Սա ընդդիմության մահախոսականը չէ․ ՏԻՄ ընտրություններին չմասնակցեցինք՝ նոր հարվածներ չստանալու համար․ Արման Աբովյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
26.10.2026 | 21:00«Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը Factor TV-ի եթերում անդրադարձել է ՏԻՄ ընտրություններին, իշխանության գործելաոճին, երկրում տիրող քաղաքական մթնոլորտին և ընդդիմության խնդիրներին։ Քաղաքական գործիչը մեղադրել է իշխանություններին քաղաքական դաշտի ամայացման մեջ։
Անդրադառնալով ՏԻՄ ընտրություններում ընդդիմության մասնակցությանն ու իշխանության հայտարարություններին, Աբովյանը նշել է. «Եկեք միանգամից ֆիքսենք երկու-երեք հանգամանք։ Կհիշեք 18 թվականից ի վեր այս կամ այն առումով այս իշխանությունը ամեն պատեհ-անպատեհ պատճառներով հայտարարություններ էր տարածում, որ վերջ՝ ընդդիմությունը չկա, նախկինները մեռել են և այլն, և այլն… Ինչ վերաբերում է ՏԻՄ-ին, ապա հիշեցնեմ, որ բազմաթիվ տարածքներում ընդդիմությունը ընդհանրապես նպատակահարմար չգտավ այս փուլում մասնակցի, չգիտեմ ինչ-ինչ պատճառներով։ Տեղի ունեցավ մի գործընթաց, որը ես անվանում եմ քաղաքական դաշտի ամայացում»։
Խոսելով իշխանության կողմից իրականացվող քաղաքականության և դրա հետևանքների մասին՝ ԲՀԿ անդամն ընդգծել է. «Քննարկել մի իրավիճակ, երբ որ ինքնին ընդդիմության մասնակցությունը յուրաքանչյուր էլեկտորալ գործընթացում արդեն իսկ հանգեցնում է բռնաճնշումների, քրեական գործերի և այլն, և այլն։ Այսինքն, եթե ընդդիմությունը մասնակցում է, մենք կարող ենք միանգամից ընդգծել, որ լինելու են ճնշումներ… Հունիսի 7-ից ըստ էության ընդդիմության հիմնական ուժերը ստանում են անդադար հարվածներ»։
Աբովյանը անդրադարձել է նաև ընդդիմադիրների դեմ հարուցված գործերին և հրապարակվող տեսանյութերին՝ նշելով, որ դրանք իրավական գործընթացներ չեն. «Եթե ներկայացվում է տեսանյութ կամ ձայնագրություն, ինքը անմիջապես խախտում է երկու կարեւորագույն դրույթները՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացուն վերաբերվող անմեղության կանխավարկածը… Եվ երկրորդը՝ մանիպուլյատիվ գործողությունների պարագայում ձևավորվում է մի իրավիճակ, երբ որ մարդը տեսնում է մի տեսանյութ, ոչ ես գիտեմ, ոչ դուք գիտեք՝ էդ տեսանյութը ոնց ա ընկել իրենց ձեռը, ինչ են էդ տեսանյութի հետ արել։ Ընդդիմությունը այսօր գտնվում է բռնաճնշումների ներքո, և բռնաճնշումների ներքո գտնվելու պարագայում նվազագույնը… իր գործողությունը սահմանափակում է»։
Անդրադառնալով ընդդիմադիր դաշտի հետագա համախմբմանն ու նոր ֆորմատների ձևավորմանը՝ վերլուծաբանը նշել է. «Իմ խորին համոզմամբ, այս փուլում հիմա մի քիչ դժվար է և մի քիչ անիրական է ինչ-որ բաներ, ինչ-որ որոշումներ ընդունել ֆորմատների մասով… Երբ որ դու բաղադրիչների բավականին լայն զանգված չունես, քեզ մի քիչ դժվար ա դա հասկանալը»։
Հաղորդումն ամբողջությամբ՝ տեսանյութում։
Ռոբերտ Անանյան

