Իշխանությունն ասում է՝ ժամանակ չկա, Սահմանադրության նախագիծը հրապարակում ենք, բայց մեղադրեց խորհրդին․ հաշտ չենք դրա հետ․ Արթուր Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.11.2026 | 20:00ՀՔԱՎ գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը Factor TV-ի եթերում մեկնաբանել է Սահմանադրության նոր նախագիծը սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանցմամբ հրապարակելու իշխանության որոշումը, անդրադարձել Անկախության հռչակագրի հղումը հանելուն և եկեղեցու մասին հոդվածին:
«Որոշում է, որի հետ ես ամբողջությամբ համաձայն չեմ, քանի որ Սահմանադրական խորհրդում, բարեփոխումների կամ նոր սահմանադրության խորհրդում հարցը հստակ է ձևակերպված եղել, որ մենք պետք է քննարկենք բոլոր մասերը և սահմանադրության գլուխները, հետո նոր դրա հիման վրա առաջ գնանք։ Խորհուրդը պետք է ունենա իր կողմից ամբողջապես պատրաստի սահմանադրության նախագիծ: Դա էր խորհրդի անելիքը»:
Նա նաև ավելացրեց, որ իրենց համար անհասկանալի էր, թե ինչու է որոշվել հրապարակել նախագիծը՝ առանց որոշ մասերի քննարկման. «Մեզ համար անհասկանալի է, առնվազն՝ որևէ պարզաբանում չի ներկայացվել, որ պետք է հրապարակվի սահմանադրության նոր տեքստը Արդարադատության նախարարության կողմից՝ առանց այդ չքննարկված մասերը խորհրդում քննարկելու: Մենք գտնում ենք, որ պետք է քննարկենք այն նույն ռեժիմով, որով կատարվել են աշխատանքները մինչև հունիսի Ազգային Ժողովի ընտրություններին նախորդած ժամանակահատվածը։ Բավական արդյունավետ էին այդ աշխատանքները, և նույն տեմպով կարելի էր շարունակել մինչև վերջնական տեքստը ունենալը»:
Սաքունցը նաև քննադատեց խորհրդի կողմից պատասխանատվություն չվերցնելու՝ իշխանության պնդումը. «Խորհուրդը պատասխանատու է սահմանադրության նախագծի տեքստի պատրաստման համար: Այդ տեքստում իշխող կուսակցությունն անում է փոփոխություններ, որի հետ մենք կարող ենք համաձայն լինել կամ չլինել: Բայց խորհրդի կողմից մշակված ենթադրյալ տեքստը չէր ներկայացվելու միանգամից Ազգային Ժողովի քննարկմանը»:
Անդրադառնալով Անկախության հռչակագրի հղման բացակայությանը, Սաքունցը նշեց. «Դա ընդունվել է մինչև անկախությունը: Խորհրդում ամրագրված են Հայաստանի՝ որպես անկախ պետության հիմնադրույթները: Այդ թվում՝ եթե հիշում եք, անկախության հռչակագրի մեջ նաև հղում է կատարվում խորհրդային միության օրենքներին, որտեղ նրանք չեն հակասում և այլն: Այսինքն, անկախության հռչակագրում կան դրույթներ, դա ընդունվել է մինչև խորհրդային միության գոյության դադարելը»:
Սաքունցը նաև մեկնաբանեց եկեղեցու մասին հոդվածի չքննարկված լինելը և դրա հնարավոր փոփոխությունները. «Հենց այդ տեսակետից եմ ասում, որ նույն մեղադրանքներից պաշտպանվելու համար թողնում են, բայց նույն մեղադրանքներից պաշտպանվելու համար ինչի՞ չեք թողնում անկախության հռչակագիրը: Պետք է տրամաբանություն լինի, շատ պարզ հարց է»:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

