Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց ԱՄՆ-ի հետ պայմանագիր կնքեր․Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 13:57
Ազգային ժողովում «Թրամփի ուղի» (TRIPP) նախագծի քննարկման ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը քննադատեց ընդդիմադիր գործիչների դիրքորոշումները՝ անդրադառնալով Հայաստանի հարավային երկաթուղու ապամոնտաժման պատմությանը։
Կարապետյանը կոչ արեց ընդդիմադիրներին իրենց քննադատությունն ուղղել նախկին իշխանություններին՝ պնդելով, որ Հայաստանի հարավով անցնող երկաթուղին ապամոնտաժվել է 2003 թվականին։
«2003 թվականին, լինելով պաշտպանության նախարար, նա՝ Սերժ Սարգսյանն է հավաքել, ոչնչացրել ռելսերը երկաթուղու, որն անցնում է Հայաստանի հարավով։ Չկա երկաթուղին, Հայաստանի հարավով անցնող երկաթուղին ո՞ւր է, որ հիմա այստեղ ասում եք՝ որտե՞ղ են ամրագրված Ադրբեջանի պարտավորությունները։ Ադրբեջանն իր երկաթուղին չի ոչնչացրել, ո՞նց Միացյալ Նահանգների հետ կնքեր պայմանագիր»,- ասաց Կարապետյանը։
Նա անդրադարձավ նաև Հայաստանի հյուսիսով, այդ թվում՝ Տավուշով անցնող երկաթուղային ուղղությունների վերականգնման հնարավորությանը և հայտարարեց, որ այս հարցում ընդդիմությունն իրականում կիսում է կառավարության մոտեցումը։
«Կանգնեք և ասեք, որ Հայաստանի ընդդիմությունը Հայաստանի կառավարության հետ համամիտ է, որ Հայաստանի հյուսիսով անցնող երկաթուղիները նույնպես պետք է հապճեպ վերականգնվեն, որպեսզի Հայաստանի հարավն ու հյուսիսը միաժամանակ օգտագործվեն Հայաստանի ապաշրջափակումն ապահովելու համար»,- նշեց պատգամավորը։
Կարապետյանն ընդգծեց նաև, որ խաղաղության պայմանագիրը TRIPP-ի գործարկման կարևոր երաշխիքներից է։
Անդրադառնալով նախագծի բնույթին՝ նա ասաց, որ TRIPP-ը բազմաշերտ ենթակառուցվածքային ծրագիր է, որը ներառում է երկաթուղի, ավտոճանապարհ, էլեկտրահաղորդման գծեր, գազատար, նավթատար և օպտիկամանրաթելային ինտերնետային մալուխներ։
«Շնորհավորում եմ, դուք հասկացել եք, որ TRIPP-ը այլևս երկրորդ նախագահի բանակցած միջանցքը չէ։ Այն լրիվ այլ նախագիծ է՝ ներդրումների նախագիծ, ենթակառուցվածքների կառուցման նախագիծ։ Օպտիկամանրաթելային մալուխը արտատարածքային չի լինում ի բնե, որովհետև հնարավոր չէ նրա պարագայում առհասարակ որևէ տարբերվող ռեժիմ գործարկել»,- ասաց Մարիա Կարապետյանը։
Ելույթի ավարտին նա կոչ արեց ընդդիմադիր պատգամավորներին դադարեցնել նախագծի վերաբերյալ քննադատական հարցադրումները և կողմ քվեարկել համաձայնագրին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Եվգենյա Համբարձումյան

