Մենք մեր պարտավորությունները կատարել ենք, այստեղ քաղաքական մղում կա․ Միրզոյանը՝ ԵՏՄ զեկույցի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
27.10.2026 | 12:42Հայաստանի Հանրապետությունը ԵՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել, իսկ անդամակցությունը կասեցնելու կամ երկիրը կառույցից հեռացնելու իրավական հիմքեր չկան․ շրջանառվող զեկույցն ունի քաղաքական մղումներ։ Այս մասին Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը՝ անդրադառնալով ԵՏՄ գործընկերների պատրաստած զեկույցին։
Լրագրողի հարցին, թե արդյո՞ք հնարավոր է Վիեննայի կոնվենցիայի դրույթներով կասեցնել Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին, եթե Երևանը շարունակի ԵՄ-ի հետ մերձեցման և հնարավոր հանրաքվեի օրակարգը, Միրզոյանը արձագանքեց․«Հայաստանի Հանրապետությունը որևէ պարտավորություն ԵՏՄ շրջանակներում չի խախտել և չի էլ պատրաստվում խախտել։ Հետևաբար, իրավական առումով ես հասկանում եմ, որ գուցե մեր գործընկերները ջանքեր են գործադրել հիմնավորում գտնելու համար, բայց իրավական տեսանկյունից համաձայն չեմ դրանց հետ։ Բայց մենք բոլորս հասկանում ենք, որ այստեղ քաղաքական մղում կա և գուցե քաղաքական հանձնարարություն՝ իրավաբաններին որևէ իրավական հիմնավորում գտնելու»։
Արտգործնախարարը հավելեց, որ Հայաստանը շարունակում է բարեխղճորեն կատարել իր բոլոր տնտեսական պարտավորությունները և նույնն ակնկալում է գործընկերներից, թեև վերջին ամիսներին նկատվում են հակառակ միտումները։ Միրզոյանը շեշտեց, որ ցանկացած պարագայում Հայաստանի ինքնիշխան որոշումները սակարկման առարկա չեն կարող դառնալ։
«Ինչ էլ լինի, մեր որոշումների և պահվածքի առանցքում մեր պետականությունն է, Հայաստանի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը, այդ թվում՝ ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքը, և մենք սա սակարկության առարկա չենք դարձնելու։ Կառուցողական կմնանք մեր գործընկերների հետ, բայց մեր պետական շահն առաջնային է»,- շեշտեց Արարատ Միրզոյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

