ԱՄՆ-ը կոչ է արել Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին «բարձր զգոնություն պահպանել»
Քաղաքականություն
19.10.2026 | 14:41
ԱՄՆ Պետքարտուղարության հյուպատոսական հարցերով բյուրոն Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկացիներին կոչ է արել «բարձր զգոնություն ցուցաբերել՝ հաշվի առնելով անվտանգության բարդ իրավիճակը»՝ նշելով, որ «Իրանը կամ նրա պրոքսիները կարող են թիրախավորել ամերիկացիներին կամ ԱՄՆ-ի շահերն աշխարհի ցանկացած վայրում»։
Պետք է պատրաստ լինել թռիչքների հնարավոր չեղարկումներին, օդային տարածքի փակումներին և ուղևորափոխադրումների խափանումներին, նշվում է հաղորդագրությունում։
«Իրանի աջակցությունը վայելող հութիները ռազմական գործողություններ են իրականացրել Սաուդյան Արաբիայի դեմ, այդ թվում՝ հարձակումներ քաղաքացիական օդանավակայանների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա, որոնց հետևանքով եղել են քաղաքացիական զոհեր և ուղևորափոխադրումների լուրջ խափանումներ։ Ռազմական գործողությունները կարող են արագորեն ընդլայնվել՝ դուրս գալով այդ անմիջական տարածքի սահմաններից»,- ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Մերձավոր Արևելք մեկնող կամ այնտեղից վերադարձող ամերիկացիները պետք է հետևեն օդանավակայանների և ավիաընկերությունների աշխատանքի վերաբերյալ տեղեկություններին և նախապես մշակեն արտակարգ իրավիճակների գործողությունների ծրագրեր։ Ըստ ամերիկյան կողմի՝ Իրանը և նրան աջակցող խմբերը կարող են արտասահմանում թիրախավորել ԱՄՆ-ի այլ շահեր կամ Միացյալ Նահանգների ու ամերիկացիների հետ առնչություն ունեցող վայրեր՝ աշխարհի ցանկացած կետում, այդ թվում՝ ամերիկյան ձեռնարկություններն ու այլ հաստատությունները։
Այս նախազգուշացումը հնչում հութիների ու Եմենի՝ միջազգային ճանաչված կառավարությանն աջակցող Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի միջև ռազմական գործողությունների սրման ֆոնին։
Վերջին օրերին Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան մի շարք ավիահարվածներ է հասցրել Եմենում հութիների դիրքերին, այդ թվում՝ մայրաքաղաք Սանային։ Միաժամանակ, հութիները սպառնացել են նոր հարձակումներ իրականացնել Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների և այլ կարևոր ենթակառուցվածքների վրա։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

