ՌԴ կառավարությունում մի շարք փոփոխություններ են սպասվում
Քաղաքականություն
19.10.2026 | 14:59
ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացրել «կառավարությունում մի շարք կադրային փոփոխությունների առաջարկներ»։ Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնել է, որ կադրային փոփոխությունները քննարկվել են Միշուստինի և Պուտինի հանդիպման ընթացքում, որը տեղի է ունեցել հոկտեմբերի 19-ի առավոտյան, գրում է Meduza-ն։
Միշուստինն առաջարկել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովին նշանակել նաև փոխվարչապետի պաշտոնում։ Սիլուանովն արդեն համատեղել է այդ պաշտոնները 2018-2020 թվականներին։
Պրիմորիեի երկրամասի նահանգապետ Օլեգ Կոժեմյակոն առաջադրվել է փոխվարչապետի՝ Հեռավորարևելյան դաշնային օկրուգում Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնում։ Ներկայում փոխվարչապետի՝ նախագահի լիազոր ներկայացուցչի պաշտոնը զբաղեցնում է Յուրի Տրուտնևը։
Փոխվարչապետի պաշտոնում առաջադրվել է նաև տրանսպորտի նախարար Անդրեյ Նիկիտինը։ Միշուստինն առաջարկում է տրանսպորտի նախարար նշանակել «Ռոսավիացիա»-ի ղեկավար Դմիտրի Յադրովին։
Եվս մեկ փոխվարչապետ կդառնա ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Իրինա Օկլադնիկովան։ Նրա թեկնածությունն առաջարկվել է փոխվարչապետի՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնում։ Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Դմիտրի Գրիգորենկոն։
«Այս առաջարկները ստացել են նախագահ Պուտինի աջակցությունը»,- հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
ՌԴ Սահմանադրության համաձայն՝ կառավարության ղեկավարի առաջարկած թեկնածությունները պետք է հաստատվեն Պետդումայի կողմից։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

