Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
Քաղաքականություն
23.10.2026 | 16:50
Թբիլիսիի միջազգային օդանավակայանում Վրաստանի մաքսային ծառայության աշխատակիցները ձերբակալել են Ադրբեջանի ազգային հերոս Իբադ Հուսեյնովին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել են նրա հարազատները, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Միջադեպը տեղի է ունեցել սահմանային և մաքսային հսկողություն անցնելիս։ Վրաստանի համապատասխան ծառայությունների ներկայացուցիչները Հուսեյնովին հայտնել են, որ նրան արգելվում է մուտք գործել Վրաստանի տարածք։
Հուսեյնովն ադրբեջանական լրատվամիջոցներին պատմել է, որ օդանավակայան է ժամանել տեղի ժամանակով 10:40-ին և սպասել մինչև ժամը 16:00-ն, որի ընթացքում մնացել է առանց սննդի և ջրի։ Նրան նաև տեղեկացրել են, որ Վրաստանում մնալը կարող է խնդիրներ ստեղծել, և որ ավելի լավ կլինի վերադառնալ Ադրբեջան։
Հաղորդվում է, որ իրավիճակը կարգավորվել է միայն Վրաստանում Ադրբեջանի դեսպանատան օպերատիվ միջամտությունից հետո։ Ադրբեջանցի դիվանագետների աջակցությամբ բոլոր սահմանափակումները վերացվել են, և նա ազատ է արձակվել։
Հուսեյնովը Թբիլիսի էր ժամանել՝ մասնակցելու 2026 թվականի հոկտեմբերի 23-ին նախատեսված հանրային միջոցառման։
Հուսեյնովը ադրբեջանցի ռազմական գործիչ է, «Ադրբեջանական դրոշի» շքանշանի ասպետ, դիվերսիոն-հետախուզական ջոկատի հրամանատար Ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Ադրբեջանի ազգային հերոսի կոչումը նրան շնորհվել է 2020 թվականին։
Հուսեյնովը տարիներ շարունակում պնդում է, թե, իբր, հենց ինքն է 1993 թվականի հունիսին սպանել Մոնթե Մելքոնյանին։ Այս վարկածը, սակայն, իրականությանը չի համապատասխանում։ Մոնթեն զոհվել է 1993 թվականի հունիսի 12-ին՝ ադրբեջանական զրահամեքենայի կրակոցից, երբ հետախուզության նպատակով մարտական ընկերների հետ այցելել է Աղդամի շրջանի Մարզիլի գյուղի մատույցներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

