ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո․ Ուշակով
Քաղաքականություն
29.10.2026 | 12:28
ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ խորհրդակցությունները կանցկացվեն նոյեմբերի 4-ից հետո։ Նրա խոսքով՝ ժամկետները, ի թիվս այլ գործոնների, կախված կլինեն, այդ թվում, ռազմաճակատում իրավիճակից, գրում է Ինտերֆաքսը։
«Ամսաթիվը նույնպես կորոշվի։ Հստակ է, որ դա կլինի նոյեմբերի 4-ից հետո»,- ասել է Ուշակովը։
Մեկնաբանելով Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հայտարարությունը, թե եռակողմ խորհրդակցությունները կարող են կայանալ նոյեմբերի 4-ին, Ռուսաստանի նախագահի օգնականն ընդգծել է․ «Մենք դեռ որևէ ազդակ չենք փոխանցել»։
Ուշակովը հայտարարել է, որ Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա խորհրդակցություններում ռուսական պատվիրակության կազմը կհայտարարվի ավելի ուշ։
«Մեզ մոտ, իհարկե, հիմնական կմախքը կա, բայց կարծում եմ՝ վերջնական կազմը կձևավորվի մոտ ապագայում»,- ասել է նա։
Միաժամանակ, Ռուսաստանի նախագահի օգնականը վստահեցրել է, որ այս պահին չի քննարկվում Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբին և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեին Ուկրաինայի շուրջ բանակցություններում որպես Եվրոպայի ներկայացուցիչներ դիտարկելու հարցը։
«Առայժմ այդ մասին ընդհանրապես խոսք չկա, և ոչ ոք ոչինչ չի քննարկում, քանի որ ներկայում պայմանավորվածություն կա վերսկսել եռակողմ խորհրդակցությունները՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների ու պատվիրակությունների մասնակցությամբ»,- լրագրողներին ասել է Ուշակովը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Մոսկվան կարող է Ֆինլանդիայի և Նորվեգիայի ղեկավարներին դիտարկել որպես Եվրոպայի ներկայացուցիչներ բանակցություններում։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր, որ եռակողմ բանակցությունները կարող են տեղի ունենալ նոյեմբերի 10-ին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

