ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
Քաղաքականություն
21.10.2026 | 19:29
Պետական վերահսկողական ծառայությունը Factor.am-ին չի տրամադրել այն 80 գնման ընթացակարգերի ծածկագրերը և դրանց մասնակից ընկերությունների ՀՎՀՀ-ները, որոնցում, ըստ Ծառայության, փաստացի գոյություն չունեցող կազմակերպություններ կեղծ տեղեկություններ են ներկայացրել և խափանել գնումների գործընթացները։
2026 թվականի հոկտեմբերի 9-ին հրապարակված հաղորդագրությամբ ՊՎԾ-ն հայտնել էր, որ 80 գնման ընթացակարգում, որոնց ընդհանուր գնման արժեքը կազմել է 3,2 մլրդ դրամ, արձանագրվել են խախտման դեպքեր։
Ծառայության տվյալներով՝ վերոնշյալ՝ փաստացի գոյություն չունեցող կազմակերպությունները գնումների համակարգում ներկայացրել են կեղծ, իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ և ճանաչվել առաջին տեղ զբաղեցրած մասնակիցներ։ Հետագայում, չկնքելով գնման պայմանագրեր, նրանք խափանել են ընթացակարգերը՝ պատվիրատուներին և մյուս մասնակիցներին պատճառելով առանձնապես խոշոր չափի վնասներ։
Նշված դեպքերի վերաբերյալ ՊՎԾ-ն հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, որոնց հիման վրա նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Factor.am-ը գրավոր հարցմամբ դիմել է ՊՎԾ՝ խնդրելով տրամադրել նշված ընթացակարգերում ներգրավված կազմակերպությունների ՀՎՀՀ-ները, նույնականացման ծածկագրերը և համապատասխան գնման ընթացակարգերի ծածկագրերը։
ՊՎԾ-ն հայտնել է, որ արձանագրված խախտումների վերաբերյալ տեղեկությունները իրավական գնահատականի համար ուղարկվել են ՀՀ գլխավոր դատախազություն, և նախաձեռնվել են քրեական վարույթներ։
Հատկանշական է, որ ՊՎԾ-ն իր պատասխանում ուղղակիորեն չի մերժել պահանջված տեղեկությունների տրամադրումը, սակայն դրանք նաև չի տրամադրել։ Ծառայությունը միայն նշել է, որ հայցվող տեղեկությունները կարող են նշանակություն ունենալ նախաձեռնված քրեական վարույթների համար, և դրանց ծանոթացումը պետք է իրականացվի քրեական դատավարության կարգով։ Միաժամանակ, ՊՎԾ-ն չի հստակեցրել, թե օրենքի որ դրույթի հիման վրա է սահմանափակվում այդ տվյալների տրամադրումը։
Սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք քրեական վարույթների առկայությունն ինքնին բավարար հիմք է նաև պետական գնումների ընթացակարգերի նույնականացման տվյալները չտրամադրելու համար։
Factor.am-ը չի պահանջել քրեական վարույթների նյութերը, նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցները, ինչպես նաև՝ ՊՎԾ-ի եզրակացությունները։ Հարցումը վերաբերել է կոնկրետ գնման ընթացակարգերի ծածկագրերին և դրանց մասնակիցների տվյալներին։
Գնումների համակարգում առանձին ընթացակարգերի արձանագրությունները հրապարակված են։ Սակայն ՊՎԾ-ի հաղորդագրությունից հնարավոր չէ պարզել, թե հրապարակված տասնյակ հազարավոր ընթացակարգերից հատկապես որոնք են այդ 80-ը։ Այդ պատճառով ՊՎԾ-ի կողմից նույնականացված ընթացակարգերի ցանկն անհրաժեշտ է հենց հրապարակված տվյալները գտնելու և ստուգելու համար, ոչ թե նոր, չհրապարակված տեղեկություն ստանալու։
«Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված է գնումների գործընթացներին վերաբերող մի շարք տեղեկությունների պարտադիր հրապարակում։
Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ եթե գնման գինը գերազանցում է գնումների բազային միավորը, ապա գնման ընթացակարգի արձանագրությունը պետք է պարունակի, մասնավորապես, հայտեր ներկայացրած մասնակիցների անվանումները, գտնվելու կամ բնակության վայրերը, կապի միջոցները, առաջարկված գները, հայտերի գնահատման արդյունքները, իսկ պայմանագիր չկնքվելու դեպքում՝ դրա հիմնավորումը։
Նույն հոդվածի 4-րդ մասը սահմանում է.
«Պատվիրատուն պարտավոր է գնման ընթացակարգի արձանագրության կամ դրա մաս կազմող փաստաթղթի պատճենը, բացառությամբ պետական գաղտնիք պարունակող գնումների, տրամադրել ցանկացած անձի՝ վերջինիս կողմից նման պահանջ ստանալուց հինգ աշխատանքային օրվա ընթացքում»։
Օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է նաև հայտերի բացման նիստի արձանագրության կազմումը։ Դրանում, ի թիվս այլ տեղեկությունների, ներառվում են հայտ ներկայացրած մասնակիցների անվանումները, հասցեները, գնային առաջարկները և գնահատման գործընթացին վերաբերող տվյալներ։
Նույն հոդվածի 8-րդ մասով սահմանվում է, որ հայտերի բացման նիստի արձանագրությունը հրապարակվում է տեղեկագրում՝ նիստի օրվա ավարտին հաջորդող առաջին աշխատանքային օրը։ Պետական գաղտնիք պարունակող գնումների համար նախատեսված է այլ կարգ։
Այս համատեքստում կարևոր է նաև Սահմանադրական դատարանի՝ 2022 թվականի սեպտեմբերի 27-ի որոշումը, որով դատարանն ընդգծել է պետական գնումների ոլորտում թափանցիկության կարևորությունը՝ այն կապելով պետական ֆինանսների արդյունավետ կառավարման, հաշվետվողականության և հասարակական վերահսկողության հետ։
Ինչ է սահմանում տեղեկատվության ազատության մասին օրենքը
«Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված է քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալների տրամադրումը մերժելու հնարավորություն։
Սակայն նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ եթե պահանջվող տեղեկության միայն մի մասն է ենթակա տրամադրման մերժման, ապա մնացած մասի վերաբերյալ տեղեկությունը պետք է տրամադրվի։
Ավելին՝ նույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելիս տեղեկատվություն տնօրինողը պարտավոր է նշել մերժման հիմքը՝ օրենքի համապատասխան նորմը, ինչպես նաև դրա բողոքարկման կարգը։
ՊՎԾ-ի պատասխանում նաև չի նշվել, թե ինչու հնարավոր չէ տրամադրել պահանջված տեղեկությունների առնվազն մի մասը։ Միաժամանակ, Ծառայությունը չի ձևակերպել տեղեկատվության տրամադրման հստակ մերժում՝ նշելով դրա իրավական հիմքն ու բողոքարկման կարգը։
Ծառայությունը նաև չի տարանջատել պահանջված տեղեկությունները՝ պարզաբանելու համար, թե դրանցից որոնք են քրեական վարույթի՝ հրապարակման ոչ ենթակա տվյալներ, և որոնք կարող են տրամադրվել առանց նախաքննության շահերին վնասելու։
Հատկանշական է, որ նույն օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասի 2-րդ կետով սահմանվում է.
«Եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը հրապարակված է, ապա տվյալ հրապարակման միջոցի, վայրի և ժամկետի մասին տեղեկությունը դիմողին է տրվում հարցումն ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում»։
Հետևաբար, եթե խնդրի առարկա գնման ընթացակարգերի վերաբերյալ տվյալներն արդեն հրապարակված են պետական գնումների համակարգում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ ՊՎԾ-ն չի տրամադրել համապատասխան հրապարակումների հղումները կամ դրանց նույնականացման համար անհրաժեշտ տվյալները։
Եթե տեղեկությունների մի մասը սահմանափակման ենթակա է, ապա պարզ չէ նաև, թե ինչու չի դիտարկվել մյուս մասի տրամադրման հնարավորությունը։
Այսպիսով, ՊՎԾ-ի պատասխանից անհասկանալի է մնում՝ որ տեղեկությունների հրապարակումն է սահմանափակված, ինչ իրավական հիմքով և ինչպես կարող է դրանց տրամադրումը խոչընդոտել քրեական վարույթներին։
Խոսքը 3,2 մլրդ դրամ ընդհանուր գնման արժեքով 80 ընթացակարգերի մասին է, որոնցում խախտումների վերաբերյալ ՊՎԾ-ն արդեն հրապարակային հայտարարություն է տարածել։
Մինչդեռ ընթացակարգերի նույնականացման տվյալների բացակայությունը դժվարացնում է դրանց ուսումնասիրությունը և անկախ ստուգումը՝ այդ թվում պարզելու, թե որ պետական մարմիններն են եղել պատվիրատուները, ովքեր են մասնակցել գնումներին, ինչպես են գնահատվել հայտերը և ինչ հանգամանքներում են ընթացակարգերը խափանվել։
Մարիա Խաչատրյան

