Ռուսական զորքերը հարվածել են Կիևին ու Խարկովին․ զոհեր և վիրավորներ կան
Քաղաքականություն
26.11.2026 | 13:08
Ռուսական զորքերը նոյեմբերի լույս 6-ի գիշերը բալիստիկ հրթիռներով հարվածել են Կիևին, հայտնում են Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերը, գրում է Current time-ը։
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտնել է յոթ տուժածի մասին։ Նրա խոսքով՝ վիրավորներից երեքը տեղափոխվել են հիվանդանոց, նրանցից երկուսի վիճակը ծանր է։
Կիևի արտակարգ իրավիճակների պետական ծառայության վարչությունից հստակեցրել են, որ Ռուսաստանը հարվածել է Դեսնյանսկի շրջանին։ Հրդեհներ են բռնկվել ոչ բնակելի շենքերում և կառույցներում, կան ավերածություններ։
Խարկովում 2 մարդ է զոհվել։ Խարկովի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Օլեգ Սինեգուբովը հայտնել է, որ հարվածի տակ է հայտնվել Նովոբավարի շրջանում գտնվող բազմահարկ բնակելի շենքը։ Հարձակման հետևանքների վերացման աշխատանքները շարունակվում են։
Նիկոպոլի շրջանում մեկ մարդ է վիրավորվել, հայտնել է Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Գանժան։ Պավլոգրադում վնասվել են բենզալցակայան և առևտրի կենտրոն, Կրիվոյ Ռոգում՝ պահեստ և խանութ, Նովոպոլի համայնքում՝ ենթակառուցվածքներ, Սինելնիկովոյի շրջանում՝ գյուղատնտեսական ձեռնարկություն։
Ուկրաինայի զինված ուժերի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերը Ռուսաստանն արձակել է «Իսկանդեր-Մ», «Ցիրկոն» և С-400 տեսակի բալիստիկ հրթիռներ, ինչպես նաև 113 հարվածային անօդաչու թռչող սարք։ Մինչև առավոտյան տեղական ժամանակով 8:00-ն ուկրաինական ուժերը խոցել են 87 անօդաչու։
Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունից էլ հայտնել են, որ Կիևում խոցվել է «Խիմվոլոկնո» ձեռնարկությունը, որը, ըստ գերատեսչության, անօդաչուների մարտական մասերի բաղադրիչներ է արտադրում։ Հարվածներ են հասցվել նաև «Օակլայն» անօդաչուների հավաքման և պահեստավորման վայրերին, ինչպես նաև Օդեսայի մերձակայքում գտնվող չոր բեռնատար նավի, հաղորդել է ռուսական կողմը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

