Ռեստորաններում և սրճարաններում հնչող երաժշտության համար սեփականատերերը ստիպված կլինեն վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հասարակություն
10.11.2026 | 15:30Ազգային ժողովում քննարկման ներկայացվեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքի նոր խմբագրությունը և հարակից օրենքների փաթեթը։ Նախագծով առաջարկվում է էականորեն փոխել հեղինակային վարձատրությունների հավաքագրման և բաշխման համակարգը, ինչպես նաև նոր պարտադիր պահանջ սահմանել հանրային սննդի և ժամանցի օբյեկտների համար։
Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Լևոն Մովսիսյանը, ներկայացնելով օրենսդրական փաթեթի առանցքային փոփոխությունները, անդրադարձավ ռեստորանների, սրճարանների, բարերի և ժամանցի այլ օբյեկտների համար նախատեսվող նոր պահանջին։
«Ուղեկցող փոփոխությամբ ռեստորանների, սրճարանների, բարերի և որոշ ժամանցային ծառայությունների համար նաև սահմանվում է հավատարմագրված կազմակերպության հետ պայմանագրի առկայության պահանջ»,- ասաց փոխնախարարը։
Էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի պետի տեղակալ Քրիստինե Համբարյանն էլ պարզաբանեց, որ հեղինակային վարձատրություն վճարելու պարտավորությունը վերաբերում է բոլոր այն հանրային վայրերին, որտեղ երաժշտություն է հնչում։
«Այն բոլոր օբյեկտներում, որտեղ հնչում են երաժշտական ստեղծագործություններ, այդ բոլոր օբյեկտների սեփականատերերը պարտավորություն ունեն վճարելու հեղինակային հոնորար»,- նշեց նա։
Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև գործող օրենսդրության բացերին։ Նշվեց, որ հեղինակային իրավունքի մասին գործող օրենքն ընդունվել է դեռևս 2006 թվականին, իսկ հեղինակներն ու կատարողները հաճախ դժգոհում են ստացվող հոնորարների չափերից և դրանց հավաքագրման ու բաշխման գործընթացի անթափանցիկությունից։
Լևոն Մովսիսյանը խոսեց նաև գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման համակարգի փոփոխության մասին։ Նրա խոսքով՝ նախատեսվում է ներդնել կոլեկտիվ իրավունքների կառավարման մեկ հավատարմագրված կազմակերպության համակարգ, որի գործունեությունը ենթակա կլինի պետական վերահսկողության։
«Փաթեթի առանցքային ուղղությունը գույքային իրավունքների կոլեկտիվ կառավարման կարգավորումն է»,- ասաց փոխնախարարը՝ հավելելով, որ նախատեսվում է հնգամյա հավատարմագրման մեխանիզմ։ Հավատարմագրման ընթացքում գնահատվելու են կազմակերպության անձնակազմը, տեխնիկական կարողությունները, ֆինանսական գործարքներն ու հավաքագրված գումարների բաշխման մեխանիզմները։
Փոխնախարարն անդրադարձավ նաև «ընդլայնված կոլեկտիվ կառավարման» համակարգի ներդրմանը։ Դրա համաձայն՝ հավատարմագրված կազմակերպությունը հնարավորություն կունենա հեղինակային վարձատրություն հավաքագրելու նաև այն հեղինակների անունից, որոնք իր հետ պայմանագիր չեն կնքել։ Միաժամանակ հեղինակները հնարավորություն կունենան գրավոր հրաժարվելու իրենց իրավունքների նման կառավարումից։
Քննարկման ընթացքում խոսվեց նաև պետական վերահսկողության ուժեղացման անհրաժեշտության մասին։ Նախագծով նախատեսվում է լիազոր պետական մարմնին վերապահել վերահսկողական գործառույթներ՝ հեղինակային վարձատրությունների հավաքագրման և բաշխման գործընթացի թափանցիկությունն ու արդարությունն ապահովելու նպատակով։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

