Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Քաղաքականություն
23.10.2026 | 15:41
Մոսկվան և Կիևը Բելառուսի Գոմելի մարզում՝ «Նովայա Գուտա» անցակետում, քաղաքացիական անձանց են փոխանակել, գրում է Current time-ը։
Փոխանակման արդյունքում Ռուսաստան են վերադարձել վեց ընտանիքի անդամներ՝ ընդհանուր 7 մարդ, այդ թվում՝ ամուսնական զույգ։ Միաժամանակ, Ուկրաինա են մեկնել վեց ընտանիքի անդամներ՝ դարձյալ 7 անձ։
Փոխանակման նախապատրաստման մասին հաղորդվել էր դրանից մի քանի ժամ առաջ։ Դա տեղի է ունեցել Ռուսաստանի և Ուկրաինայի մարդու իրավունքների պաշտպաններ Յանա Լանտրատովայի և Դմիտրի Լուբինեցի մասնակցությամբ։ Նրանք հանդիպել են Բելառուսի տարածքում։
Լուբինեցը մեկնաբանել է փոխանակումը՝ հայտնելով, որ հայրենիք վերադարձածների թվում են տեղաշարժման սահմանափակ հնարավորություններով 90-ամյա կին և 50-ամյա ուկրաինուհի, որը սրտամկանի ինֆարկտ և ինսուլտ է տարել։ Վերադարձել են նաև մի կին և նրա երեխան, որոնք լայնածավալ ներխուժման սկզբին Մարիուպոլում են եղել և ռազմական գործողությունների պատճառով չեն կարողացել միանալ իրենց ընտանիքին։
Միաժամանակ, հաղորդվում է նաև ռազմագերիների փոխանակման մասին։ Ռուսաստանն ուկրաինական գերությունից վերադարձրել է 270 զինծառայողի, իսկ դրա դիմաց Ուկրաինային է փոխանցվել 270 ռազմագերի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ-ին։
Նախորդ անգամ կողմերը քաղաքացիական անձանց փոխանակում էին իրականացրել սեպտեմբերի 17-ին։ Այդ ժամանակ Ռուսաստան էր վերադարձել 3 մարդ, իսկ Ուկրաինա՝ 15-ը։
Նախօրեին Ռուսաստանն ու Ուկրաինան նաև զոհվածների մարմիններ էին փոխանակել։ Ռուսաստանին փոխանցվել էր 252 մարմին, իսկ Ուկրաինային՝ 25։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

