Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով

Լուրեր

16.10.2026 | 20:43
Լեոնարդո Դի Կապրիոն աջակցություն է հայտնել Երևանում մեկնարկած բնապահպանական նախաձեռնությանը. նախարար
16.10.2026 | 20:14
Իշխանության զավթման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Ադրբեջանի իշխող կուսակցությունից
16.10.2026 | 20:00
«Վագա-ֆարմ»-ին՝ մերժում, «Նատալի ֆարմ»-ին՝ տարածք․ դեղատան ղեկավարը հովանավորչության հաղորդում է տվել. ՏԵՍԱՆՅՈւԹ
16.10.2026 | 19:48
Բաքուն թուրք լրագրողի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել՝ «Ադրբեջանում իշխանությունը բռնի զավթելու կոչերի համար»
16.10.2026 | 19:30
Նորավանքի մասին Կարապետյանի ասածը չի հաստատվում նաև ICOMOS-ի զեկույցով
16.10.2026 | 19:11
Գազամատակարարման պլանային դադարեցում Վանաձորի մի շարք հասցեներում
16.10.2026 | 19:00
Բացառված է՝ Արծվաշենը ՀՀ-ին չվերադարձվի, եթե Տիգրանաշենը Ադրբեջանին վերադառնա․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 18:46
«Ռոսատոմ»-ը Հայաստանից դրական ազդակներ է ստանում՝ նոր էներգաբլոկ կառուցելու իր առաջարկի հետ կապված
16.10.2026 | 18:34
ԱԳՆ-ների մակարդակով նիստերի անցկացումը Բաքվում կամ Երևանում համաձայնեցման փուլում է․ ՌԴ ԱԳՆ-ն՝ «3+3» ձևաչափով հանդիպման մասին
16.10.2026 | 18:21
Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
16.10.2026 | 18:13
Փաշինյանը՝ հակամարտության հետևանքների, խաղաղության և կենսաբազմազանության պահպանության կապի մասին
16.10.2026 | 18:02
Գագիկ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, այն կապ չունի իրականության հետ․ պաշտպան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 17:53
Կրեմլը համաձայն է Թրամփի հետ՝ «Զելենսկին չի ձգտում խաղաղ կարգավորման»
16.10.2026 | 17:45
ՅՈՒՆԻՍԵՖ-ը կոչ է անում COP17-ում երեխաների իրավունքները ներառել կենսաբազմազանության պահպանության ծրագրերում
16.10.2026 | 17:37
Փաշինյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պահպանության հարցերը
Բոլորը

Նորավանքի վանական համալիրի տարածքում հոգևորականների և ուխտավորների բնակության համար նոր մասնաշենքի կառուցումը և տարածքում վերակառուցման աշխատանքները «համալիրը դրել են կրիտիկական վիճակի մեջ՝ դրա իսկության (authenticity) տեսանկյունից»։

Այս մեջբերումը վերցված է մի փաստաթղթից, որը գնահատում է իրականացրել Նորավանքի, իսկ ավելի լայն՝ Գնիշիկի ձորի մշակութային լանդշաֆտի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում ընդգրկման հարցով։ Զեկույցի հեղինակը ԻԿՕՄՕՍ-ն է՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային խորհուրդը (անգլերեն՝ International Council on Monuments and Sites)։

ՀՀ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը այս մեջբերման ավելի երկար տարբերակը տեղադրել է Ֆեյսբուքում և ակնարկում է, որ Factor.am-ն իրավացի չի եղել, երբ Նորավանքի մասին Կարապետյանի նախորդ պնդումը ստուգելիս եզրակացրել է, որ պատգամավորը սխալվում է։

Կարապետյանը պնդել էր. «Փաստորեն, մեր պատմամշակութային հուշարձանը չի ներառվում ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության, կամ որևէ յուրահատկության ցուցակում այն պատճառով, որ պատմամշակութային հուշարձանի կողքը ռեստորան է գործում, կամ մի որևէ այլ ձեռնարկատիրական կազմակերպություն»։

ԿԳՄՍ նախարարությունից  Factor.am–ի ստացած պարզաբանման համաձայն՝ 2004-2005 թթ. ներկայացված և քննարկված Նորավանքի հայտը Համաշխարհային ժառանգության հիմնական ցանկում չի ընդգրկվել, քանի որ չի համապատասխանել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի գործառնական ուղեցույցին և եղել է ոչ լրակազմ:

«Մասնավորապես, հայտում բացակայել է Կառավարման պլանը: Հետևաբար, ռեստորանային համալիրի առկայությունը չի դիտարկվել որպես հայտի մերժման հիմք»,- գրված է նախարարության պատասխանում:

Factor.am-ի առաջին հրապարակումից հետո Կարապետյանը մեկնաբանել էր մեր  հրապարակումը և  ֆեյսբուքում գրել, որ ինքը հղում է արել մեկ այլ հրապարակման՝ հուշարձանագետ Սամվել Կարապետյանի վկայությանը, որ հրապարակվել է 2011 թվականին։ (Սրա մասին նույնպես գրված էր Factor.am-ի առաջին հոդվածում)։

Ապա Կարապետյանը գրել էր, թե շոտլանդացի հետազոտող Սթիվեն Սիմը նույնպես այդպիսի ոճի պնդում է արել։ Սակայն մեր ստուգումը ցույց տվեց, որ Կարապետյանն այդտեղ նույնպես սխալվում էր, քանի որ մեջբերված տեքստի հեղինակը VirtualAni անունով օգտատերն էր Reddit-ում։

Կարապետյանը նաև խորհուրդ էր տվել երկու հետազոտողներից ճշտումներ անել։ Սակայն Սամվել Կարապետյանը մահացել է 2020 թվականին, իսկ Սթիվեն Սիմը ուսումնասիրել է ոչ թե Նորավանքը, այլ Նախիջևանի հայկական ժառանգության ոչնչացումը։

Այս ամենից հետո՝ արդեն այսօր, Կարապետյանը նոր գրառում է արել այս թեմայով ու մեզ խորհուրդ է տվել հրապարակել ևս մեկ հոդված, որը «ավելի սերտ հարաբերություններ կունենա ճշմարտության հետ»:

Կարապետյանն այս անգամ  հղում է արել ԻԿՕՄՕՍ-ի պատրաստած զեկույցին, սակայն վերցրել է զեկույցի միայն այն հատվածը, որն ինչ-որ  կերպ առնչվում է իր նշած ռեստորանին (զեկույցում նշվում է որպես նոր մասնաշենք, որը նախատեսված է հոգևորականների և ուխտավորների բնակության համար)։

Ինչի՞ մասին է զեկույցը

ԻԿՕՄՕՍ-ի մասնագետները Նորավանքի և հարակից տարածքում եղել են 2004 թվականի սեպտեմբերին, որպեսզի ուսումնասիրեն Հայաստանի ներկայացրած հայտը։ Ինքը հայտը վերաբերել է ոչ միայն Նորավանքի վանական համալիրին, այլև որպես Գնիշիկի ձորի մշակութային լանդշաֆտ ձևակերպված տարածքին։

Լուսանկարում՝ Գնիշիկի ձորի մշակութային լանդշաֆտի տարածքը (ԻԿՕՄՕՍ-ի զեկույցից)

Կարապետյանի մեջբերած կտորը զեկույցի այն հատվածում է, որը վերաբերում է կոնկրետ Նորավանքի համալիրի իսկությանը (authenticity), այսինքն՝ համապատասխանությանը նախնական տեսքին և ֆունկցիային։ Ավելին, սա նկարագրական, ոչ թե խորհրդատվական հատված է, և պատմում է տարածքում իրականացված շինարարության և այլ փոփոխությունների մասին։

Մինչև սրան հասնելը զեկույցում նկարագրված է նաև մշակութային լանդշաֆտը, որի մեջ մտնում է ոչ միայն Նորավանքը, այլև գլխատուն ոճով կառուցված տները (սրան դեռ կանդրադառնանք), միջնադարյան կամ ավելի վաղ շրջանի լքված գյուղը, քարանձավային համալիրները և այլն։

Զեկույցում նշվում է նաև կառավարման պլանի մասին, որին հղում է արել ԿԳՄՍ նախարարությունը։ Այստեղ նշվում է, որ հայկական կողմը հայտարարել է, թե կառավարման պլան կկազմի, եթե հայտը հաստատվի ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից։ Միաժամանակ զեկույցում նշվում է, որ Հայաստանում տնտեսական վիճակը ո՛չ պետությանը, ո՛չ եկեղեցուն, ո՛չ էլ գլխատների մասնավոր սեփականատերերին թույլ չի տա անել ներդրումներ, որոնք, ըստ ներկայացված հայտի, պետք է լինեն մոտ 3 մլն եվրո։

Եզրակացությունների մասին կարծիք կազմելու համար ավելի կարևոր է զեկույցի «Համեմատական գնահատում» (Comparative evaluation) հատվածը, քանի որ այն արդեն փաստարկում է, թե հայտում ներկայացված լանդշաֆտի առանձին մասերը, այդ թվում՝ Նորավանքը, չեն կարող ընդգրկվել ցանկում։

Ինչո՞ւ ըստ զեկույցի Նորավանքը բացառիկ չի համարվել 

Նորավանքի մասին այնտեղ ասվում է, որ թեև վանքը ներկայացվում է որպես առանձնացված, չկառուցապատված հարևանությամբ համալիր, բայց այն դրանով բացառիկ չէ։ Որպես օրինակներ ներկայացվում են Տաթևի վանքը, Գեղարդը, Սանահինի և Հաղպատի համալիրները, ինչպես նաև Արցախի Գանձասար վանական համալիրը։ Վերջինը ներկայացվում է որպես պատմական Հայաստանի տարածքի մաս։

Նորավանքի ամենահայտնի Բուրթելաշեն եկեղեցին (հայտնի արտաքին աստիճաններով եկեղեցին) նույնպես, ըստ զեկույցի, բացառիկ չէ, քանի որ երկհարկանի դամբարան եկեղեցիներ կան նաև նախկին Բյուզանդական կայսրության տարբեր հատվածներում։ Նույնպիսի փաստարկներ են բերվում նաև Նորավանքի մյուս եկեղեցիների կառուցաձևերի մասին։

Լանդշաֆտի մասով նշվում է, որ այդպիսի գոգավորություններ կան նաև այլ լեռնային  տեղերում, այդ թվում՝ Կովկասյան տարածաշրջանում։

Եվ հայտի միակ կետը, որը զեկույցում դիտարկվում է որպես բացառիկ, գլխատուն կոչվող տներն են, որոնք հսկայական ազդեցություն կարող էին ունենալ նաև այլ շինությունների կառուցման ձևերի վրա։

«Այդ շինությունները ոչ միայն պահպանվել են ավելի քան երկու հազարամյակ, այլև ազդեցություն են թողել ավելի մոնումենտալ շինությունների վրա։ Դրանք հիշատակվում են հին հույն պատմիչ Քսենոփոնի «Անաբասիս» աշխատությունում», – նշված է զեկույցում։

Լուսանկարում՝ Հազարաշեն տանիքով գլխատուն (ԻԿՕՄՕՍ-ի զեկույցից)

Միաժամանակ զեկույցում նշվում է, որ գլխատները բավական վատ վիճակում են, քիչ են և սփռված են հայտնի մեջ նշված տարածքով մեկ։

Զեկույցը, սակայն, այս ամենով ոչ թե նսեմացնում է Նորավանքի արժեքը, այլ հաստատում է՝ այն միանշանակ ունի ազգային նշանակություն ու Կովկասյան տարածաշրջանի համար բացառիկություն, բայց դրանց նման այլ կառույցներ փաստագրված են նաև այլ վայրերում։

Զեկույցի վերջնական եզրակացությունը

Ըստ զեկույցի՝ հայկական կողմի ներկայացրած հայտում փաստարկվել է, որ այն պարունակում է բոլոր առանձին կետերի միասնությունը (Նորավանքը, գլխատները, տարածքի լանդշաֆտը և այլն)։ Բայց զեկույցի հակափաստարկը նույնն է՝ հայտում հիշատակված բոլոր հուշարձանները, առանձին վերցրած, ունեն նմանատիպ կրկնօրինակներ այլ վայրերում։ Բացառությունը գլխատներն են, որոնք միայն Գնիշիկի ձորի լանդշաֆտում են հանդիպում։

Ռեկոմենդացիաների հատվածում զեկույցն արդեն կենտրոնանում է հենց գլխատների վրա և կարևորում է դրանց գոնե մի մասի վերականգնումը և պահպանությունը։

Այս ամենի հաշվառումով ԻԿՕՄՕՍ-ը զեկույցում ներառել է որոշման նախագիծ, որով Նորավանքի և հարակից համալիրի հայտը պետք է մերժել։ Ընդ որում, հենց մերժման տեքստում նորից նշվում է գլխատների պահպանման անրաժեշտությունը։

«Խրախուսվում է պետական կողմին ջանք գործադրել՝ գտնելու ուղիներ՝ բացահայտելու, արձանագրելու և, հնարավորության դեպքում, կայունացնելու ու վերականգնելու երդիկավոր տների (գլխատների) ուշագրավ հավաքածուն՝ որպես նմուշօրինակներ, որոնք ժամանակին տարածված են եղել Կովկասում և գոյատևել են ավելի քան երկու հազարամյակ», – նշվում է զեկույցի վերջում։

***

Այսպիսով՝ զեկույցը, որին հղում է անում Մարիա Կարապետյանը, չի պնդում, թե Նորավանքի (ավելի կոնկրետ՝ Գնիշիկաձոր մշակութային լանդշաֆտի) հայտը մերժվել է վանքի հարևանությամբ կառուցապատման պատճառով։

Այնտեղ արձանագրվում է, որ կառուցապատումը կրիտիկական աստիճանի է հասցրել վանքի տարածքի իսկությունը, բայց դրանից ավելի կարևոր է, որ Նորավանքի՝ հայտի մեջ ձևակերպված բացառիկությունը չի հաստատվում, քանի որ դրա առանձին տարրեր հանդիպում են նաև այլ տեղերում։

Միևնույն ժամանակ, ԻԿՕՄՕՍ-ի զեկույցը վերջնական որոշում չի եղել, այն ռեկոմենդացիա է և պարունակում է որոշման նախագիծ, որն ուղղված է եղել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեին։

Հիշեցնենք, նաև, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարության պարզաբանման համաձայն՝ մերժման հիմք է եղել կառավարման պլանի բացակայությունը, որը նույնպես հիշատակված է զեկույցում՝ որպես փաստարկներից մեկը։

Նորավանքի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում չընդգրկվելու թեմայի մասին Factor.am-ի նախորդ հոդվածը կարող եք տեսնել այստեղ։

Գարիկ Հարությունյան