Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.10.2026 | 21:27«Գործարար» կուսակցության ցուցակով Ստեփանավանի ընտրություններում առաջադրված Արմեն Գրիգորյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Այս մասին Factor TV-ի հետ զրույցում հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։
Ըստ նախնական արդյունքների՝ Ստեփանավանում «Քաղաքացիական պայմանագիրը» ստացել է ձայների 35.32 տոկոսը՝ զբաղեցնելով երկրորդ տեղը։ Ալեքսանյանի խոսքով՝ Ստեփանավան համայնքը ղեկավարելու հավակնություն են հայտնել Ստեփանավանի և Լոռի Բերդի համայնքապետերը, ու կուսակցությունը որոշել է, որ նրանցից մեկի ընտրությունը կատարեն համայնքի բնակիչները։
««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության երկու անդամներ են առաջադրվել տարբեր ընտրական ցուցակներով՝ մեկը «Գործարար» կուսակցությունով, մյուսը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունով։ Նա նախկին անդամ չէ, գործող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ է»,- պարզաբանեց Ալեքսանյանը։
Նրա խոսքով՝ երկու թեկնածուներն էլ քարոզարշավի ընթացքում հայտարարել են, որ նույն թիմի ներկայացուցիչներ են։
Ալեքսանյանը նշեց, որ Ստեփանավանում առաջին և երկրորդ տեղերը զբաղեցրած ուժերը, այսինքն` «Գործարար»-ն ու ՔՊ-ն միասին ստացել են ձայների ավելի քան 70 տոկոսը։
Անդրադառնալով ընտրախախտումների վերաբերյալ պնդումներին՝ ՔՊ-ական պատգամավորը նշեց, որ Եղեգնաձորում տեսել են «Նոր դարաշրջան» կուսակցության վստահված անձի կողմից ընտրողներին ուղղորդելու դեպք։ Նա նաև պնդեց, թե Ստեփանավանում ընտրությունների օրը «Ուժեղ Հայաստանի» պատգամավորները հրապարակային եթերում հակաքարոզչություն են իրականացրել ՔՊ-ի դեմ և քարոզչություն արել իրենց ուժի օգտին։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան

