ԵՄ մաքսային համակարգում նոյեմբերի 3-ից կարտացոլվեն հայկական ապրանքների համար սահմանված արտոնությունները․ մաքսատուրքերը կվերադարձվեն
Քաղաքականություն
03.11.2026 | 20:44
Հայկական ապրանքներ արտահանող գործարարների համար ԵՄ շուկայում սահմանված մաքսային արտոնություններն ամբողջությամբ կարտացոլվեն TARIC համակարգում։ ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարությունից հայտնում են, որ տեխնիկական խնդրի կարգավորումից հետո՝ նոյեմբերի 3-ին, Երևանի ժամանակով ժամը 22:00-ից, արտոնությունները հասանելի կլինեն նաև համակարգում։ Հոկտեմբերի 10-ից հետո արտահանողների վճարած մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգով։
«ԱԳՄԱ նախարարությունը Բելգիա հայկական ապրանքներ ներմուծող գործարարներից տեղեկացել է, որ Եվրոպական միության ինտեգրված մաքսային սակագների (TARIC) համակարգում ԵՄ ինքնավար առևտրային միջոցների կիրառման մասին կարգավորման ապահովումը ժամանակ է պահանջել և սահմանված արտոնությունները տեխնիկապես համակարգում արտացոլված չեն եղել:
ՀՀ ԱԳՄԱ նախարարությունը, ԵՄ-ում ՀՀ ներկայացուցչության միջոցով, անհրաժեշտ քայլեր է իրականացրել հարցի կարգավորման նպատակով, և հայկական ապրանքների համար սահմանված արտոնություններն այսօր՝ նոյեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին (Երևանի ժամանակով՝ 22:00-ին), ամբողջապես կարտացոլվեն նաև ԵՄ ինտեգրված մաքսային սակագների համակարգում, արտահանողների կողմից ԵՄ ինքնավար միջոցների ուժի մեջ մտնելուց ի վեր՝ հոկտեմբերի 10-ից հետո վճարված մաքսատուրքերը ենթակա կլինեն վերադարձման՝ սահմանված ընթացակարգերին համապատասխան»,- ասվում է հաղորդագրությունում։

