Բելառուսից կառավարվող կեղծ էջեր․ ինչպես է ԱԲ-ն օգնում խաբել սոցցանցերի օգտատերերին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Նրանք հաղորդավարներ են, բայց երբեք իրական տաղավարում չեն եղել։ Մարդիկ են, որոնք խոսում են, զայրանում կամ հուզվում, բայց ո՛չ տեսախցիկն է իրական, ո՛չ իրենք․ արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերն արդեն մեծ լսարան են հավաքում սոցցանցերի հայկական տիրույթում։
«Անհավանական մեծ ծավալներով են աճում արհեստական բանականությամբ ստեղծված տեսանյութերը սոցցանցերում, որոնք լուրեր են փոխանցում և դրանց հիմնական մասը լինում են կեղծ նորություններ։ Մենք դա նկատել ենք ընտրություններից առաջ․ 2025 թվականին տեսանք, որ տեղական դաշտում ինտենսիվանում է արհեստական բանականությամբ գեներացված լրահոսի քանակը»,- ասում է Փաստերի ստուգման հարթակի լրագրող Նանե Մանասյանը։
Նրա խոսքով՝ նման էջերում գերակշռում է մանիպուլյատիվ, մոլորեցնող և հորինված բովանդակությունը։ Դրանցից մի քանիսը, որոնք անդրադառնում են Հայաստանի ներքաղաքական կյանքին և հանրային իրադարձություններին, ուսումնասիրել են FIP-ի մեր գործընկերները։
«Մենք արձանագրեցինք ֆեյսբուքյան էջեր, որոնք վերցրել են տարբեր օգտատերերի դեմքեր։ Մենք նաև արձանագրեցինք, որ նրանք վերցրել են հայաստանյան լրատվամիջոցներից մեկում աշխատող հաղորդավարի դեմքը և արհեստական բանականությամբ նրան շատ նման հաղորդավարի կերպար են ստեղծել»,- նշում է լրագորղը։
Էջերի հրապարակումները հավաքում են ընդհուպ հարյուր հազարավոր դիտումներ, և դրանց զգալի մասը ստեղծված է արհեստական բանականությամբ։
«Հաղորդավարուհիների մեծ մասը, որոնք ստեղծված են արհեստական բանականությամբ, ունեն բավական պրովոկատիվ դրեսկոդ, բավական բաց, համարձակ դրեսկոդով են, և դա էլ ինչ-որ միջոց է լսարան գեներացնելու։ Երբ մենք վերլուծում ենք, տեսնում ենք, որ շատերը մոլորության մեջ են, չեն հասկանում, որ իրենց դիմաց իրական հաղորդավարուհի չէ, մեկնաբանություններ են գրում նրանց տեսքի մասին»,- ասում է Նանեն։
FIP-ը պարզել է, որ երեք էջերից երկուսը կառավարվում են Բելառուսից։ Լրագրողի խոսքով՝ էջերում առկա կրկնվող բովանդակությունը հուշում է, որ դրանք փոխկապակցված են։
«Մենք նկատեցինք համակարգված գործողություն։ Այն օգտատերերը, որոնք խորհուրդ էին տալիս այդ էջը և բարձր էին գնահատում, ըստ էության, նույն էջերն էին։ Այսինքն՝ այս երեք էջերի կապը մենք հստակ նկատեցինք։ Բոլորի քաղաքական գիծը շատ հստակ էր, այն գործում էր հօգուտ Հայաստանում գործող ընդդիմադիր ուժերից մեկի՝ ընդդեմ իշխանության»,- ընդգծում է լրագրողը։
Այս էջերի հեղինակները մեկնաբանություններում նշում են, որ տեսանյութերում օգտագործվող կերպարներն ու ձայնը գեներացված են արհեստական բանականությամբ։ Սակայն, լրագրողի խոսքով, այդ ծանուցումը հաճախ վրիպում է մարդկանց աչքից, քանի որ այն տեղադրվում է մեկնաբանությունների բաժնում, որը շատ օգտատերեր չեն կարդում։
«Բարեխիղճ լրագրությունը և տեղեկատվության փոխանցումը պահանջում է, որ այդ, այսպես կոչված, պիտակը լինի հենց տեսանյութի վրա, երևացող հատվածում, որ դիտողն անմիջապես դա հասկանա։ Իհարկե, մենք դրանք անցկացրել ենք արհեսական բանականությունը հաստատող գործիքներով․ գիտենք, որ գործիքներին չպետք է միանգամից վստահել, սակայն եթե 50-ից բարձր է, ամենայն հավանականությամբ, արհեստական բանականություն է»,- ասում է լրագրողը։
Արհեստական բանականությամբ գեներացված տեսանյութերում հաճախ տեղ են գտնում չհաստատված կամ կեղծ տեղեկություններ։ Օրինակ՝ «Հանրային Լուրեր» էջը պնդել է, թե Երևանի քաղաքապետարանը Temu հարթակից փոշեկուլներ է ձեռք բերել Երևանի բյուջեի ամբողջ հասույթով։
«Եթե մարդիկ մի փոքր տրամաբանեին ու քննադատական մտածողություն ունենային, կհասկանային, որ հնարավոր չէ ամբողջ բյուջեով Temu հարթակից փոշեկուլներ գնել։ Միգուցե դրանք արժանահավատություն չեն ներշնչում, սակայն դրանք նաև ատելության խոսք են գեներացնում։ Այսինքն՝ ատելության խոսք գրող օգտատերը կարող է չհավատալ դրան, բայց իր համար դա լավ առիթ լինել արհեստական բանականությամբ գեներացված քաղաքապետի ծաղրական կերպարը պատկերող վիդեոյի տակ ինչ-որ ատեության խոսք գրելու համար»,- նշում է Նանեն։
Փաստերի ստուգման հարթակն արձանագրել է, որ երեք էջերի հրապարակումներում կան մի շարք ընդհանրություններ՝ ԱԲ-ով ստեղծված լրատվական տեսանյութեր, քաղաքական բովանդակություն, նույն օգտատերերի ակտիվություն։ Ապատեղեկատվության զոհ չդառնալու համար Նանեն կոչ է անում նման տեսանյութերին մոտենալ քննադատաբար, ուշադրություն դարձնել դրանց աղբյուրին և չշտապել հավատալ առաջին հայացքից իրական թվացող տեսանյութերին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Անի Թամրազյան

