանալ, թե անցած տարվա դեկտեմբերին հարկատուները գերավճար կատարե՞լ են, թե՞ ոչ: Այդ տվյալների հրապարակումն ուշանում է:

1.000 խոշոր հարկատուների վճարած հարկերի առաջին տվյալները կհրապարակվեն 2-3 ամիս հետո, և միայն գարնանը հասկանալի կլինի, թե խոշորներն այս տարվա առաջին եռամսյակին նվազեցրե՞լ, թե՞ ավելացրել են վճարած հարկերի չափը, որ հնարավոր լինի նաև հասկանալ, թե հեղափոխական իշխանություններն անցած տարեվերջին ինչպես են ապահովել բյուջեի կատարումը և ինչպես են պատրաստվում ապահովել այս տարի:

 

Արմինե Ավետյան