Իսրայելում մեկնարկել են հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո առաջին ընտրությունները․ Նեթանյահուն կարող է կորցնել պաշտոնը
Քաղաքականություն
27.10.2026 | 12:53
Իսրայելում վճռորոշ խորհրդարանական ընտրություններ են մեկնարկել, մինչ երկիրը դեռևս ներքաշված է չավարտված պատերազմների մեջ, շարունակում է կրել 2023 թվականին ՀԱՄԱՍ-ի հարձակման հետևանքները և խորապես պառակտված է պետության բնույթի և այն ղեկավարելու ամենահարմար թեկնածուի հարցում։ Այս մասին ասվում է France 24-ի անդրադարձում։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մրցում է մի շարք քաղաքական ուժերի դեմ, որոնք ձգտում են հեռացնել նրան իշխանությունից։ Հարցումները վկայում են լարված պայքարի մասին՝ նրա գլխավոր մրցակից, բանակի նախկին գլխավոր շտաբի պետ Գադի Էյզենկոտի հետ։ Իսրայելի մասնատված խորհրդարանական համակարգում ոչ մի կուսակցության երբևէ չի հաջողվել խորհրդարանական մեծամասնություն ստանալ, ուստի քաղաքական առաջնորդները ստիպված են կոալիցիաներ ձևավորել։
Լրատվամիջոցը նշում է, որ երբ պայքարը սուր է, իսկ արաբական կուսակցությունները, որոնք կոալիցիաների մաս չեն կազմում, կոչ են անում բարձր մասնակցություն ապահովել ընտրություններին, հնարավոր է՝ խորհրդարանական մեծամասնություն չստանա ո՛չ Նեթանյահուի կրոնական և ծայրահեղ ազգայնական կոալիցիան, ո՛չ էլ նրան իշխանությունից հեռացնել ձգտող կուսակցությունների դաշինքը։ Այդ դեպքում առաջնորդի շուրջ համաձայնության հասնելու բանակցությունները կարող են շաբաթներ տևել։
Իսրայելի արաբական կուսակցությունները կարող են վճռորոշ դեր ստանձնել՝ դառնալով այն ուժը, որի աջակցությունը կորոշի պայքարի ելքը, եթե համաձայնեն աջակցել թեկնածուներից մեկին։
Նշվում է, որ ընտրատեղամասերի բացման պահին կրքերը որոշ վայրերում արդեն թեժացել են։ Լիբանանի հետ սահմանին մոտ գտնվող Կիրիաթ Շմոնա քաղաքում, որը Նեթանյահուի աջակիցների հենակետերից է, մի տղամարդ ոտքով հարվածել և պոկել է Գադի Էյզենկոտի նախընտրական պաստառը։ Ընտրությունների ֆոնին պահպանվում է նաև Իրանի հետ լարվածությունը։ Նեթանյահուն քվեարկությունից առաջ ուժեղացրել է Իրանի հասցեին հնչող սպառնալիքները։
Այս ընտրություններն Իսրայելում առաջին համապետական քվեարկությունն են 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակումից հետո, որը հանգեցրեց Գազայի պատերազմին և տարածաշրջանի տարբեր հատվածներում փոխկապակցված հակամարտությունների բռնկմանը։
Թել Ավիվում հոկտեմբերի 7-ի հարձակման հետևանքով զոհվածների և նախկին պատանդների ընտանիքների անդամներն ընտրատեղամասերի բացումից առաջ մեկ րոպե լռությամբ հարգել են զոհերի հիշատակը։ Քվեարկությունը ոչ միայն հանրաքվե է Նեթանյահուի երկարամյա ղեկավարության վերաբերյալ, այլև ընտրություն հարցի շուրջ, թե ինչպիսի երկիր պետք է լինի Իսրայելը՝ կրոնական և ազգայնական ուժերի մեծ ազդեցության ներքո՞, թե՞ ավելի ամուր հենված ազատական և աշխարհիկ արժեքների վրա։
Իսրայելցիների համար ընտրությունները հնարավորություն են վերանայելու երկրի հետագա ուղին՝ Նեթանյահուի վերջին՝ հատկապես բուռն քառամյա պաշտոնավարման ավարտին։ Նեթանյահուի աջակիցները նրան համարում են կայուն և փորձառու պետական գործիչ, որը, իրենց համոզմամբ, հաղթականորեն առաջնորդել է Իսրայելը մի շարք պատերազմների ընթացքում։ Նրանք կարծում են, որ նա պաշտպանում է Իսրայելի հրեական ինքնությունը՝ միաժամանակ զսպելով այն, ինչ իրենք համարում են դատական համակարգի միջամտություն։
Միաժամանակ, քննադատները Նեթանյահուին համարում են հասարակությունը պառակտող առաջնորդ, որը շարունակվող կոռուպցիոն դատավարության պայմաններում քաղաքական նկատառումներով երկարաձգել է Գազայի պատերազմն ու պատանդների ճգնաժամը։ Նրանք պնդում են, որ նա խարխլում է դատական համակարգի անկախությունը և թուլացնում Իսրայելի ժողովրդավարական հիմքերը։ Քննադատները նաև մեղադրում են նրան այնպիսի համակարգի պահպանմանը նպաստելու մեջ, որը թույլ է տալիս ծայրահեղ ուղղափառ հրեաներին խուսափել Իսրայելում պարտադիր զինվորական ծառայությունից։
Էյզենկոտի կողմնակիցները նրան համարում են ընդունակ առաջնորդ՝ անվտանգության ոլորտում մեծ փորձով։ Նրանց կարծիքով՝ նա իր հավանական կոալիցիոն գործընկերների հետ կարող է հակազդել երկրում աստիճանաբար ուժեղացող անլիբերալ միտումներին։ Հակամարտությունն անձամբ է անդրադարձել նրա ընտանիքի վրա․ նրա որդին և երկու եղբորորդիները զոհվել են Գազայում։ Աջակիցները կարծում են, որ նա խորապես գիտակցում է այն ցավը, որը հարձակումներից երեք տարի անց էլ շարունակում է զգալ Իսրայելի հասարակությունը։
Այն կուսակցությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, կաջակցեն Էյզենկոտին, խոստացել են բարելավել Իսրայելի միջազգային հեղինակությունը, քայլեր ձեռնարկել ծայրահեղ ուղղափառ հրեաներին պարտադիր զինվորական ծառայության ներգրավելու ուղղությամբ և ամրապնդել դատական համակարգի անկախությունը։
Նեթանյահուն իշխանության է վերադարձել 2022 թվականի դեկտեմբերին՝ իր կոալիցիայում ընդգրկելով ծայրահեղ աջ ազգայնական ուժերի, որոնց քաղաքական ազդեցությունը դրանից հետո կտրուկ աճել է։ Ընդդիմությունը քննադատում է վարչապետին՝ ծայրահեղ ուղղափառ կուսակցություններին աջակցելու համար։ Այդ կուսակցությունները պայքարում են կրոնական հրեական ուսանողների համար զինվորական ծառայությունից ազատման արտոնությունները պահպանելու ուղղությամբ, այն դեպքում, երբ բանակը կադրերի պակաս է զգում։
Նեթանյահուի հասցեին հնչող հիմնական քննադատություններից մեկն այն է, որ նա պատասխանատվություն չի ստանձնել հոկտեմբերի 7-ի հարձակման համար, որը դարձավ Իսրայելի պատմության ամենաարյունալի օրը։
66-ամյա Էյզենկոտը խոստացել է ստեղծել անկախ պետական քննչական հանձնաժողով՝ հարձակմանը հանգեցրած անվտանգության համակարգի ձախողումները հետաքննելու համար։ Նեթանյահուի կառավարությունը մինչ այժմ դեմ է արտահայտվել այդ նախաձեռնությանը։
Վարչապետին իշխանությունից հեռացնելու նպատակով ձևավորվել է կուսակցությունների ոչ պաշտոնական դաշինք՝ Էյզենկոտի «Յաշար» կուսակցության գլխավորությամբ։ Այն ընդգրկում է աջակողմյան ուժերից մինչև կենտրոնամետ և ձախակենտրոն կուսակցություններ։ Էյզենկոտը խոստացել է թույլ չտալ Պաղեստին պետության ստեղծումը և աջակցություն է հայտնել իսրայելական բնակավայրերին, սակայն միաժամանակ խոստացել է խստորեն պայքարել բռնություն գործադրող վերաբնակիչների դեմ։
Ո՛չ Էյզենկոտը, ո՛չ Նեթանյահուն հրապարակայնորեն չեն հայտարարել, որ պատրաստ են համագործակցել հիմնականում արաբական կուսակցությունների հետ։ Այդ կուսակցությունները ներկայացնում են Իսրայելի բնակչության մոտ 21 տոկոսը և ընտրությունների սպասվող արդյունքի դեպքում կարող են վճռորոշ դեր խաղալ իշխանական մեծամասնության ձևավորման հարցում։
Ընտրությունների վերջնական արդյունքները կարող են հայտնի դառնալ մի քանի օրվա ընթացքում։ Քիչ հավանական է, որ որևէ առանձին կուսակցություն մոտենա 120 տեղանոց խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար անհրաժեշտ 61 մանդատին։ Կոալիցիա ձևավորելու բանակցությունները կարող են տևել շաբաթներ կամ ամիսներ։ Իսկ եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ, հնարավոր է՝ Իսրայելում նոր ընտրություններ անցկացվեն։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

