Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
Քաղաքականություն
26.10.2026 | 23:07
COP17-ի նախագահ, ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը և Գերմանիայի շրջակա միջավայրի, կլիմայական գործողությունների, բնության պահպանության և միջուկային անվտանգության դաշնային նախարար Կարստեն Շնայդերը ստորագրել են շրջակա միջավայրի և կլիմայի պահպանության ոլորտներում համագործակցության վերաբերյալ մտադրությունների համատեղ հռչակագիր։ Այս մասին տեղեկացնում են ՇՄՆ-ից։

«Փաստաթուղթն ընդգրկում է կենսաբազմազանության պահպանությունն ու վերականգնումը, բնության հատուկ պահպանվող տարածքների կառավարումը, կլիմայի փոփոխության մեղմումն ու հարմարվողականությունը, շրջանաձև տնտեսության զարգացումը և թափոնների կառավարումը։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարմանն ու Սևանա լճի պահպանությանը։
Հռչակագիրը նոր հնարավորություններ է ստեղծում համատեղ ծրագրերի իրականացման, փորձի փոխանակման և մասնագիտական կարողությունների զարգացման համար»,- ասվում է հաղորդագրությունում։

