Ռումինիան հայտարարել է ռուսական դիվերսիոն ցանցի բացահայտման և Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձին դրա առնչության մասին
Քաղաքականություն
27.10.2026 | 16:43
Ռումինիայի հետախուզությունը հայտնել է, որ բացահայտել է դիվերսիոն ցանց, որի գործունեությունը, ըստ ռումինական կողմի պնդման, «ուղղակիորեն համակարգվում է Ռուսաստանի հատուկ ծառայությունների կողմից»։ Հետախուզության տվյալներով՝ ցանցը կապ ունի 2026 թվականի սեպտեմբերին Բրաշովում գտնվող Carfil պաշտպանական ձեռնարկությունը հրկիզելու փորձի հետ, գրում է Current time-ը։
Digi24-ի հաղորդմամբ՝ հետաքննությունը վերաբերում է երեք անձի՝ Բելառուսի երկու և Ուկրաինայի մեկ քաղաքացու։ Ռումինիայի իշխանությունները նրանց ձերբակալելու օրդերներ են տվել։ Կասկածյալներից երկուսը ձերբակալվել են Գերմանիայում, իսկ երրորդը՝ Լեհաստանում։ Ռումինիան մտադիր է հասնել նրանց արտահանձնմանը։
Դատախազության պնդմամբ՝ երեք կասկածյալները հարձակումներ էին ծրագրել նաև Ռումինիայի տարածքում գտնվող այլ օբյեկտների, ինչպես նաև ԵՄ այլ երկրներում գտնվող թիրախների դեմ։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ հետաքննության ընթացքում բացահայտվել են Ռումինիայում տարբեր օբյեկտների դեմ դիվերսիաների փորձեր, այդ թվում՝ միջազգային ռազմական նշանակության օբյեկտների կամ այն կառույցների դեմ, որոնք օգտագործվում են ուկրաինական զինված ուժերի պատրաստման համար։
Հետաքննությունը սկսվել է սեպտեմբերին՝ Բրաշովում արդյունաբերական տարածքում բռնկված հրդեհից հետո։ Հրդեհը տեղի է ունեցել Carfil գործարանի՝ Romarm ընկերության դուստր ձեռնարկության անմիջական հարևանությամբ և վնասել մի քանի առևտրային ընկերությունների գրասենյակները։
2026 թվականի սեպտեմբերին Ռումինիայի իշխանությունները հայտնել էին 40-ամյա ռուսաստանցու ձերբակալության մասին։ Նա կասկածվում է Մոսկվայի հանձնարարությամբ դիվերսիա նախապատրաստելու նպատակով ռազմական օբյեկտները լուսանկարելու և տեսանկարահանելու մեջ։ Հատուկ ծառայությունների տվյալներով՝ տղամարդն ապրում էր Ռումինիայում և փետրվարից գտնվում էր հսկողության տակ՝ միջազգային գործընկերների մասնակցությամբ իրականացվող հետաքննության շրջանակում։
Եվրոպական երկրները Մոսկվային մեղադրում են դիվերսիաների, կիբերհարձակումների և ապատեղեկատվության տարածման մեջ՝ պնդելով, որ այդ գործողություններն ուղղված են Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերող երկրների դեմ։ Այդ մեղադրանքների թվում է օգոստոսին Լայպցիգ/Հալլե օդանավակայանի դեմ անօդաչու թռչող սարքի հարձակումը, որը սրել է Բեռլինի և Մոսկվայի միջև լարվածությունը։
Ռուսաստանը բազմիցս հերքել է իր առնչությունը դիվերսիաներին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

