Զելենսկին՝ Թրամփին․ «Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ»
Քաղաքականություն
16.10.2026 | 18:21
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարում է, որ իրեն զարմացնում են բոլոր նրանք, ովքեր հավատում են, որ Ռուսաստանը պատրաստ կլինի դադարեցնել պատերազմը տարածքային զիջումների դեպքում։
«Պուտինն ասում է, թե ուզում է Դոնբասը, բայց ինչո՞ւ սկսեց լայնածավալ ներխուժումը՝ Կիևի գրեթե օկուպացիայով։ Արդյո՞ք դա մեր երկրի արևելքում է, արդյո՞ք դա Դոնբասում է։ Ո՛չ, դա մայրաքաղաքն է։ Եվ պետությունը գոյություն չունի առանց մայրաքաղաքի։ Նա ուզում է ոչնչացնել մեզ»,- Բրյուսելում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Զելենսկին։

Նրա խոսքով՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի հարգում Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և ուկրաինացիներին առանձին ազգ չի համարում։
«Այնպես որ՝ դուք իսկապե՞ս հավատում եք, որ նրան պետք է մեր երկրի արևելյան մասը։ Իհարկե, բավարար չէ։ Եվ ի՞նչ կլինի, եթե մենք ընկնենք…»,- հռետորական հարցեր հնչեցրեց նա։
Զելենսկիի գնահատմամբ՝ քանի դեռ Ուկրաինան դիմադրում է, Եվրոպան Ռուսաստանի հետ ավելի լայն առճակատման քիչ վտանգի է ենթարկվում։
Եվրոպական մի շարք երկրներում անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերն Ուկրաինայի նախագահը բնորոշեց որպես Ռուսաստանի կողմից Եվրոպայի արձագանքը փորձարկելու փորձեր։ Նրա խոսքով՝ առանձին անօդաչու սարքերի հետ կապված միջադեպերը պետք է դիտարկել հնարավոր ավելի մեծ սպառնալիքների համատեքստում։
Starlink-ի արագության սահմանափակման հետևանքները
Ուկրաինայի նախագահը հերքում է պնդումները, թե Կիևը Starlink արբանյակային կապի համակարգն օգտագործում է Ռուսաստանի տարածքում խորը հարվածների համար։
«Մենք չենք օգտագործում Starlink-ը Ռուսաստանի տարածքում գտնվող թիրախներին հարձակվելու կամ պատասխանելու համար»,- հայտարարեց Զելենսկին՝ հավելելով, որ համակարգը կիրառվում է քաղաքացիական ենթակառուցվածքները պաշտպանող՝ բարձր արագությամբ շարժվող ընդհատիչ անօդաչու սարքերի աշխատանքն ապահովելու նպատակով։
Ըստ նրա՝ Starlink-ի արագության սահմանափակումները զգալիորեն դժվարացրել էին ավելի քան 400 կմ/ժ արագությամբ շարժվող թշնամական թռչող սարքերի չեզոքացումը, ինչպես նաև վտանգել էին մարտական գոտիներում գտնվող քաղաքացիական անձանց սնունդ և ջուր հասցնելու լոգիստիկան։
Իլոն Մասկին պատկանող ամերիկյան SpaceX ընկերությունը հոկտեմբերի լույս 14-ի գիշերը սահմանափակել էր Ուկրաինայում Starlink տերմինալների աշխատանքի արագությունը։ Ուկրաինան դիմել է SpaceX-ին և Սպիտակ տանը՝ անհրաժեշտ հնարավորությունն ապահովելու խնդրանքով։
«Մենք երախտապարտ ենք, եթե նրանք վերականգնել են նախկին արագությունը»,- ասաց Զելենսկին՝ այդպես էլ չհաստատելով, որ նախկին հնարավորություններն ամբողջությամբ վերականգնվել են։
Ո՞ւմ հետ է ավելի դժվար
Վլադիմիր Զելենսկին անդրադարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը, թե Ուկրաինայի ղեկավարի հետ «ավելի դժվար է գործ ունենալ, քան Պուտինի»։
«Կարո՞ղ եք պատկերացնել՝ նախօրեին հազար անօդաչու սարք է ներխուժել Ուկրաինա։ Հազար։ Բայց ամերիկյան կողմն ասել է, որ դժվար է խոսել Զելենսկիի հետ։ Ավելի քիչ դժվա՞ր է Պուտինի հետ… Ո՛չ, իհարկե»,- ասաց նա։
Ասուլիսի ավարտին Sky News-ի լրագրողը հարցրեց՝ արդյո՞ք Վլադիմիր Զելենսկին զգում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, ներքաղաքական և արտաքին քաղաքական խնդիրների ձախողումների պատճառով, իրեն դարձնում է «քավության նոխազ»։
Զելենսկին հարցին արձագանքեց ժեստով ու ժպիտով․ «Սա է իմ պատասխանը»։
Կարինե Ասատրյան
Բրյուսել

