Դեմոկրատները վերահսկողություն կստանան ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների նկատմամբ՝ հանրապետականներին զրկելով մեծամասնությունից․ BBC
Քաղաքականություն
04.11.2026 | 10:18
ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները մեծամասնություն կստանան Կոնգրեսի և՛ Ներկայացուցիչների պալատում, և՛ Սենատում՝ հանրապետականներից վերցնելով վերահսկողությունը երկու պալատների նկատմամբ։Այս մասին ասվում է BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։
ԱՄՆ-ում ավարտին է մոտենում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկությունը․ ընտրատեղամասերի մեծ մասն արդեն փակվել է։ Նախնական տվյալներով՝ դեմոկրատները մեծամասնություն կստանան Ներկայացուցիչների պալատում։
Սենատում դեմոկրատները կստանան առնվազն 51 տեղ՝ 100-ից։ Այովա նահանգում դեմոկրատ թեկնածու Ջոշ Տուրեկի հաղթանակից հետո կուսակցությունն ապահովել է մեծամասնությունը նույնիսկ այն դեպքում, եթե պարտվեն Միչիգանում և Մինեսոտայում առաջադրված իր երկու թեկնածուները։
Ավելի վաղ ձայների հաշվարկի ընթացքում պարզ էր դարձել, որ հանրապետական թեկնածուները պարտություն են կրել մի քանի նահանգներում, որտեղ ավանդաբար ամուր դիրքեր ունեին։ Այսպես, Տեխասում, որտեղ դեմոկրատները վերջին ավելի քան 30 տարիների ընթացքում հաղթանակ չէին տարել, դեմոկրատ Ջեյմս Տալարիկոն վստահ հաղթանակ է տարել Քեն Փաքսթոնի նկատմամբ, որին աջակցում էր ԱՄՆ նախագահ Դոնլադ Թրամփը։
Հարավային Կարոլինայում Էննի Էնդրյուսը հաղթել է հանրապետական գործող սենատոր Դարլին Գրեհեմին, որին Թրամփն անձամբ էր ընտրել այս տարի մահացած նրա եղբոր՝ Լինդսի Գրեհեմի փոխարեն։ Օհայոյում դեմոկրատ Շերոդ Բրաունը նվաճել է Սենատի այն տեղը, որը դեռ երկու տարի առաջ զբաղեցնում էր ներկայիս փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
CBS News-ի գնահատմամբ՝ դեմոկրատների համոզիչ հաղթանակը փաստացի կխափանի նախագահ Դոնալդ Թրամփի օրենսդրական օրակարգի իրականացումը և ճանապարհ կհարթի Սպիտակ տանը նրա պաշտոնավարման վերջին երկու տարիներին վարչակազմի ու բիզնես նախագծերի նկատմամբ մի շարք հետաքննությունների համար։
Դեմոկրատների մեծամասնության վերջնական թվաքանակը դեռ հստակ չէ, քանի որ մի շարք մրցակցային ընտրատարածքներում ձայների հաշվարկը շարունակվում է։ Ընտրությունների նախնական արդյունքները մեկնաբանելիս նախագահ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում գրել է, որ իր անունն այս ընտրությունների քվեաթերթիկներում չի եղել, ապա հավելել․ «Եթե ես մասնակցեի, մենք ջախջախիչ հաղթանակ կտանեինք»։
Այն բանից հետո, երբ պարզ դարձավ, որ Դեմոկրատական կուսակցության թեկնածուները հաղթում են մի շարք ընտրատարածքներում և նահանգներում, որոնք համարվում էին հանրապետականների հենակետերը, Թրամփը New York Times-ին տված հարցազրույցում կրկին անդրադարձել է ընտրությունների արդյունքներին։
Նա հայտարարել է, որ «լիովին պատրաստ է ընդունելու այդ արդյունքները» և տրամադրված է համագործակցելու քաղաքական հակառակորդների հետ։
«Գիտեք, մենք ուրախ կլինենք համագործակցել նրանց հետ։ Հավանաբար, մեզ կհաջողվի ինչ-որ հարցերի շուրջ համաձայնության գալ»,– ասել է նա։
Նորընտիր կոնգրեսականներն ու սենատորները Կապիտոլիումում իրենց տեղերը կզբաղեցնեն 2027 թվականի հունվարի սկզբին։ Նույնիսկ եթե դեմոկրատները մեծամասնություն ստանան Կոնգրեսի երկու պալատներում էլ, Դոնալդ Թրամփի հնարավոր իմպիչմենթը անկասկած չի հանգեցնի նրան պաշտոնանկ անելուն։ Դրա համար Սենատում անհրաժեշտ կլինի ձայների երկու երրորդի՝ 67 սենատորի աջակցությունը, իսկ, ընդհանուր գնահատմամբ, դեմոկրատներին նման մեծամասնություն ապահովել չի հաջողվի։ Կոնգրեսի մեկ, առավել ևս՝ երկու պալատներում մեծամասնություն ունենալը դեմոկրատներին որոշակի ազդեցության լծակներ կտա։
Նույնիսկ մեկ ձայնի առավելություն ունեցող կուսակցությունը կարող է՝,խոչընդոտել նախագահի վարչակազմից կամ Կոնգրեսի մյուս պալատից ներկայացված օրինագծերի ընդունմանը, հետաքննություններ անցկացնել վարչակազմի համար սկանդալային տարբեր միջադեպերի առնչությամբ, հանձնաժողովների լսումներին հրավիրել առանցքային պաշտոնյաների և նրանց հարցաքննել տեսախցիկների առաջ, ձայների պարզ մեծամասնությամբ ընդունել կամ մերժել բյուջետային ֆինանսավորմանը վերաբերող օրինագծերը, օրինակ՝ մերժել Թրամփի՝ ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայության (ICE) ֆինանսավորումը,Սենատում մեծամասնություն ունենալու դեպքում չհաստատել դաշնային նախարարների և դատավորների նշանակումները։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

