Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով

Լուրեր

21.10.2026 | 20:28
Ծառերի սպա՞նդ, թե՞ բարեկարգում․ ինչ է կատարվել Գյումրիի Հաղթանակի զբոսայգում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:15
Հայաստանը բողոքարկել է ՌԴ-ի սահմանափակումները․ ԵՏՀ-ն պետք է քննարկի Երևանի դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 20:08
Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ «հիմար» մեկնաբանություններ են արել՝ ԱԲ-ով ստեղծված կեղծ տեսանյութերի հիման վրա
21.10.2026 | 20:00
Վտանգավոր է, երբ վարչապետն իրեն տեսնում է ժողովրդի կամքն իրականացնող, անկախ իրավապահ կառույցները չեն աշխատում․ Արփինե Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 19:51
«Քաղաքական նկատառումներով տարածված տեսանյութը նպատակ ունի մոլորեցնելու մեր հայրենակիցներին». «Ուժեղ Հայաստանի» հայտարարությունը
21.10.2026 | 19:40
Հայտնի են WTA-ի Ամփոփիչ մրցաշարի բոլոր մասնակիցները
21.10.2026 | 19:29
ՊՎԾ-ն չի տրամադրել 3,2 մլրդ դրամ ընդհանուր արժեքով 80 գնման ընթացակարգերի տվյալները
21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
Բոլորը

Ճամփորդությունների ամրագրման Booking.com հարթակը բավարար քայլեր չի ձեռնարկում առցանց խարդախություններն ու զեղծարարությունները կանխելու համար։ Հաշվի առնելով առկա բողոքները՝ Եվրահանձնաժողովն այսօր պաշտոնական վարույթ է սկսել՝ պարզելու, թե ամրագրման հարթակն ինչպիսի միջոցներ է ձեռնարկել կեղծ հայտարարությունների և օգտատերերի տվյալներով իրականացվող խարդախությունների դեմ։ Հանձնաժողովը կստուգի նաև՝ արդյո՞ք Booking.com-ը պատշաճ կերպով է որպես գովազդ նշում այն առաջարկները, որոնց մատակարարները վճարում են որոնման արդյունքներում ավելի բարձր դիրք զբաղեցնելու համար։

«Եվրոպայում հյուրանոցների առցանց ամրագրումների 66%-ն իրականացվում է Booking-ի միջոցով։ Միևնույն ժամանակ, Booking-ը հայտնում է 2022-2024 թվականների ընթացքում խարդախությունների 500% աճի մասին, ընդ որում՝ խարդախության ընդհանուր գումարը միայն 2024 թվականին կազմել է 4,2 միլիարդ եվրո»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Եվրահանձնաժողովի խոսնակ Թովմաս Ռոյերը։

Ըստ նրա՝ Եվրահանձնաժողովի քննության առանցքում երեք հարց է՝ կեղծ կամ պահանջներին չհամապատասխանող կացարանների հայտարարությունները, ամրագրումների ու հյուրերի տվյալների օգտագործմամբ ֆիշինգային խարդախությունները և վճարովի առաջմղվող առաջարկների թափանցիկությունը։

Մասնավորապես, Հանձնաժողովը կուսումնասիրի՝ ինչպես է հարթակը բացահայտում և հեռացնում գոյություն չունեցող կացարանների հայտարարությունները, ինչպես նաև կանխում ուրիշի ինքնությամբ ներկայացմամբ կատարվող խարդախությունները։

Առանձին ուշադրություն կդարձվի կացարաններ տրամադրողներին հյուրերի և ամրագրումների տվյալների փոխանցմանը, ինչպես նաև Booking.com-ի հաղորդագրությունների ծառայության աշխատանքին։ Հանձնաժողովը կգնահատի՝ արդյոք առկա են բավարար երաշխիքներ, որպեսզի այդ տվյալները չօգտագործվեն օգտատերերին խաբելու և խարդախությամբ վճարումներ պահանջելու համար։

Գովազդի մասով քննությունը վերաբերում է ավելի բարձր միջնորդավճարի դիմաց որոնման արդյունքներում առաջ մղվող հայտարարություններին։ Հանձնաժողովի դիրքորոշմամբ՝ օգտատերը պետք է կարողանա հասկանալ՝ առաջարկն ավելի տեսանելի է, որովհետև համապատասխանում է իր որոնմանը, թե որովհետև կացարան տրամադրողը վճարել է դրա համար։ Պետք է հասանելի լինեն նաև տեղեկություններ այն մասին, թե ում անունից է ներկայացվում գովազդը, ով է վճարել և ինչու է այն ցուցադրվում տվյալ օգտատիրոջը։

«Եվրոպացիները պետք է կարողանան ամրագրել իրենց հանգիստը՝ առանց խարդախության զոհ դառնալու վախի»,- հայտարարել է Տեխնոլոգիական ինքնիշխանության, անվտանգության և ժողովրդավարության հարցերով Եվրահանձնաժողովի գործադիր փոխնախագահ Հեննա Վիրկունենը։

Ըստ նրա՝ «Թվային ծառայությունների մասին» ակտը հստակ պատասխանատվություն է սահմանում հարթակների համար այդ ռիսկերը հասցեագրելու հարցում, և Եվրահանձնաժողովը պետք է ապահովի, որ Եվրոպայում առաջատար ամրագրման հարթակն իսկապես լուրջ մոտենա այդ պատասխանատվությանը։

Եթե ենթադրյալ խախտումները հաստատվեն, դրանք կհամարվեն ԵՄ «Թվային ծառայությունների մասին» ակտի՝ համակարգային ռիսկերի գնահատման ու նվազեցման, ինչպես նաև գովազդի թափանցիկության պահանջների խախտումներ։

Որոշմանը նախորդել է նախնական քննություն՝ Booking.com-ի ռիսկերի գնահատման զեկույցների, թափանցիկության հաշվետվությունների և Հանձնաժողովի պաշտոնական հարցումներին ընկերության պատասխանների ուսումնասիրությամբ։

Հանձնաժողովը նախատեսում է առաջնահերթության կարգով խորացված հետաքննություն անցկացնել՝ անհրաժեշտության դեպքում պահանջելով լրացուցիչ տեղեկություններ, անցկացնելով հարցազրույցներ կամ ստուգումներ։ Այն կարող է նաև ժամանակավոր միջոցներ կիրառել կամ ընդունել խնդիրների վերացման ուղղությամբ ընկերության առաջարկած պարտավորությունները։

Եվրահանձնաժողովն ընդգծում է, որ վարույթի մեկնարկը չի կանխորոշում քննության վերջնական արդյունքը և ինքնին չի նշանակում, որ խախտում է հաստատվել։

Booking.com-ը «Թվային ծառայությունների մասին» ԵՄ ակտի համաձայն որպես «Շատ խոշոր առցանց հարթակ» (Very Large Online Platform) է սահմանվել 2023 թվականի ապրիլի 25-ին:

Կարինե Ասատրյան

Բրյուսել