ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ռուսաստանի հետ դիզելային վառելիքի գործարքի դեմ օրինագիծ
Քաղաքականություն
17.10.2026 | 12:49
ԱՄՆ Հանրապետական և Դեմոկրատական կուսակցությունների ներկայացուցիչների պատրաստած՝ «Ռուսաստանի հետ կոռուպցիոն նավթային գործարքների արգելման մասին» օրինագիծը հոկտեմբերի 16-ին ներկայացրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Գրեգորի Միքսը։ Հանձնաժողովի կայքում նշվում է, որ փաստաթղթի նպատակն է արգելափակել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ռուսական դիզելային վառելիքի գնման և ներմուծման վերաբերյալ «կոռուպցիոն գործարքը»։
Օրինագիծը, մասնավորապես, արգելում է ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիային (DFC) ներդրումներ կատարել ռուսական էներգակիրներում, չեղարկում է ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչության (OFAC) կողմից համապատասխան գնումների համար տրված ընդհանուր լիցենզիան և արգելում է հետագայում նման լիցենզիաների տրամադրումը։ Այն նաև Թրամփի վարչակազմին լիազորում է պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի էներգետիկ ոլորտի նկատմամբ։
«Այս գործարքը չի նվազեցնի ամերիկացիների այն ծախսերը, որոնք նրանք արդեն կրում են Թրամփի որոշմամբ սկսված՝ Իրանում ձախողված պատերազմի պատճառով։ Այն Պուտինին միլիոնավոր դոլարներ կտա՝ անպատիժ շարունակելու ուկրաինացի խաղաղ բնակչության արյունալի կոտորածը»,- հայտարարել է կոնգրեսական Գրեգորի Միքսը։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 9-ին Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում հայտնել էր Վլադիմիր Պուտինի հետ «չափազանց հաջող» հեռախոսազրույցի մասին, որի ընթացքում, նրա խոսքով, համաձայնեցվել էին ռուսական դիզելային վառելիքի մատակարարումները «ամերիկյան և համաշխարհային շուկաներ»։
Թրամփի հայտարարությամբ՝ ռուսական ընկերությունները պետք է «անմիջապես» մատակարարեին ավելի քան 300 հազար տոննա վառելիք, նոյեմբերին՝ ևս 500 հազար տոննա, իսկ դրանից անմիջապես հետո՝ 1 միլիոն տոննա, ըստ երևույթին՝ դեկտեմբերին։ Հետագայում, «ելնելով նավթավերամշակման գործարանների վիճակից», նախատեսվում էր մատակարարել ևս 3 միլիոն տոննա։ Թե ինչ ժամանակահատվածում պետք է իրականացվեր վերջին մատակարարումը, հստակեցված չէր։
Իր հերթին՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրապարակել էր ընդհանուր լիցենզիա, որով մինչև 2027 թվականի ապրիլ կասեցվում է ռուսական դիզելային վառելիքի նկատմամբ ամերիկյան պատժամիջոցների գործողությունը։ Հոկտեմբերի 12-ին ռուսական «Վեստի» հաղորդումը տեղեկացրել էր, որ ռուսական դիզելային վառելիքի առաջին խմբաքանակը Սանկտ Պետերբուրգից ուղևորվել է դեպի Միացյալ Նահանգների արևելյան ափ։
Թրամփի կարծիքով՝ ռուսական դիզելային վառելիքի մուտքը համաշխարհային շուկա կօգնի նվազեցնել դրա գները, որոնք կտրուկ բարձրացել էին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի հետևանքով։

