Պուտինը հաստատել է ՌԴ կառավարությունում վերադասավորումները
Քաղաքականություն
22.10.2026 | 15:02
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հոկտեմբերի 22-ին հրամանագրեր է ստորագրել նոր փոխվարչապետերի, նախագահի լիազոր ներկայացուցչի և նախարարի նշանակման մասին։ Կառավարության կազմում լայնածավալ փոփոխություններն ավելի վաղ առաջարկել էր երկրի վարչապետը, իսկ նախօրեին դրանք միաձայն հաստատել էր Պետդուման, գրում է The Insider-ը։
Կադրային փոփոխությունները հետևյալն են՝
-
Յուրի Տրուտնև – զբաղեցնում էր փոխվարչապետի և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնները, նշանակվել է նախագահի օգնական։
-
Օլեգ Կոժեմյակո – Պրիմորիեի երկրամասի նահանգապետից նշանակվել է փոխվարչապետի և Հեռավոր Արևելքի դաշնային օկրուգում նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում։
-
Անդրեյ Նիկիտին – տրանսպորտի նախարարի պաշտոնից նշանակվել է փոխվարչապետ։
-
Դմիտրի Յադրով – «Ռոսավիացիայի» ղեկավարի պաշտոնից նշանակվել է տրանսպորտի նախարար։
-
Անտոն Սիլուանով – նշանակվել է Ռուսաստանի փոխվարչապետ՝ պահպանելով ֆինանսների նախարարի պաշտոնը։
-
Իրինա Օկլադնիկովա – ֆինանսների նախարարի առաջին տեղակալից նշանակվել է փոխվարչապետ և կառավարության աշխատակազմի ղեկավար։
Իր պաշտոնից հեռացել է նաև Դմիտրի Գրիգորենկոն, որին փոխարինել է Օկլադնիկովան։ Վերջին վեց տարիներին Գրիգորենկոն ղեկավարում էր կառավարության աշխատակազմը։ Կադրային փոփոխությունների շարքում հատկապես ուշագրավ է Սիլուանովի համար նոր պաշտոնի ստեղծումը։ Մինչ այդ՝ 2011 թվականից, նա ղեկավարում էր ֆինանսների նախարարությունը, սակայն այժմ նախարարի պաշտոնին ավելացել է նաև փոխվարչապետի պաշտոնը։ Կառավարությունում այս որոշումը նախկինում բացատրել էին «արտաքին ճնշման ուժեղացման պայմաններում» «ֆինանսական կայունությունն ապահովելու» և «պետական ծախսերի արդյունավետությունը բարձրացնելու» անհրաժեշտությամբ։
2018-2020 թվականներին Սիլուանովն արդեն համատեղել էր առաջին փոխվարչապետի և ֆինանսների նախարարի պաշտոնները, սակայն Միխայիլ Միշուստինի առաջին կառավարության ձևավորումից հետո պահպանել էր միայն նախարարի պաշտոնը։
Ինչ վերաբերում է Տրուտնևին, ՌԲԿ-ի աղբյուրները նախկինում հայտնել էին, որ նախագահի աշխատակազմ տեղափոխվելուց հետո նա զբաղվելու է ռազմահայրենասիրական դաստիարակության հարցերով, մասնավորապես՝ կարող է վերահսկել «Յունարմիա» երիտասարդական ռազմահայրենասիրական շարժման գործունեությունը։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

