Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը

Լուրեր

23.10.2026 | 17:24
Տիգրան Հակոբյանն ընտրվել է «Հանրօգուտ մեդիամիջավայր» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ
23.10.2026 | 17:19
Մոսկվայի բոլոր օդանավակայանները փակվել են․Շերեմետևոյում օդային տագնապ է հայտարարվել
23.10.2026 | 17:10
ԱԱ. Հայաստանի հավաքականի ըմբիշների առաջին մրցակիցները հայտնի են
23.10.2026 | 16:59
Կրեմլը հայտնում է՝ Աբու Դաբիում նոյեմբերի առաջին կեսին նախատեսված Ուկրաինայի հարցով բանակցությունները կանցկացվեն եռակողմ ձևաչափով
23.10.2026 | 16:50
Ադրբեջանի ազգային հերոսը ձերբակալվել է Թբիլիսիի օդանավակայանում․ նա տարիներ շարունակ պնդում է, իբր, ինքն է սպանել Մոնթեին
23.10.2026 | 16:40
Արթիկում՝ 4 ուժ, Ախուրյանում՝ միայն ՔՊ-ն․ Շիրակի համայնքները՝ ընտրություններից առաջ
23.10.2026 | 16:33
Դիլիջանում նոր թունել կկառուցվի, Պուշկինի թունելը կհիմնանորոգվի․ Կառավարությունը հաստատել է ծրագրերը
23.10.2026 | 16:28
COP17-ի հակառակ կողմը․ SLAPP-երը և բնապահպանական որոշումների կայացումը Հայաստանում. ՈՒՂԻՂ
23.10.2026 | 16:27
Արման Ծառուկյանը նշել է՝ երբ է մենամարտելու UFC-ի տիտղոսի համար
23.10.2026 | 16:19
ԱՄՆ պաշտոնյան Հայաստանում քննարկել է ներդրումների ընդլայնման հնարավորությունները
23.10.2026 | 16:08
Հայաստանի Առաջին խմբում կայացել է 11-րդ տուրը
23.10.2026 | 16:00
Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավն ուղևորվել է դեպի ԱՄՆ
23.10.2026 | 15:51
Սև ծովում առևտրային նավ է խորտակվել, որում Ադրբեջանի քաղաքացիներ են եղել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 15:46
Ընտրակաշառքի գործով ձերբակալվել է ևս 10 անձ․ մեղադրյալների թիվը հասել է 24-ի
23.10.2026 | 15:41
Ռուսաստանն ու Ուկրաինան քաղաքացիական անձանց ու ռազմագերիների փոխանակում են իրականացրել
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր։ Նախատեսվում է Դիլիջանի գործող թունելին զուգահեռ կառուցել 2365 մետր երկարությամբ նոր թունել, իսկ գործողը վերածել տարհանման թունելի։ Կհիմնանորոգվի նաև Պուշկինի թունելը, կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները։ Քննարկվել և հաստատվել են նաև Հեր-Հերի ջրամբարի ջրով Վայոց ձորի 12 բնակավայրերի ոռոգման, Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության տեխնիկական վերազինման և Հայաստանի տարածական տվյալների թվային համակարգի զարգացման ծրագրերը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 9–րդ նիստը։

Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման մեթոդով օգտագործելու հնարավորության վերաբերյալ» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, «Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կարողությունների հզորացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման մեթոդով օգտագործելու հնարավորության վերաբերյալ» նախագիծը: Ներկայացվել է, որ նախագիծն իրականացվելու է Վայոց ձորի մարզի 12 բնակավայրեր ոռոգման ջրի ապահովման նպատակով։ Զեկուցվել է, որ Հեր-Հերի ջրամբարից կառուցվող ջրագծի իշխման տակ ընկած հողատարածքները կարող են կազմել շուրջ 2440 հա և ընդգրկված են Հեր-Հեր, Վայք, Մալիշկա, Զեդեա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Աղավնաձոր, Ռինդ, Արենի և Չիվա բնակավայրերը։ Հեր-Հերի ջրամբարում տարեկան կուտակվող 26 մլն մ³ ջուրը ջրատարի կառուցմամբ հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել, ավելացնել ոռոգելի հողատարածքները, ապահովել ոռոգման ջրի կայուն մատակարարում, լրացուցիչ 10-13 մլն խմ ջրի հոսք ապահովել Սևանա լիճ և այլն։

Կոմիտեի անդամները քննարկել են ծրագրի իրականացմամբ տնտեսական, սոցիալական և ջրային անվտանգության խնդիրների լուծման հնարավորությունները, ընդգծվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա առավել հստակ գնահատել էներգետիկ հնարավորությունները:

Օրակարգի հաջորդ հարցը զեկուցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ներկայացվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը:

Նախ ներկայացվել է «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում» ծրագրի նախագիծը: Նշվել է, որ նախատեսվում է վերականգնել և բարելավել 2024թ. մայիսին տեղի ունեցած հեղեղումներից տուժած Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածները։ Նախատեսվում է վերականգնել վնասված ճանապարհահատվածները, բարձրացնել Դեբեդ գետի հետագա հնարավոր վարարումների նկատմամբ խոցելի հատվածների դիմակայունությունը՝ ափապաշտպան միջոցառումների և հենապատերի կառուցման միջոցով, ինչպես նաև իրականացնել քարաթափման դեմ պաշտպանիչ միջոցառումներ։

Քննարկման արդյունքում ընդգծվել է անվտանգ և կլիմայական ռիսկերին դիմակայուն տրանսպորտային ենթակառուցվածք ունենալու կարևորությունը, որը կնպաստի ճանապարհային անվտանգությանը, տրանսպորտային համակարգերի անխափան ու անվտանգ գործունեությանը, տնտեսական արդյունավետությանը, համայնքների հասանելիությանը և այլն:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը զեկուցել է նաև «Դիլիջանի նոր թունելի կառուցում» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է Դիլիջանի գոյություն ունեցող թունելին զուգահեռ, մոտ 50 մ դեպի ձախ կառուցել 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհին և Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներում անվտանգության նվազագույն պահանջների վերաբերյալ ԵՄ 2004/54/EC հրահանգին համապատասխանող, ժամանակակից ինժեներական, անվտանգային և ավտոմատ կառավարման համակարգերով հագեցած՝ 2365 մ երկարությամբ նոր թունել՝ գործող թունելը վերափոխելով տարհանման թունելի։ Տարհանման թունելը յուրաքանչյուր 500 մ-ում կապված կլինի նոր թունելի հետ, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում արագ կազմակերպել երթևեկության մասնակիցների տարհանումը։

Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ նախագծի իրականացումը կնպաստի ժամանակակից, անարգել և կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը և կծառայի մարդկանց, տնտեսական զարգացմանը և շրջակա միջավայրին: Ընդգծվել է, որ ժամանակակից թունելային համալիրի կառուցումը կնպաստի նաև արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարմանը, անխափան և հուսալի երթևեկության ապահովմանը, զբոսաշրջության, բեռնափոխադրումների և տնտեսական ակտիվության զարգացմանը:
Քրիստինե Ղալեչյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» ծրագրի նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է իրականացնել թունելի կառուցվածքային տարրերի վերականգնում և արդիականացում, ինժեներական համակարգերի բարելավում, ինչպես նաև ճանապարհային և հրդեհային անվտանգության ժամանակակից լուծումների ներդրում։ Ծրագրի իրականացումը կնպաստի երթևեկության անվտանգության և անխափանության բարձրացմանը, տրանսպորտային կապերի հուսալիության բարելավմանը և թունելի համապատասխանեցմանը ժամանակակից անվտանգության պահանջներին։

Ծավալվել է մտքերի փոխանակություն, կոմիտեի անդամները կարևորել են թունելի և դրա տեխնիկական համակարգերի արդիականացմանը, երթևեկության անվտանգ կազմակերպմանը և արտակարգ իրավիճակներին արձագանքման բարելավված պայմաններ ունենալուն ուղղված աշխատանքները:

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է «Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կարողությունների հզորացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Զեկուցվել է, որ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում շահագործվող հրշեջ տեխնիկան 2010 թվականից ի վեր չի թարմացվել։ Ներկայումս շահագործման մեջ գտնվող հրշեջ տեխնիկան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշված է ու հաճախակի խափանվում է։ Վերջին տարիներին Երևան քաղաքում և նրա շրջակայքում կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ բնակելի և հասարակական շենքեր, ինչպես նաև առկա են վտանգավոր արդյունաբերական ու կարևորագույն կենսաապահովման օբյեկտներ, որոնց հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 35 և ավելի մետր թռիչքով ավտոսանդուղքներ։

Նիստում քննարկվել են ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով այն իրականացնելու հնարավորություններին:

Օրակարգի շրջանակում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» ներդրումային ծրագրի նախագիծը: Զեկուցվել է, որ ծրագիրը նախատեսում է Հայաստանի Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծումն ու զարգացումը՝ որպես երկրի թվային փոխակերպման առանցքային տարր։ Այն ներառում է միասնական գեոդեզիական հղումների համակարգ, երկրի ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում և LiDAR քարտեզագրում, քաղաքների բարձր լուծաչափով 3D մոդելներ, ճանապարհների շարժական քարտեզագրում, ջրային գոտիների բաթիմետրիկ հետազոտություններ, կադաստրային տվյալների ստանդարտացում, թեմատիկ տվյալների հավաքածուներ և թվային ծառայություններ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հուսալի ենթակառուցվածքով ապահովված Ազգային գեոպորտալի արդիականացում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, ընդգծվել ինտեգրված տեղեկատվության կարևորությունը ռազմավարական պլանավորման և կանխատեսման, որոշումների կայացման, կառավարման, գործառնական արդյունավետության հարցերում:

Վերոնշյալ նախագծերը քննարկումների արդյունքում հաստատվել են:

Ամփոփելով նիստը՝ վարչապետը կարևորել է հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետ կառավարումն ու իրականացումը, որոնք նպաստում են տնտեսական ակտիվությանը, միջոցների նպատակային բաշխմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, երկարաժամկետ արդյունավետությանը և այլն»: