Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր

Լուրեր

10.11.2026 | 14:25
Նախկին փոխնախարարը՝ Թուխմանուկի ոսկու հանքի բաժնետեր
10.11.2026 | 14:16
Առավոտ շուտ բողոքել է ինքնազգացությունից․ Գալյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուի մահվան դեպքի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 14:11
ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նիստը` ՈՒՂԻՂ
10.11.2026 | 14:08
Լա Լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստն ու մարզիչը «Ռեալից» են
10.11.2026 | 13:51
Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինի հետ նույնիսկ Անտարկտիդայում
10.11.2026 | 13:42
Հայ շախմատիստներն առաջատարների թվում են պատանեկան ԵԱ-ում
10.11.2026 | 13:33
Թրամփը Nvidia-ի ղեկավար Ջենսեն Հուանգին համարում է «բարձր բարոյական հատկանիշներ ունեցող մարդ»՝ չինուհու հետ սիրավեպի սկանդալի ֆոնին
10.11.2026 | 13:23
Աբու Դաբիում Ուկրաինայի պատվիրակությունը հանդիպում է անցկացնում եվրոպացիների և Թրամփի բանագնացների հետ
10.11.2026 | 13:10
Հայաստանը ԱՊՀ-ին չի տեղեկացրել կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին
10.11.2026 | 12:59
Աբու Դաբիում մեկնարկել են Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ բանակցությունները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 12:48
Հարի Քեյնը «Ոսկե գնդակի» առաջին գործող դափնեկիրն է, որը չի ընգրկվել FIFPro-ի տարվա խորհրդանշական հավաքականում
10.11.2026 | 12:42
Արսեն Գևորգյանն առողջական վիճակի հետ կապված գանգատներ չի ներկայացրել․ ՔԿԾ-ն մանրամասներ է հաղորդել
10.11.2026 | 12:34
Երևանում մեկնարկել է ԱՊՀ արդարադատության նախարարների խորհրդի 20-րդ հոբելյանական նիստը
10.11.2026 | 12:19
Երեք սպանություն, շորթում և ինտիմ տեսագրության տարածում․ ՔԿ-ն ավարտել է նախաքննությունը
10.11.2026 | 12:15
Գևորգ Ղազարյանը` ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը դարձել է Թուխմանուկի ոսկու հանքավայրի հետ կապված «Մեգո-Գոլդ» ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր։

Factor.am-ը պարզել է, որ «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառման «հերոսը» հենց Հովհաննես Հարությունյանն է։ Առաքելյանը գրել էր․ «2019-2024թթ․ բացառապես պետական պաշտոններ զբաղեցնող ՔՊ-ական պաշտոնյաներից մեկը, պաշտոնը թողնելուց ամիսներ անց պաշտոնապես դարձել է Հայաստանի ոսկու խոշորագույն հանքերից մեկի 25% սեփականատերը։

Հայաստանի արդարադատության ղեկավար Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ մեկ շաբաթվա ընթացքում պարզել, թե ում մասին է խոսքը (եթե, իհարկե, չգիտի) և պարզաբանել, թե ինչպես է բացառապես աշխատավարձ ստացող իր ենթական դարձել ավելի քան 100 մլն դոլար արժողությամբ հանքի սեփականատեր»։

Քաղաքականությունը համակարգողից՝ սեփականատեր

Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի համաձայն՝ «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ն 2000 թվականի դեկտեմբերի 11-ին հիմնադրել է Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանը և պաշտոնապես դրա սեփականատեր է եղել մինչև 2001-ի ապրիլի 18-ը: 2005-ից ընկերության փաստացի միակ սեփականատերը եղել է «Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը, որին 2012-ին փոխարինել է «Ջի-Ջի-Սի-Ար-Մայնինգ» ՍՊԸ-ն, սակայն այդ 2 ընկերությունների իրական շահառուները նույն անձինք են՝ ԱՄՆ քաղաքացիներ Իան Քրիստոֆեր Հագուեն (բաժնեմասը՝ 27.267%), Վան Զոհրաբ Կրիկորյանը (բաժնեմասը՝ 10.205%, նա Ամերիկայի հայկական համագումարի Հոգաբարձուների խորհրդի համանախագահն է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ), Դրուրի Ջ Գալագհերը (բաժնեմասը՝ 10.658%)։ «Ջի-Ջի-Սի-Ար-Մայնինգ»-ին ներկայում պատկանում է «Մեգո-Գոլդ»-ի բաժնետոմսերի 75 %-ը (կանոնադրական կապիտալի չափը՝ 2 մլրդ 798․2 մլն դրամ)։

Ընկերության 25 % բաժնեմասը (կանոնադրական կապիտալի չափը՝ 932․7 մլն դրամ) 2025-ի դեկտեմբերի 12-ից պատկանում է «Օպտիմա Մենեջմենթ» ՍՊԸ-ին։ Վերջինս հիմնադրվել է 2025-ի օգոստոսի 26-ին, գործունեության ոլորտը ձեռնարկատիրական և կառավարման այլ հարցերով խորհրդատվություն է։ Ընկերության միակ սեփականատերն ու ղեկավարը Հովհաննես Հարությունյանն է։

Մասնագիտությամբ բժիշկ-վիրաբույժ Հարությունյանը 2019-ին նշանակվել է ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական, ապա՝ տեղակալ, այնուհետև 2021-ի հունվարից նշանակվել է Շիրակի մարզպետ, իսկ 2021-ի նոյեմբերից մինչև 2024-ի դեկտեմբերի 20-ը զբաղեցրել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի պաշտոնը և համակարգել հանքարդյունաբերության ոլորտը։

«Սնանկները»

Ամերիկյան «Գլոբալ Գոլդ»-ին են պատկանում հայաստանյան մի քանի այլ ընկերություններ, որ սնանկ են ճանաչվել, իսկ հետո դրանցից որոշները՝ առողջացվել։ Դրանց թվում են.

«Մարջան Մայնինգ Քոմփանի» ընկերություն`2013-ին թույլտվություն էր ստացել մինչև 2033 թվականը շահագործել Սյունիքի մարզի Մարջանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը։ Ընկերությունը սնանկ է ճանաչվել 2019-ին (ԵԴ/0922/04/18), և նույն տարում էլ դադարեցվել է «Մարջան Մայնինգ Քոմփանի»-ի ընդերքօգտագործման իրավունքը (Հր.692-Ա 13.12.2019թ.):

«Գլոբալ Գոլդ Հանքավան» ՍՊԸ` սկզբնապես եղել է «ՍՀԱ» ՍՊԸ, որի բաժնեմասերի գնման պայմանագրով «Գլոբալ Գոլդը» դարձել է Հանքավանի պղինձ-մոլիբդենային հանքավայրի իրավատերը։ 2006 թվականին ՀՀ բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի որոշմամբ ընկերությունը զրկվել էր հանքավայրի շահագործման իրավունքից: «Գլոբալ Գոլդը» դիմել էր ԱՄՆ (Նյու Յորքի) դատարան՝ Այվազյանին մեղադրելով կաշառք պահանջելու և արհեստական խոչընդոտներ ստեղծելու մեջ, և 2012-ին շահել դատը։ Սակայն հետագայում «Գլոբալ Գոլդ Հանքավան» դադարեցրել է ակտիվ գործունեությունը և հարկային պարտավորությունների պատճառով 2015-ին ճանաչվել սնանկ (ԵԿԴ/0017/04/15)։

«Գետիկ Մայնինգ Քոմփանի» ՍՊԸ` 2009 թվականին լիցենզիա էր ստացել Գեղարքունիքի մարզի Գետիկ գետի միջին հոսանքում պղնձի հանքերևակումների երկրաբանական ուսումնասիրություն անցկացնելու համար: 2016-ին ընկերությունը սնանկ է ճանաչվել ՀՀ ֆինանսների նախարարության պահանջով (ԵԿԴ/0014/04/16), բայց 2021-ի նոյեմբերի 30-ին դատարանը վերանայել է գործը, վերացրել սնանկության որոշումն ու «Գետիկ Մայնինգ Քոմփանի»-ին թույլատրել շարունակել գործունեությունը։

«Մեգո-Գոլդ»-ի սնանկության վերաբերյալ դատական որոշում կայացվել է 2016-ին (ԵԿԴ/0286/04/15)՝ աշխատավարձերի գծով պարտքերի պատճառով։ Սակայն 2021-ի հոկտեմբերին սնանկության գործն ավարտվել է՝ ընկերության կողմից պարտքերը մարելու և ֆինանսապես առողջանալու հիմքով։

«Գլոբալ Գոլդ Մայնինգ»-ը սնանկ է ճանաչվել 2018-ին (ԵԿԴ/0287/04/15)՝ կրկին աշխատավարձերի գծով պարտքերի պատճառով, սնանկության գործն ավարտվել է 2023-ին՝ ֆինանսապես առողջացմամբ:

Ուշագրավ է, որ սնանկությունը հաղթահարելու այս դրվագները եղել են 2021-2023 թվականներին։  

«Մեգո-Գոլդ»-ի ակտիվացումը

2019 թվականին դադարեցվել է «Մեգո-Գոլդ» ՍՊԸ-ի` Թուխմանուկի ոսկու հանքավայրի կենտրոնական տեղամասի շահագործման իրավունքը (Հր.693-Ա 13.12.2019թ.)։ Նույն տարում «Մեգո-Գոլդ»-ը դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով վերացնել նախարարի հրամանն ու վերականգնել իր իրավունքը (ՎԴ/11469/05/19 )։ Դատական գործն ավարտվել է 2022 թվականին՝ կողմերի միջև հաշտությամբ (այդ ժամանակ ՏԿԵ նախարարը Գնել Սանոսյանն էր)։ Արդյունքում նախարարությունն անվավեր է ճանաչել Թուխմանուկի ոսկու հանքավայրի շահագործման իրավունքի դադարեցման որոշումը։ Այսինքն՝ ընկերությունը մինչև 2041 թվականը կարող է արդյունահանել Թուխմանուկի ոսկին։ Հանքավայրում ոսկու պաշարը գնահատվում է 74․21 տոննա։

Միաժամանակ, 2026-ի մարտին «Մեգո-Գոլդ»-ի դեմ նոր դատական հայց է ներկայացվել (ԵԴ2/2479/02/26)։ Ըստ այդմ՝ Ապարան համայնքը պահանջել է ընկերությունից բռնագանձել 21․7 մլն դրամ՝  որպես համայնքից վարձակալած 226 հա մակերեսով հողի վարձավճարի պարտավորություն։ Դատարանը բավարարել է համայնքի հայցը։

Այսպիսով, Թուխմանուկի ոսկու հանքավայրի ընդերքօգտագործման իրավունքը «Մեգո-Գոլդ»-ին վերադարձվել է 2022 թվականին՝ ՏԿԵ նախարարության հետ կնքված հաշտության համաձայնությամբ։ Դրանից 3 տարի անց ընկերության 25 % բաժնեմասի սեփականատեր է դարձել ՏԿԵ նախկին փոխնախարար Հովհաննես Հարությունյանը, որը նախարարությունում համակարգել է նաև հանքարդյունաբերության ոլորտը։

Ընկերության շուրջ տարիներ շարունակվող սնանկության գործընթացն ու իրավական վեճերը, փաստորեն, չեն խանգարել դրա բաժնետերերի կազմի փոփոխությանը։

 

Գայանե Խաչատրյան