Բրյուսելում Հայաստանի ռազմական ոլորտի վերափոխման և եվրոպական համագործակցության մասին հետազոտություն է ներկայացվել
Քաղաքականություն
22.10.2026 | 14:45
«Հայաստանն այսօր կանգնած է այն սահմանագծին, որտեղ եվրոպական քաղաքական տարածքը միաժամանակ և՛ ավարտվում է, և՛ սկսվում»,- կարծում է Կովկաս ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագիտության դոկտոր Սերգեյ Մինասյանը։ Նրա խոսքով՝ այս դիրքի մշտական կամ անցումային լինելը կախված է առաջիկա տարիներին Երևանում, Բրյուսելում և Վաշինգտոնում կայացվելիք որոշումներից։
Բրյուսելում Սերգեյ Մինասյանը ներկայացնում էր «Հայաստանի ռազմական և անվտանգության ոլորտների վերափոխման եվրոպական չափումը» վերլուծական աշխատանքը։ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հրապարակած հետազոտությունն անդրադառնում է Հայաստանի անվտանգության քաղաքականության փոփոխություններին, եվրոպական գործընկերների հետ համագործակցությանը և պաշտպանության ոլորտում ընթացող վերափոխումներին։

Աշխատությունը բաղկացած է վեց հիմնական գլուխներից և վերլուծում է 2020 թվականից ի վեր Հայաստանի ռազմական ու անվտանգության ոլորտների վերափոխումը, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը, երկկողմ պաշտպանական գործընկերություններն ու ժամանակակից պատերազմների փորձից քաղվող դասերը։ Առանձին գլխում ներկայացված են առաջարկություններ Հայաստանի որոշում կայացնողների, ԵՄ կառույցների, ՆԱՏՕ-ի և գործընկեր երկրների համար։
Զեկույցը Հայաստանի անվտանգության ոլորտում ԵՄ ներգրավվածությունը ներկայացնում է երեք հիմնական ուղղությամբ՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելություն՝ EUMA, Հայաստանում ԵՄ գործընկերության առաքելություն՝ EUPMA, որն ուղղված է հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ամրապնդմանը, և Խաղաղության եվրոպական հիմնադրամի պաշտպանական աջակցություն։
Հեղինակի գնահատմամբ՝ այս գործիքների ներուժը լիարժեք օգտագործելու համար դրանք պետք է գործեն որպես մեկ համակարգ։ Նա առաջարկում է, օրինակ, EUPMA-ի՝ տեղեկատվական մանիպուլյացիաներին հակազդելու խորհրդատվական աշխատանքը կապակցել EUMA-ի հավաքած ու փաստագրված տեղեկությունների հետ, իսկ Խաղաղության եվրոպական հիմնադրամով ֆինանսավորվող նյութատեխնիկական բարելավումները՝ տարածքային պաշտպանության և պահեստազորի զարգացման հետ։

Երևանը դիմել է եվրոպացի գործընկերներին՝ ԵՄ առաքելություններին մասնակցելու հարցով
Հայաստանը հետաքրքրված է աշխարհի տարբեր երկրներում Եվրամիության իրականացրած երկու-երեք առաքելության մասնակցությամբ և արդեն դիմել է եվրոպացի գործընկերներին՝ քննարկելու իր հնարավոր ներդրումը։ Այս մասին քննարկմանը հայտարարեց Եվրամիությունում ՀՀ դեսպան Տիգրան Բալայանը՝ չբացելով փակագծերը, թե որ առաքելությունների մասին է խոսքը։
«Մենք ցանկանում ենք ոչ միայն անվտանգությունից օգտվող լինել, այլև աջակցել անվտանգության ապահովմանն աշխարհի այլ տարածաշրջաններում ու երկրներում»,- նշեց Բալայանը։
Անդրադառնալով անվտանգության ոլորտում Հայաստան–ԵՄ համագործակցությանը՝ դեսպանը հայտնեց, որ կողմերը բանակցում են Խաղաղության եվրոպական հիմնադրամի՝ EPF-ի շրջանակում հաջորդ տարվա աջակցության շուրջ։ Նա անհրաժեշտ է համարում ընդլայնել աջակցության բովանդակությունը՝ հույս հայտնելով, որ հնարավոր կլինի ներառել նաև «որակապես նոր նյութական միջոցներ»։
«Եվրոպացի գործընկերների հետ կատակում ենք, որ Հայաստանը, թերևս, աշխարհի միակ երկիրն է, որտեղ դիվանագիտական կարգավիճակով եվրոպական երեք ներկայացուցչություն կամ առաքելություն կա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակությունը, EUMA-ն և EUPMA-ն։ Դրանք տեղակայվել են Հայաստանի իշխանությունների հրավերով, և բոլորն էլ արդյունավետ աշխատանք են կատարում՝ աջակցելով մեր պետությանն ու պետական կառույցներին դիմակայելու հիբրիդային սպառնալիքներին»,- ասաց դեսպանը։
Նրա գնահատմամբ՝ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայումը նպաստել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների անվտանգության զգացողության վերականգնմանը և դրականորեն փոխել Եվրամիության նկատմամբ հանրային ընկալումը։
Հայաստանը ՆԱՏՕ-ի համար պարզապես գործընկեր չէ
Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունները կարող են խորանալ, սակայն առավել իրատեսական ուղին, Սերգեյ Մինասյանի գնահատմամբ, համագործակցությունն է՝ առանց անդամակցության հեռանկարի։ Այդ տարբերակը նա անվանում է «հարմարեցված ռազմավարական համագործակցություն»՝ գործընկերության ծրագրերի, ռազմական կրթության և պաշտպանական կարողությունների զարգացման հնարավորությունների առավելագույն օգտագործմամբ։
Զեկույցը կառուցվածքային սահմանափակում է համարում ՆԱՏՕ-ում Թուրքիայի դերը և Ադրբեջանի հետ Անկարայի ռազմավարական գործընկերությունը։ Ըստ հեղինակի՝ դրանք սահմանափակում են այն շրջանակը, որի ներսում դաշինքը պատրաստ է կամ կարող է հանդես գալ որպես Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Այս հանգամանքը, նրա գնահատմամբ, նաև բացատրում է, թե ինչու ՆԱՏՕ-ն, ի տարբերություն ԵՄ-ի, հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացում սահմանափակ դեր է ունեցել։
Մյուս սահմանափակող գործոնը Ռուսաստանի հետ Հայաստանի նախկին անվտանգային կապերն էին և Մոսկվայի հնարավոր արձագանքի վերաբերյալ մտահոգությունները։ ՀԱՊԿ-ին մասնակցության սառեցումը, ըստ զեկույցի, մասամբ վերացրել է ավելի խոր համագործակցության քաղաքական խոչընդոտը։ Հայաստան–Թուրքիա կարգավորման գործընթացը նույնպես թուլացնում է սահմանափակումները, սակայն չի վերացնում թուրք-ադրբեջանական կապերի ազդեցությունը։
ՆԱՏՕ-ում Հայաստանի Հանրապետության առաքելության ղեկավար Արման Իսրայելյանի խոսքով՝ Հայաստանի համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ զգալիորեն փոփոխվել է հատկապես ՀԱՊԿ-ին Հայաստանի մասնակցության սառեցումից հետո։ Նա նշել է, որ գործընկերությունը պահանջարկով է պայմանավորված․ Երևանն ինքն է ներկայացնում այն ոլորտները, որտեղ ցանկանում է համագործակցել կամ խորացնել առկա կապերը։
«Գործընկերը՝ այս դեպքում մենք, ՆԱՏՕ-ին ներկայացնում է, թե որ ոլորտներում է ցանկանում համագործակցել կամ ակտիվացնել համագործակցությունը։ Երբ Հյուսիսատլանտյան խորհուրդը հավանություն է տալիս, մենք շարժվում ենք այդ ուղղությամբ»,- ասաց նա։
«Հայաստանը ոչ թե պարզապես գործընկեր է, այլ գործառնական գործընկեր՝ խաղաղապահ ուժերում մեր ներդրման շնորհիվ»,- ընդգծեց Իսրայելյանը։
«Եթե զենքը չես կարող արդյունավետ կիրառել, այն պարզապես երկաթ է»
Հայաստանի պաշտպանական ծախսերը, ըստ փաստաթղթի, 2021 թվականի մոտ 620 միլիոն դոլարից 2025 թվականին հասել են 1,69 միլիարդ դոլարի՝ ՀՆԱ-ի մոտ 6 տոկոսին։ Հայաստանը նվազեցրել է սպառազինության հարցում կախվածությունը Ռուսաստանից և ընդլայնել պաշտպանական կապերը Ֆրանսիայի, Հնդկաստանի ու այլ երկրների հետ։ Սակայն նոր սպառազինության ձեռքբերման տեմպը գերազանցում է այն յուրացնելու և միասնական համակարգում ինտեգրելու ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տեմպը։
«Հինգ տարբեր երկրներից տեխնիկա գնելը մի խնդիր է։ Այն միասնական դոկտրինի, նյութատեխնիկական ապահովման և պատրաստության մեկ համակարգի մեջ ինտեգրելը շատ ավելի բարդ ու երկարատև խնդիր է»,- նշեց Մինասյանը։
Նրա գնահատմամբ՝ ռազմական կրթությունը, հրամանատարական մշակույթը և դոկտրինը դեռ մասամբ կրում են խորհրդային հնացած մոդելների ազդեցությունը։ Տարածքային պաշտպանության և ակտիվ պահեստազորի վերաբերյալ օրենսդրությունը դեռ ամբողջական չէ, իսկ բանակում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը շարունակում են լուրջ խնդիր մնալ։
«Սա ինստիտուցիոնալ մշակույթի խնդիր է, որն անմիջականորեն ազդում է Հայաստանի զինված ուժերի մարտունակության վրա»,- համոզված է նա։
Մինասյանի կարծիքով՝ Հայաստանը պետք է արագացնի հրամանատարական համակարգի, ռազմական կրթության և անձնակազմի պատրաստության փոփոխությունները՝ տարբեր երկրներից ձեռք բերվող սպառազինությունն արդյունավետ կիրառելու համար։
Քննարկումից հետո Factor TV-ի հետ զրույցում Մինասյանը մանրամասնեց, որ այս խնդիրն առկա է ոչ միայն Հայաստանում․
«Դա միշտ է հրատապ, նույնիսկ զարգացած երկրների համար, բայց մեր դեպքում դա կրկնակի հրատապ է։ Ռազմական արվեստում զենքն ինքնին դեռ ամեն ինչ չէ։ Եթե դու չես կարողանում այն արդյունավետ կիրառել, կառավարել ու օգտագործել, զենքը զենք չէ, այլ պարզապես երկաթ է»,- ասաց նա։

Հստակեցնող հարցին՝ արդյո՞ք 2020 թվականից հետո փոփոխություններ չկան, զեկույցի հեղինակը պատասխանեց․ «Մենք աշխատում ենք այդ տրանսֆորմացիայի ուղղությամբ, բայց պարզ է, որ բացերը շատ են, և մենք չպետք է վախենանք խոսել այդ մասին։ Հենց դրա համար նշել եմ այն խնդիրները, որոնց վրա հարկավոր է հատուկ ուշադրություն դարձնել»։
Հետազոտությունը նաև քննարկում է, թե Հայաստանը ինչ կարող է սովորել ժամանակակից հակամարտություններից, մասնավորապես՝ Ուկրաինայի պատերազմից, ինչպես նաև Ուկրաինային և արևելյան մյուս գործընկերներին աջակցելու ԵՄ փորձից։
Մինասյանի գնահատմամբ՝ ժամանակակից մարտադաշտը դարձել է գրեթե ամբողջությամբ տեսանելի, իսկ իրական ժամանակում իրականացվող հետախուզության և ճշգրիտ հարվածների պայմաններում լայնածավալ հարձակողական գործողությունները չափազանց մեծ գին են պահանջում։
«Անօդաչու սարքերը կարևոր են, բայց ոչ ինքնին։ Հայաստանի համար դասն ուղղակի անօդաչուներ արտադրելը չէ։ Ավելի շուտ պետք է կառուցել ինտեգրված համակարգ, որտեղ անօդաչուները բազմաթիվ բաղադրիչներից մեկն են»,-նշեց նա։
Իսկ ի՞նչ կարող է Հայաստանն առաջարկել Եվրոպային ռազմական և անվտանգության ոլորտում։
«Մենք Ուկրաինայից հետո երևի թե Եվրամիության եզակի բարեկամ ու գործընկեր երկիրն ենք, որն ունի իրական մարտական փորձ։ Մեր եվրոպական և ամերիկյան գործընկերները նույնպես ուսումնասիրում են այդ փորձը։ Չնայած 44-օրյա պատերազմից ու հետագա ռազմական գործողություններից հետո շատ բան է փոխվել ռազմական գործում, բայց այդ փորձն ու պատմությունը մնում են արժեքավոր, և մենք պետք է շարունակենք ուսումնասիրել ու փոխանակել այն գործընկերների հետ»,- Factor TV-ին ասաց Մինասյանը։
Հետազոտությունում նա Հայաստանի համար առաջարկում է հայեցակարգ՝ հիմնված զսպման, պաշտպանության և զարգացման համադրման վրա։ Հեղինակի գնահատմամբ՝ զսպումը որպես զինված ուժերի հիմնական առաքելություն սահմանելը համահունչ է կառավարության խաղաղության օրակարգին։
«Պաշտպանական զսպման դիրքավորումը հարևաններին ցույց է տալիս, որ Հայաստանը հարձակողական մտադրություններ չունի՝ միաժամանակ հստակ դարձնելով, որ ցանկացած ագրեսիա շատ բարձր գին է ունենալու»,- ընդգծեց Սերգեյ Մինասյանը։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

