Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 20:36ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի և դրան նախորդած իրադարձությունների մասին Factor TV-ի հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը պնդեց, թե ընդդիմադիր պատգամավորներն առավոտից փորձում էին հրահրել միջադեպը։ Նրա խոսքով՝ իր և Տարոն Չախոյանի ելույթներում արտառոց կամ միջադեպի պատճառ դառնալու որևէ բան չի եղել։
«Նրանք հստակ որոշում ունեին, և այդ որոշումն իրականացրին»,- ասաց Գրիգորյանը։
Նա նաև պնդեց, որ ԱԺ նիստերի դահլիճից դուրս գալուց հետո «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանն իր թիկնապահների հետ հարվածել է իրեն։
«Նարեկ Կարապետյանն իր ախրանիկների հետ ինձ հետևից հարվածում ու փախչում է»,- հայտարարեց իշխանական պատգամավորը՝ հավելելով, որ իրենց կողմից համարժեք պատասխան է եղել։
Անդրադառնալով խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքին՝ Գրիգորյանն ասաց, որ իրենք ամիսներ շարունակ հանդուրժել են վիրավորանքները։
«Մենք այս մի քանի ամիսների ընթացքում բազմաթիվ վիրավորանքներ ենք կուլ տվել հանուն Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, որպեսզի չստացվի այնպես, որ Ազգային ժողովում ինչ-որ միջադեպեր լինեն, որ ժողովուրդը վատ զգա, բայց հասել է այն պահը, որ արդեն չափն անցել են»,- ասաց Նարեկ Գրիգորյանը։
Հարցին՝ արդյոք համարժեք պատասխանը աթոռներ նետելն ու շշերով հարվածելն է, Գրիգորյանը պատասխանեց, որ այդ պահին իրավիճակն արդեն անվերահսկելի էր դարձել։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

