Մոսկվան ու Մոսկվայի մարզը 630 ուկրաինական ԱԹՍ է գրոհել․ տուժածներ կան
Քաղաքականություն
22.10.2026 | 10:17
Ուկրաինացի զինվորականները հոկտեմբերի լույս 22-ի գիշերն անօդաչու թռչող սարքերով հարձակվել են Ռուսաստանի մի քանի շրջանների, այդ թվում՝ Մոսկվայի և Մոսկվայի մարզի վրա։ Վորոնովո բնակավայրում հարձակման հետևանքով երկու մարդ տուժել է, գրում է Meduza-ն։
Astra-ի տվյալներով՝ Մոսկվայի մարզի Սերպուխով քաղաքում հարվածի տակ է հայտնվել Ռուսաստանի պաշտպանության նախարարության «75 Արսենալ» ձեռնարկությունը, որն արտադրում է զենք և զինամթերք։ Ուկրաինական Exilenova+ տելեգրամյան ալիքը պնդում է, որ Մոսկվայի մարզի ուղղությամբ հարվածներ են հասցվել ոչ միայն անօդաչու թռչող սարքերով, այլև հրթիռներով։
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ հոկտեմբերի 21-ի երեկոյից ի վեր քաղաքի մոտեցումների ուղղությամբ խոցվել է 163 անօդաչու թռչող սարք։ Նրա խոսքով՝ ընդհանուր առմամբ Մոսկվա և Մոսկվայի մարզի ուղղությամբ թռել է ուկրաինական 630 անօդաչու թռչող սարք, որոնց մեծ մասը ոչնչացվել է հեռավոր մատույցներում։
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են նաև Լիպեցկի վրա։ Մարզի ղեկավար Իգոր Արտամոնովի խոսքով՝ մարզկենտրոնում վնասվել են առանձնատների և բազմաբնակարան շենքերի պատուհաններն ու ճակատային հատվածները, ինչպես նաև պոլիկլինիկայի շենքը։
Տուժել է 2001 թվականին ծնված մի տղամարդ, որը հոսպիտալացվել է։ Astra-ի տվյալներով՝ հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել «Ատմոսֆերա» բնակելի համալիրի շենքի վերին հարկերում։
Նահանգապետ Ալեքսանդր Գուսևի հաղորդմամբ՝ գիշերվա ընթացքում Վորոնեժի և Վորոնեժի մարզի երկնքում խոցվել է 44 անօդաչու թռչող սարք։ Տեղական իշխանությունների հաղորդմամբ՝ Տուլայի մարզի երկնքում ոչնչացվել է ուկրաինական 70 անօդաչու։
Վորոնեժում վնասվել են առանձնատների և բազմաբնակարան շենքերի, սոցիալական օբյեկտի տանիքներն ու ճակատային հատվածները։ Տուլայում և Զաոկսկի շրջանում վնասվել են մասնավոր տներ։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

