Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
Քաղաքականություն
03.11.2026 | 22:14
Ադրբեջանական իշխանական լրատվամիջոցները գրում են, թե վերջին շրջանում Իրանի քաղաքացիների և իրանական լրատվամիջոցների կողմից նկատվում է Ադրբեջանի Հանրապետության, ժողովրդի և երկրի ղեկավարության հասցեին անհիմն կոշտ մեղադրանքների, վիրավորական արտահայտությունների և անօրինական կոչերի աճ։
Տարբեր մակարդակների կրոնական գործիչներ, խորհրդարանի պատգամավորներ, փորձագետներ և լրատվամիջոցների ներկայացուցիչներ հանդես են գալիս Ադրբեջանի ինքնիշխանության ու անվտանգության, երկրում պետության և կրոնի միջև ձևավորված հարաբերությունների, պետական կառավարման համակարգի և այլ ոլորտների դեմ, քարոզում կրոնական արմատականություն, փորձում հրահրել կրոնական ատելություն և թշնամանք, ինչպես նաև կոչեր անում իշխանությունը բռնությամբ փոխելու։
Վերոնշյալը հաշվի առնելով՝ Ադրբեջանի դեմ լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում կոչերով հանդես եկած և թշնամանք քարոզած Իրանի 14 քաղաքացիներ հայտարարվել են «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ, Ադրբեջանի տարածքում։ Նրանց արգելվել է մուտք գործել Ադրբեջան։
Այդ անձինք են՝
1. Էհսան Մովահեդյան – քաղաքական վերլուծաբան, փորձագետ և դասախոս Թեհրանի Ալամեհ Թաբաթաբայի համալսարանում։
2. Ահմեդ Ֆարշբաֆիյան – Թավրիզի համալսարանի Կովկասի և Անատոլիայի ուսումնասիրությունների կենտրոնի նախկին տնօրեն։
3. Քամրան Ղազենֆարի – Իրանի Իսլամական խորհրդի Մեջլիսի պատգամավոր։
4. Ալիռեզա Բեյգի – նախկին պատգամավոր, քաղաքական մեկնաբան։
5. Աբուլֆազլ Զոհրավանդ –պատգամավոր
6. Աբբաս Մողթադայի Խորասղանի –պատգամավոր
7. Ալիռեզա Սալիմի — պատգամավոր
8. Հոսեյն Շարիաթմադարի — Keyhan թերթի գլխավոր խմբագիր։
9. Այաթոլլահ Մոհսեն Արակի — Իրանի Գերագույն առաջնորդին ընտրող փորձագետների խորհրդի անդամ և որոշումների նպատակահարմարությունը հաստատող խորհրդի անդամ։
10. Այաթոլլահ Մոհամմադ Ջավադ Ֆազել Լենքարանի – Ղոմի հոգևոր սեմինարիայի հեղինակների և ուսուցիչների միության անդամ, Ղոմի «Աիմմեի-Աթհար» իսլամական իրավունքի կենտրոնի տնօրեն։
11. Աբդոլհոսեյն Խոսրովպանահ – Իրանի մշակութային հեղափոխության բարձրագույն խորհրդի քարտուղար։
12. Հոջաթ-օլ-Իսլամ Ղոլամրեզա Քավաշի – Թավրիզի ուրբաթ օրվա իմամի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար, Իրանի գերագույն առաջնորդի Արևելյան Ադրբեջան նահանգում ներկայացուցչության գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար։
13. Դարիուշ Սաֆարնեժադ – պրոֆեսոր, քաղաքական փորձագետ։
14. Ահմադռեզա Մուսավի – դերասան և հեռուստահաղորդավար։
Հիշեցնենք, որ ավելի վաղ էլ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Թուրքիայի քաղաքացիների էր ներառել անցանկալի անձանց ցուցակում։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

