Մեր խոսույթի ու պահվածքի վերանայման հարց կա. Անդրանիկ Քոչարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
29.10.2026 | 14:26
Ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած միջադեպից և ծեծկռտուքից հետո իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը FactorTV-ի հետ զրույցում անդրադարձավ կատարվածին, նշելով՝ «տեղի ունեցածը մանրակրկիտ վերլուծության կարիք ունի»։
«Պետք է կրքերը հանդարտվեն։ Բնականաբար, սա վերլուծելու խնդիր է՝ սկսած մեր խոսույթից, բարեվարքության հետ կապված բոլորիս պահվածքի վերանայումից։ Պետք է հասկանանք և կողմնորոշվենք՝ ելույթների բովանդակությունից մինչև առոգանություն»,- նշեց նա։
Պատասխանելով հարցին, թե արդյոք ընդունում է, որ իշխող մեծամասնությունը հատել է բարեվարքության սահմանները, Քոչարյանը շեշտեց՝ խնդիրը վերաբերում է խորհրդարանի բոլոր ուժերին։
«Ես ընդունում եմ, որ մենք բոլորս՝ բոլոր երեք խմբակցությունները միասին, պետք է որոշենք, որ այն սահմանը, որը կընդգծենք, չի կարելի խախտել»,- ասաց իշխանական պատգամավորը։
Անդրադառնալով նիստը նախագահող Ռուբեն Ռուբինյանի գործողություններին և հարցին, թե ինչու նիստն ավելի վաղ չէր ընդմիջվում՝ Քոչարյանը կարծիք հայտնեց, թե ԱԺ նախագահը հույս է ունեցել, որ իրավիճակն արագ կհանդարտվի, սակայն երբ սահմաններն անցել են, դահլիճ են մտել Պետական պահպանության ծառայության աշխատակիցները։
Լրագրողի դիտարկմանը, որ ՔՊ-ականները աթոռներ էին նետում, և խորհրդարան շտապօգնության մեքենա է կանչվել, ինչպես նաև հարցին, թե ինչու են նման տեսարանները կրկնվում, Քոչարյանն արձագանքեց․
«Մենք այդ փուլերն անցել ենք։ Հիմա եղավ, պետք է մտածենք, որ էլ չկրկնվի, խոսքը դրա մասին է»։
Մանրամասները՝ տեսանյութում։
Ռոզա Վարդանյան

