Չնայած ԵԱՀԿ գրասենյակի փակմանը, ՀՀ իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել ՀՀ-ԵԱՀԿ համագործակցությունը. ԱԳՆ

Լուրեր

03.04.2026 | 00:12
Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է. նա տնային կալանքի տակ է
02.04.2026 | 23:17
Պարսից ծոցի երկրները քննարկում են խողովակաշարերի կառուցման հարցը՝ Հորմուզի նեղուցով նավթ չմատակարարելու համար. FT
02.04.2026 | 23:03
Ադրբեջանն ուժեղացնում է ճնշումը քաղբանտարկյալների նկատմամբ
02.04.2026 | 22:52
Վարազդատ Լալայանն ու Ալեքսանդրա Գրիգորյանն առաջադրված են Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի 2025-ի լավագույն մարզիկների անվանակարգերում
02.04.2026 | 22:37
Իրանում մահապատժի է ենթարկվել հունվարյան բողոքի ցույցերին առնչություն ունեցած մի տղամարդ
02.04.2026 | 22:24
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.04.2026 | 22:10
Ավստրիան հայտարարել է, որ մերժել է ԱՄՆ-ին իր օդային  տարածքը օգտագործել 
02.04.2026 | 21:58
Թադևոս Ավետիսյանի` ԱԺ պատգամավորի լիազորությունները դադարել են
02.04.2026 | 21:42
Մակրոնը արձագանքել է Թրամփի կողմից Բրիջիթ Մակրոնին ուղղված վիրավորանքներին
02.04.2026 | 21:28
«Անկախ դիտորդ»-ի ուսումնասիրությունը․ Հանրայինի Առաջինի լրատվականի YouTube-ում գերակշռում է ՔՊ-ին առնչվող քարոզչությունը
02.04.2026 | 21:16
«Գազպրոմը» հայտարարել է, թե Ռուսաստանում «Թուրքական հոսք» գազատարի վրա ԱԹՍ-ի հարձակումը հետ է մղվել
02.04.2026 | 21:03
Հայաստանի գավաթ․ «Արարատ-Արմենիան»` կիսաեզրափակիչի վերջին մասնակից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 21:00
ՌԴ-ն խաղադրույք չի անում որևէ ուժի վրա․ Պուտինի ուղերձն է՝ ով ՀՀ-ում իշխանության գա, աշխատելու են նրա հետ․ Անի Սամսոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:45
Արցախցիները «փախե՞լ են» պատերազմից ու հայրենիքից․ Փաշինյանի խոսույթն ու հակադարձումները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.04.2026 | 20:39
Ժպիտների հետևում՝ կոշտ պահանջներ․ Պուտին-Փաշինյան հանդիպման ետնաբեմը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ Երևանի գրասենյակին նվիրված ընդունելությանը: Այս մասին  տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից: Ներկայացնում ենք ելույթն ամբողջությամբ:

«Այսօր մենք հավաքվել ենք այս դահլիճում՝ մեր գնահատանքի խոսքը հղելու ԵԱՀԿ Երևանի գրասենյակի երկարամյա գործունեության կապակցությամբ:

Հայաստանի իշխանությունները ցանկություն և քաղաքական կամք դրսևորեցին պահպանելու ԵԱՀԿ հետ համագործակցության այս կարևոր գործիքը: Սակայն, չնայած հայկական կողմի, ԵԱՀԿ գերմանական և ավստրիական նախագահությունների և մասնակից պետությունների ու ԵԱՀԿ Քարտուղարության գործադրած ջանքերին և ցուցաբերած աջակցությանը, ցավոք, հնարավոր չեղավ երկարաձգել գրասենյակի մանդատը ԵԱՀԿ մեկ մասնակից պետության՝ Ադրբեջանի կողմից կոնսենսուսի սկզբունքի չարաշահման պատճառով: Ադրբեջանը Բաքում ԵԱՀԿ գրասենյակը փակելուց հետո վարում է Հարավային Կովկասում ԵԱՀԿ դաշտային ներկայության վերացման հստակ ու հետևողական քաղաքականություն:

Այդուհանդերձ, այսօր ես կցանկանայի կենտրոնանալ Երևանի գրասենյակի ավելի քան մեկուկես տասնամյակ տևած գործունեության վրա: Գրասենյակն իր հիմնադրման օրվանից հանդիսացել է կարևոր գործընկեր Հայաստանի կառավարության համար ռազմաքաղաքական, տնտեսական-բնապահպանական և մարդկային հարթություններում մեր երկրի հանձնառությունների իրականացման գործում: Հայաստանի իշխանությունները ստեղծել են բոլոր պայմանները գրասենյակի նախանշած ծրագրերի իրականացման համար: Գրասենյակի կողմից իրականացված ծրագրերը, որոնք հիմնված էին ընդունող երկրի կարիքների ու առաջնայնությունների վրա, մեծ նպաստ են ունեցել Հայաստանի պետական ինստիտուտների կարողությունների ամրապնդման, անվտանգության ոլորտի, տնտեսական, դատաիրավական բարեփոխումների առաջմղման, զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության, բնապահպանական խնդիրների հասցեագրման, ժողովրդավարության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ամրապնդման ու բազմաթիվ այլ ոլորտներում:

Հայաստանի իշխանությունների և Երևանի գրասենյակի միջև համագործակցության բարձր մակարդակը և իրականացված ծրագրերի արդյունավետությունը մշտապես դրվատանքի խոսքերի են արժանացել ԵԱՀԿ մասնակից պետությունների կողմից ու հանդիսացել այլ երկրների համար լավագույն փորձառության օրինակներ:

Ծրագրերի հաջող իրականացման գործում մեծ էր ոչ միայն Հայաստանի պետական իշխանության մարմինների, այլև գրասենյակի այլ գործընկերների՝ ԶԼՄ-ների, քաղաքացիական հասարակության, ակադեմիական շրջանակների ավանդը:

Հայաստանի իշխանությունները բարձր են գնահատում Երևանի գրասենյակի ներկա և նախկին ղեկավարների ու իրենց փորձառու և բարձր մասնագիտական որակներ ունեցող անձնակազմի կատարած աշխատանքը և նվիրվածությունը:

Ընդհանրապես, Երևանի գրասենյակն իրենից մարմնավորում էր ԵԱՀԿ այն մոդելը, որը Հայաստանը ցանկանում է տեսնել: ԵԱՀԿ գրասենյակը Հայաստանում ձևավորում էր համագործակցության հարթակ և այդ հարթակում ներգրավում էր Երևանում գործող միջազգային կազմակերպությունների գրասենյակներին և հավատարմագրված դեսպանություններին: Երևանի գրասենյակում կողք կողքի աշխատում էին ԵԱՀԿ տարբեր մասնակից երկրներից գործուղղված  բարձրաստիճան մասնագետներ, որոնք իրենց համատեղ աշխատանքով ամեն օր հաղթահարում էին ԵԱՀԿ տարածաշրջանում առկա բաժանարար գծերը և ցույց տալիս, որ Վանկուվերից մինչև Վլադիվոստոկ միասնական անվտանգության համայնքի տեսլականը կարող է լինել ոչ միայն խոսք այլև գործ: Կուզենայի երախտիքի իմ խոսքերն ասել ինչպես ԵԱՀԿ գրասենյակի օտարերկրյա գործուղղված մասնագետներին, այնպես էլ նրանց գործուղղող երկրներին, մասնավորապես ՌԴ-ին, ԱՄՆ-ին, Գերմանիային, Ավստրիային և Չեխիային: Լիահույս եմ, որ Հայաստանից ձեզ հետ տանելու եք նոր փորձառություն, գիտելիքներ, բայց ամենակարևորը՝ գիտակցում, որ ձեր կյանքի ինչ որ փուլում դուք օգտակար եք եղել Հայաստանին և նրա ժողովրդին ու ձեր իսկ աշխատանքով դարձել եք նրա մի մասը:

Կցանկանայի առանձնահատուկ շնորհակալություն հայտնել գրասենյակի տեղական կամ ավելի ճիշտ ազգային աշխատակիցներին: Ձեր ավանդը գրասենյակի հաջող գործունեության մեջ էական է, քանի որ դուք եք ապահովել գրասենյակի և նրա ծրագրերի ինստիտուցիոնալ հիշողությունը և շարունակականությունը: Լիահույս եմ, որ ձեզնից շատերն ապագայում նույնպես ներգրավված կլինեն ԵԱՀԿ և ՀՀ համագործակցության ծրագրերում:

Վերջապես, թույլ տվեք գնահատանքի խոսքեր ասել ԵԱՀԿ քարտուղարությանը, որն այսօր այս միջոցառմանը ներկայացված է բարձր մակարդակով ի դեմս՝ Հակամարտությունների կանխարգելման կենտրոնի տնօրեն Մարսել Պեշկոյի: Ես նրանից շնորհակալություն եմ հայտնում ինչպես կատարված այնպես էլ կատարվելիք աշխատանքի համար:

Չնայած գրասենյակի փակմանը, Հայաստանի իշխանությունները մտադիր են բարձր մակարդակի վրա պահպանել Հայաստան-ԵԱՀԿ համագործակցությունը: Մենք հավատարիմ ենք ԵԱՀԿ շրջանակներում ստանձնած հանձնառություններին և պատրաստակամ ենք շարունակել գրասենյակի ծրագրերի իրականացումը, հանուն մեր երկրի հետագա զարգացման»: