Իրենք հրահրել են, հարվածել և երևաց` ովքեր ծեծ կերան. Արուսյակ Մանավազյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 14:44Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխազ Ղազարյանը և Արուսյակ Մանավազյանը Խորհրդարանի միջանցքում պատասխանելով լրագրողների հարցերին՝ մանրամասներ ներկայացրեցին միջադեպի հրահրման և ընթացքի վերաբերյալ։
Մանավազյանի խոսքով՝ միջադեպը հրահրել է ընդդիմությունը, երբ ամբիոնից ելույթ էր ունենում ՔՊ պատգամավոր Տարոն Չախոյանը։
«Ամբիոնի մոտ մեր պատգամավորը ելույթ էր ունենում, երբ ընդդիմադիր խմբակցության ղեկավարը, առաջ գալով, փորձեց ամբիոնի մոտ հարվածել և, իհարկե, հարվածեց։ Առաջին հարվածը և առաջին ծեծկռտուքը հրահրել են իրենք, բայց, իհարկե, երևաց նաև, թե ովքեր ծեծ կերան»,- ասաց նա։
Լրագրողների այն դիտարկմանը, թե արդյոք Տարոն Չախոյանը չէր սադրել իրավիճակը՝ կոռուպցիայի ու «տուշոնկա գողանալու» թեմաներ շոշափելով, պատգամավորը վստահեցրեց, որ իրենց գործընկերոջ ելույթում որևէ ոչ կոռեկտ արտահայտություն չի հնչել․ «Որևէ եզրույթ, որևէ մեկնաբանություն սխալ չի տրվել։ Խոսում էր շատ կոռեկտ, շատ նորմալ։ Եվ ի՞նչն էր իրենց այդքան ցավեցրել․ տո՞նը, բարձր խոսե՞լը։ Իսկ ի՞նչ է նշանակում՝ պատգամավորը խոսի կոռուպցիայից, ու իրենք հարձակվեն»։
Պատգամավորը հավելեց, որ ի տարբերություն ընդդիմադիրների՝ իշխանական մեծամասնությունը կարողանում է տիրապետել իրեն. «Երբ ընդդիմադիրներն են ելույթ ունենում, որոնցից շատերի ելույթներին մենք ոչ համաձայն ենք, ոչ մեզ դուր է գալիս նրանց տոնայնությունը, մենք տեղից չենք գոռում, չենք հարձակվում։ Ազգային ժողովի ամբիոնն անձեռնմխելի է, որևէ մեկն իրավունք չունի հարձակվելու ամբիոնի մոտ կանգնածի վրա»։
Պատասխանելով այն քննադատությանը, թե ինչու նիստը նախագահող ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն ավելի վաղ չդադարեցրեց նիստը և անվտանգության աշխատակիցներ չհրավիրեց՝ Մանավազյանը նշեց. «Ազգային ժողովի նախագահողը կոչ արեց նստել տեղերը և շարունակել նիստը, որպեսզի գործընթացը բնականոն ընթանա։ Երբ տեսավ, որ հնարավոր չէ շարունակել, և կրքերը չեն հանդարտվում, ուղիղ եթերն անջատվեց, ու ներս հրավիրվեցին անվտանգության աշխատակիցները։ Բայց մեղավորը ոչ թե նիստը վարողն է, այլ նրանք, ովքեր չեն կարողանում զսպել իրենց և հարցերը լուծելու փոխարեն բռունցքներով հարձակվում են ամբիոնի վրա»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

