«Կոտրում է դռները, հայհոյում և հարվածում հարևանների պատերին»․ քաղաքացին ահազանգում է
Հասարակություն
10.11.2026 | 16:00Factor TV-ին է դիմել երևանյան բազմաբնակարան շենքերից մեկում ապրող մի քաղաքացի՝ ահազանգելով, որ վերջին տարիներին ապրում է վախի մեջ, քանի որ հարևաններից մեկը պարբերաբար անհանգստացնում է իրեն և ընտանիքին, հայհոյանքներ և սպառնալիքներ հնչեցնում, հարվածում և վնասում է իր բնակարանի դուռը, տան պատերը։
Քաղաքացու խոսքով՝ տղամարդը միայնակ է ապրում, ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ, հաշվառված է հոգեկան առողջության կենտրոնում, սակայն որևէ հսկողություն չկա նրա նկատմամբ և չգիտեն՝ ընդունո՞ւմ է իրեն անհրաժեշտ դեղամիջոցները։
«Մենք վախով ենք քնում-արթնանում, ամեն օր հայհոյում է մեզ, սպառնում՝ վերացնել։ Մյուս հարևաններին ևս անհանգստացնում է, բայց գրեթե բոլորը փորձում են լռել, քանի որ վախենում են նրանից»,- պատմում է մեզ ահազանգած բնակիչը։
Նա Factor TV-ին ուղարկել է իր բնակարանի մուտքի մոտ տեղադրված տեսախցիկի տեսաձայնագրությունը, որում արձանագրված է հերթական միջադեպերից մեկը՝ նշելով, որ այսպիսի դեպքեր հաճախակի են լինում․ «Եթե մեր բնակարանից ինչ-որ ձայն է գալիս, ինքը մտածում է՝ իրեն ցանկանում ենք վնաս տալ ու գալիս մեզ վրա է հարձակվում»։
Քաղաքացու խոսքով՝ ամիսներ շարունակ խնդրի մասին բարձրաձայնել է նաև իրավապահ մարմինների մոտ, դիմել ոստիկանությանը, սակայն որևէ գործուն քայլ չի իրականացվել։
Խնդրի վերաբերյալ Factor TV-ն դիմեց Ներքին գործերի նախարարություն։ Պատասխան ստանալուն պես կհրապարակենք։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

