Պենտագոնը հրաժարվել է հետաքննել Ուկրաինայում Starlink-ի աշխատանքի խափանումները
Քաղաքականություն
29.10.2026 | 13:39
Պենտագոնի գլխավոր տեսուչի գրասենյակը մերժել է ինը սենատորների դիմումը՝ հետաքննելու Ուկրաինայում Starlink-ի և դրա ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի խափանումները։ Այս մասին գրում են Associated Press-ը և CNN -ը, փոխանցում է Meduza-ն։
Սենատորներին ուղարկված պատասխանում նշվել է, որ այդ հարցերն ավելի ճիշտ է հասցեագրել ԱՄՆ ռազմաօդային և տիեզերական ուժերին։ Դիմումը ստորագրած ինը սենատորներից չորսը հանրապետական են, հինգը՝ դեմոկրատ։
«Մտահոգություն է առաջացնում, որ գլխավոր տեսուչը, ըստ երևույթին, որոշել է չհետաքննել արբանյակային կապի խափանումները, մինչդեռ Ուկրաինան ապավինում է այդ կապին՝ խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար»,- հայտարարել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջատար դեմոկրատներից մեկը՝ դիմումի համահեղինակներից Ջին Շահինը։
Ամերիկացի կոնգրեսականի օգնականը, որը ծանոթ է իրավիճակին, անանուն մնալու պայմանով AP-ին ասել է, որ Պենտագոնի գլխավոր տեսուչը «փաստացի հրաժարվում է հետաքննել Մասկի և Starlink-ի գործունեությունը, թեև դրա համար ունի բոլոր անհրաժեշտ լիազորությունները»։
Հոկտեմբերի կեսերին ուկրաինացի զինվորականները հայտնել էին Starlink-ի ռազմական տարբերակի՝ Starshield-ի աշխատանքի սահմանափակումների մասին։ Երբ անօդաչու թռչող սարքերի արագությունը գերազանցել է ժամում 160 կմ-ը, կապն ընդհատվել է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ինքը հրահանգ չի տվել սահմանափակել Starshield-ի աշխատանքն Ուկրաինայում և չգիտի, թե ով կարող էր դա անել։
The Telegraph-ը, հղում անելով չորս աղբյուրի, գրել էր, որ Իլոն Մասկն է նման առաջարկով դիմել Թրամփին։ The Wall Street Journal-ը նույնպես հայտնել է, որ Starshield-ի աշխատանքը սահմանափակելու հրահանգը տվել է Մասկը։
Ինքը՝ Մասկը, ուկրաինացի զինվորականներին մեղադրել է Starlink-ի օգտագործման պայմանները խախտելու մեջ։ Նրա պնդմամբ՝ նրանք արբանյակային կապն օգտագործել են անօդաչուներով հարձակողական հարվածներ հասցնելու և մարդկանց սպանելու նպատակով։ Մասկը նաև նշել է, որ եթե Ռուսաստանը պատասխան հարվածների շրջանակում սկսի ոչնչացնել Starlink-ի արբանյակները, դա կարող է առաջացնել «ավերվածությունների շղթայական ռեակցիա» և հանգեցնել «տիեզերական աղբի հսկայական ամպի» առաջացման։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

