Ավելի քան 150 նախագիծ, 30 հազար այցելու․ TOON EXPO-ն կանցկացվի նոյեմբերի 13-15-ը Մերիդիանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անշարժ գույք ձեռք բերելու համար որքա՞ն գումար է պետք, և ի՞նչ տարբերակներ են առաջարկում կառուցապատողներն ու ֆինանսական կառույցները։ Այս հարցերի պատասխանները հնարավոր կլինի գտնել նոյեմբերի 13-15-ը Մերիդիան էքսպո կենտրոնում անցկացվելիք TOON EXPO 2026-ի ընթացքում։ Էքսպոյի կազմակերպիչ Big projects ընկերությունից հայտարարում են՝ այս տարի արդեն 2-րդ անգամ անցկացվող ցուցահանդեսին մասնակցելու համար նախապես գրանցվել է ավելի քան 30 հազար այցելու, որոնց թվում՝ 4 հազարից ավելի ներդրող։ Ավելանում է նաև արտերկրի ներդրողների հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ։
Ընկերության համահիմնադիր Համլետղ Խնկոյանը նկատում է՝ Հայաստանում անշարժ գույքի արժեքը շարունակաբար աճում է, ինչը երկիրը դարձնում է գրավիչ ներդրողների համար։ «Այն գույքերը, որոնք ձեռք են բերվում, ամիսներ անց, նույնիսկ օրեր անց այդ գույքերի գները բարձրանում են։ Այո, կառուցապատողներն են բարձրացնում, և այդ ամենը տեսնելով մեր գործընկերները, մեր այցելուները, մեր ներդրողները՝ ընտրում են Հայաստանը որպես երկիր, որտեղ գույքի արժեքը անընդհատ բարձրանում է»,- ասում է Խնկոյանը: «Big Projects» ընկերության համահիմնադիր, մարքեթինգի և հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանի խոսքով՝ այս անգամ աննախադեպ է նաև բանկերի ակտիվությունը։ Մի շարք ֆինանսական կառույցներ առաջին անգամ են մասնակցում ցուցահանդեսին՝ սեփական նախաձեռնությամբ։
«Մենք՝ որպես կազմակերպիչ կողմ, չենք դիմել բանկերին, այլ տեսնում ենք, որ շուկան իր բնական հունով զարգանում է, և անգամ պետք չէ միջամտել: Թե՛ կառուցապատողները, թե՛ ռիելթորները և թե՛ բանկերն իրենք իրենց կամքով, տեսնելով շուկայի ակտիվությունը, կայացնում են մասնակցելու և միանալու որոշում։ Ըստ այդմ՝ էքսպոյի համայնքը գնալով մեծանում է»,- ընդգծում է Հարոյանը:
TOON EXPO-ի գլխավոր հովանավորն արդեն 5-րդ անգամ ML Mining-ն է։ Ընկերության փոխտնօրեն Վարդան Մարությանը բնակարան ձեռք բերելու որոշումը հետաձգողներին հորդորում է չսպասել գների անկման, քանի որ երկարաժամկետ միտումները նման սպասումների հիմք չեն տալիս։ Նա նաև զգուշացնում է՝ եկամտային հարկի վերադարձի ձևակերպումների համար դեկտեմբերին կարող են դժվարություններ առաջանալ։ Էքսպոյի հիմնական գործընկեր RED Invest Group-ի համահիմնադիր տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով՝ Հայաստանում անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը տարեվերջին կարող է հասնել 24 հազարի՝ նախորդ տարվա համեմատ կրկնապատկվելով։ Ավետիսյանն ասում է՝ շուկայի ակտիվությունն արագանում է, ավելանում է արտասահմանյան գնորդների և միջնորդների հետաքրքրությունը, իսկ միայն ապրիլին՝ TOON EXPO-ից հետո, գործարքների թիվը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ քառապատկվել է։
Դիանա Հարոյանն ասում է՝ TOON EXPO-ի ընթացքում նախատեսվում են մի շարք նորություններ, այդ թվում՝ նախագծեր Արաբական Միացյալ Էմիրություններից։ Ընդհանուր առմամբ, էքսպոյին ներկայացված է լինելու ավելի քան 150 նախագիծ։
«Հաշվի առնելով մեր շուկայի առանձնահատկությունը և կառուցապատողների առաջին հայացքից շատ, բայց իրականում սակավ լինելը TOON EXPO-ի փորձով այդ կառուցապատողները ֆիլտրվում են։ Ժամանակի ընթացքում, բնականաբար, մենք նույնպես ավելի լավ ենք ճանաչում կառուցապատողին և կարողանում ենք ավելի ճիշտ աշխատանք տանել»,- նշում է Դիանա Հարոյանը:
Այս անգամ ցուցահանդեսն անցկացվելու է «Մերիդիան» էքսպո կենտրոնի երկու հարկերում, այցելուները կարող են տեղաշարժվել շարժասանդուղքով։ Կազմակերպիչները զգուշացնում են՝ սեփական մեքենայով այցելելու դեպքում կարող են խնդիրներ առաջանալ կայանման և խցանումների հետ կապված։ Այդ խնդիրը մեղմելու համար կազմակերպիչները համագործակցելու են տաքսի ծառայությունների հետ։ Նախատեսված են նաև անվճար փոխադրումներ քաղաքի տարբեր հատվածներից դեպի ցուցահանդեսի տարածք և հակառակ ուղղությամբ։ Ցուցահանդեսը կգործի մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ ժամը 11:00-ից 21:00-ը։
Մուտքն անվճար է, բայց գրանցումը՝ պարտադիր։
Մանրամասները` տեսանյութում:
Արփի Հակոբյան

