Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում․ ես քաղաքական գործիչ եմ․ Արմեն Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
19.11.2026 | 21:15ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը Factor TV-ի եթերում անդրադառնալով իր հոդվածին և դրան հաջորդած արձագանքներին, վարչապետի դիտրկումներին, այդ ամենը գնահատել է որպես «դրական և ժողովրդավարական»՝ ընդգծելով, որ երկրի կարևորագույն հարցերի շուրջ վերջնական որոշումը պետք է կայացնեն քաղաքացիները։
Վարչապետն այսօր ասել է, որ լավ է վերաբերվում հոդվածին, որով փաստվում է, որ ՔՊ-ում կա լուրջ բանավեճ։ Ու ավելացրել է, որ Բրյուսելում «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին և Դուբլինում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու արդյունքներով կարող է ասել, որ հիմա ԵՄ-ի լիարժեք անդամ դառնալու հեռանկարը «չչափազանցնեմ՝ էականորեն հիմա ավելի իրատեսական է, քան 1 տարի առաջ, և գնալով ավելի իրատեսական է դառնալու։ Բայց հանրաքվեով ժողովուրդը պետք է որոշի»։
Խոսելով Եվրամիությանն անդամակցելու հնարավոր հայտի մասին՝ Գրիգորյանը հստակեցնում է իր դիրքորոշումը. դա այս փուլում ոչ միայն չի լուծելու մեր խնդիրները, այլև նոր վտանգներ է ստեղծելու։
«ԵՄ-ին անդամակցելու հայտը ՀՀ-ին չի օգնելու՝ մեր դիրքը կբարդացնի, կսահմանափակի այլ երկրների հետ գործակցությունը։ Զգուշացնում եմ՝ ԵՄ-ին անդամակցելու հայտով մենք ՌԴ-ին հրավիրում ենք մասնակցել քննարկմանը, իսկ հարձակումներին համակարգը չի կարողանում դիմադրել»,- կարծիք է հայտնում նա՝ հավելելով, որ չպետք է մտածել, թե ուրիշ մեկն է օգնելու լուծելու մեր խնդիրները. «Եկեք այդ ողբերգությունը չկրկնենք»։
Նա պատմական զուգահեռ է անցկացնում՝ ընդգծելով աշխարհագրական գործոնի կարևորությունը. «Հայաստանի՝ եվրաինտեգրման միակ հաջողված փորձը Կիլիկյան Հայաստանն է։ Որպեսզի եվրաինտեգրվենք, պիտի աշխարհագրություն փոխենք»։ Անդրադառնալով տնտեսական, մասնավորապես՝ էներգետիկ կախվածությանը, նա շեշտում է, որ ԵՄ հայտ ներկայացնելու դեպքում գազի խնդիրը լուծելու առաջարկ չկա։
«Եթե ՌԴ-ից գազի կախվածությունն ուզում ենք փոխել, այլընտրանքը Եվրոպայում չէ, տարածաշրջանում է, սակայն ԵՄ-ն սանկցիաներ ունի Իրանի նկատմամբ, իսկ ԵՄ-ին մենք ինտեգրված չենք ենթակառուցվածքների առումով»,- արձանագրում է Գրիգորյանը։
Քաղաքական գործիչն ահազանգում է հատկապես ներքաղաքական ռիսկերի և Ռուսաստան-Բելառուս Միութենական պետությունում հայտնվելու վտանգի մասին՝ այն ուղիղ կապելով ԵՄ-ին չհաշվարկված ձգտման հետ։
«Ընտրություններում կարող է մի արդյունք գրանցվել, որ ՀՀ-ն Միութենական պետության ճանապարհով գնա։ ՌԴ-ն կարող է մանիպուլացնել ժողովրդավարական ինստիտուտները»,- զգուշացնում է նա։
Անվտանգային ճարտարապետության և 2022 թվականի ադրբեջանական ագրեսիայի կասեցման մասին խոսելիս՝ Գրիգորյանը հստակեցնում է իրական գործոնները. «Ադրբեջանի հարձակումը 2022-ին դադարեցվել է բանակի դիմադրության, Բլինքենի՝ Բաքու զանգի, Իրանի՝ զորքերի շարժի արդյունքում»։
Հստակեցնելով իր տեսլականը՝ Արմեն Գրիգորյանը ներկայացնում է իր «իդեալական աշխարհի» մոդելը. «Իմ իդեալական աշխարհում՝ ՀՀ-ն դուրս է եկել ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից, չկա ԵՄ-ին ինտեգրվելու օրենք, և մենք որևէ բլոկ չենք մտնում… Չեմ ուզում, որ ՀՀ-ն ԵՄ-ի ծայրում լինի, ուզում եմ՝ կենտրոնում լինենք»։
Անդրադառնալով հայ-ռուսական հարաբերություններին՝ նա հիշեցնում է նախկին փորձը. «ՌԴ-ն 2009-ին էլ է ասել, որ դեմ է ՀՀ-ն ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագիր ստորագրի, բայց 2013-ին հայտնվել ենք ԵԱՏՄ-ում»։ Այդուհանդերձ, նա վստահություն է հայտնում, որ դեկտեմբերին վարչապետի ՌԴ այցի ժամանակ որոշակի լուծումներ կգտնվեն։
Ի պատասխան իրեն ուղղված՝ Ռուսաստանի շահերը սպասարկելու մեղադրանքներին, Գրիգորյանը հակադարձում է. «Ռուսի ագենտները թող իրենց հարց տան՝ ինչո՞ւ են կոչում իրենց այդպես, կարո՞ղ է այդպիսի բան կա։ Իմ դեպքում չկա, ինչո՞ւ ասեն»։
Ամփոփելով խոսքը՝ գործիչը հաստատում է իր ակտիվ դերակատարությունը հանրային դաշտում. «Այո՛, ես ամեն օր քաղաքական հայտ եմ ներկայացնում, ես քաղաքական գործիչ եմ»,- ասում է Գրիգորյանը և տեղեկացնում, որ շուտով կհրապարակի իր հոդվածի շարունակությունը, որը նվիրված է լինելու Հայաստանի արտադաշինքային (ոչ բլոկային) կարգավիճակի կոնցեպտին։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

