«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում

Լուրեր

12.11.2026 | 19:15
«Այսօր վերջին օրն է»․ ինչ կեղծ հայտարարություն է տարածվում Facebook-ում, և ինչ իրավունքներ ունի Meta-ն իրականում
12.11.2026 | 19:00
8 անշարժ գույք, Maybach և միլիոններ․ ինչ են ուզում բռնագանձել Արթուր Բաղդասարյանից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 18:51
Nvidia-ի գլխավոր տնօրեն Հուանգը հրաժարական է տվել սիրավեպի սկանդալի ֆոնին
12.11.2026 | 18:43
Վահե Սուքիասյանը՝ շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների կրկնակի չեմպիոն
12.11.2026 | 18:28
Ռուսաստանը կարող է համաձայնել Ուկրաինայի հարցով բանակցություններին Եվրոպայի մասնակցությանը․ Մերց
12.11.2026 | 18:20
Հայտնի են «Արարատ-Արմենիա» – «ՆԵԿ Նեյմեգեն» խաղի տոմսերի գները
12.11.2026 | 18:10
Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպումը դրական է գնահատել // Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ որոշմանն է անդրադարձել․ ԼՈՒՐԵՐ
12.11.2026 | 17:59
«Պրովոկացիոն հայտարարություն եք անում», «Կամ խուժան եք, կամ գողական»․ դատախազը և Գալստանյանը վիճեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:50
Էրդողանը Փեզեշքիանի հետ հանդիպմանն Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղ բանակցություններ սկսելու կոչ է արել
12.11.2026 | 17:41
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց TRIPP զարգացման ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը
12.11.2026 | 17:39
ԵՄ-ն նոյեմբերի 16-ին կհաստատի ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցները
12.11.2026 | 17:30
Մեր թիմը հայտնի է բազմակարծությամբ. ՔՊ-ական պատգամավոր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:24
Գարեգին Բ-ի եղբայրը և եղբորորդին դատապարտվեցին ազատազրկման, բայց նրանց նկատմամբ փորձաշրջան նշանակվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:23
Հույսներդ կտրեք` 300 հազար ադրբեջանցիներ չեն գալու Հայաստան. Չախոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 17:19
«Մանչեսթեր Յունայթեդը» մնաց առանց գլխավոր մարզիչի
Բոլորը

Facebook-ի օգտատերերը վերջին օրերին տարածում են մի հայտարարություն, ըստ որի՝ Meta-ն, իբր, նոր քաղաքականություն է ներդնում, որով իրավունք է ստանալու օգտագործել օգտատերերի բոլոր լուսանկարները, տեսանյութերը, հաղորդագրություններն ու անձնական տվյալները։ Դրանից խուսափելու համար օգտատերերին հորդորում են հատուկ հայտարարություն պատճենել և հրապարակել իրենց էջերում։

Factor.am-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ տարածվող հայտարարությունը կեղծ է։ Սակայն Meta-ն իսկապես ունի օգտատերերի հրապարակած լուսանկարները պահպանելու, պատճենելու, տարածելու և այլ կերպ օգտագործելու որոշակի իրավունքներ, որոնք սահմանված են ընկերության օգտագործման պայմաններով։

«Մի՛ մոռացեք, այսօր վերջին օրն է», «Facebook-ի նոր ալգորիթմն ուժի մեջ կմտնի վաղը՝ ժամը 8:44-ին»․ այսպիսի նախազգուշացումներով տարածվող գրառման տարածողները հավատացած են, որ Meta-ն նոր իրավունքներ է ստանալու օգտատերերի անձնական տվյալների նկատմամբ։

Գրառումը հրապարակող օգտատերերը, փաստացի, նպաստում են դրա ավելի մեծ տարածում գտնելուն՝ հաշվի առնելով հայտարարության վերջին հրահանգը։ 

Գրառման մեջ նաև նշվում է, թե Facebook-ը դարձել է հանրային իրավունքի սուբյեկտ, և բոլոր օգտատերերը պարտավոր են հրապարակել նման հայտարարություն։ Հակառակ դեպքում, ըստ դրա հեղինակների, կհամարվի, որ նրանք լռելյայն համաձայնել են իրենց տվյալների օգտագործմանը։

Սակայն նման գրառում հրապարակելը չի կարող փոխել Facebook-ի օգտագործման պայմանները կամ չեղարկել օգտատիրոջ և ընկերության միջև գործող համաձայնությունը։

Նույն հայտարարությունը տարածվել է դեռ տարիներ առաջ

Պարզվում է՝ տարածվող տեքստը նոր չէ։ Դրա գրեթե նույնաբովանդակ անգլերեն տարբերակը դեռ 2024 թվականի մարտի 13-ին ուսումնասիրել և հերքել էր կիբերանվտանգության ոլորտի Malwarebytes ընկերությունը։

Այդ տարբերակում նույնպես հիշատակվում էր ժամը 8:44-ը, պնդում էր արվում, թե Facebook-ի նոր կանոններն ուժի մեջ են մտնելու «վաղը», և օգտատերերին առաջարկվում էր հրապարակել Meta-ին ուղղված՝ իրենց անձնական տվյալների օգտագործումն արգելող հայտարարություն։

VERA Files փաստերի ստուգման կազմակերպությունը ևս 2024 թվականին հերքել էր տեղեկությունը՝ արձանագրելով, որ նմանաբովանդակ կեղծ գրառումները Facebook-ում շրջանառվում են դեռ 2012 թվականից։

Դեռևս այդ ժամանակ ամերիկյան CBS News-ը գրել էր, որ օգտատերերն իրենց էջերում հրապարակում են հայտարարություններ՝ փորձելով պաշտպանել լուսանկարները, տեսանյութերն ու անձնական տեղեկությունները Facebook-ի կողմից օգտագործվելուց։

Այն ժամանակ տարածվող տեքստում, ինչպես և այսօր, օգտատերերին զգուշացնում էին, թե եթե հատուկ հայտարարություն չհրապարակեն, դա կհամարվի իրենց տվյալների օգտագործման լռելյայն թույլտվություն։

Փաստերի ստուգմամբ զբաղվող Snopes կայքը, հերքել էր այդ պնդումները՝ պարզաբանելով, որ օգտատերը չի կարող սեփական էջում հայտարարություն տեղադրելով փոխել Facebook-ի օգտագործման պայմանները։

Հայաստանում ևս այս հայտարարությունը պարբերաբար տարածվում է սկսած Ֆեյսբուքի հիմնադրման վաղ ժամանակներից։

2014թ․ մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը իր ֆեյսուբուքյան էջում արձանագրել է նմանօրինակ հայտարարություն և զգուշացրել չտարածել այդ հայտարարությունը, մատնանշելով, որ դրա տարածումը չի կարող կանխել անձնական տվյալների չօգտագործումը։ 

Երեկ ևս մեդիափորձագետը տեսանյութով անդրադարձել է շրջանառվող հայտարարություններին և նշել, որ Meta-ն տվյալները վաղուց օգտագործում է և օգտագործելու է և դա կանխելու համար գրառում տարածելն անիմաստ է։

Այսպիսով, ներկայիս հայերեն հայտարարությունը տարիներ շարունակ տարբեր երկրներում տարածվող կեղծ տեղեկության հերթական տարբերակն է։

Meta-ն իսկապե՞ս կարող է պահպանել, պատճենել և տարածել օգտատերերի լուսանկարները

Ընկերության օգտագործման պայմանների 3.3 բաժինը՝ «Թույլտվությունները, որոնք դուք տրամադրում եք մեզ» (The permissions you give us), սահմանում է, թե ինչ իրավունքներ է օգտատերը տրամադրում Meta-ին։

Փաստաթղթի համաձայն՝ օգտատերը պահպանում է Facebook-ում հրապարակած իր լուսանկարների, տեսանյութերի և այլ ստեղծագործությունների նկատմամբ մտավոր սեփականության իրավունքները։

Միաժամանակ, այդ բովանդակությունը հրապարակելիս օգտատերն ընկերությանը տրամադրում է այն օգտագործելու լիցենզիա։

Մասնավորապես, 3.3 բաժնի 2-րդ կետի համաձայն, Meta-ին տրամադրվում է ոչ բացառիկ, փոխանցելի, ենթալիցենզավորման ենթակա, ամբողջ աշխարհում գործող և առանց հեղինակային վարձատրության լիցենզիա։

Դա նշանակում է, որ ընկերությունը կարող է օգտատիրոջ հրապարակած լուսանկարները, տեսանյութերն ու այլ համապատասխան բովանդակությունը պահպանել, պատճենել, տարածել։

Սակայն այս գործողությունները պետք է իրականացվեն օգտագործման պայմաններով նախատեսված նպատակներով՝ ընկերության ծառայությունները տրամադրելու և կատարելագործելու համար, օգտատիրոջ գաղտնիության և հավելվածի կարգավորումներին համապատասխան։

Meta-ն փաստաթղթում նաև օրինակ է բերում․ եթե օգտատերը լուսանկար է հրապարակում Facebook-ում, ապա ընկերությանը թույլտվություն է տալիս այն պահպանել, պատճենել և տարածել այլ անձանց հետ՝ համապատասխան կարգավորումների սահմաններում։ Այդ անձանց թվում կարող են լինել նաև Meta-ի ծառայությունների աշխատանքն ապահովող գործընկերները։

Այսպիսով, օգտատերը շարունակում է մնալ իր լուսանկարի իրավատերը, սակայն Facebook-ում այն հրապարակելով՝ Meta-ին տալիս է դրա օգտագործման որոշակի իրավունքներ։

Դեռ 2018 թվականին ԱՄՆ Սենատին ներկայացված գրավոր պատասխանում Facebook-ը պարզաբանել էր, որ նույնիսկ «Միայն ես» (Only Me) կարգավորմամբ հրապարակված տեղեկությունները պահպանվում են օգտատիրոջ հաշվում։ Ընկերությունը նշել էր, որ օգտատերը կարող է ջնջել այդ տեղեկությունները, որոնք շատ դեպքերում վերջնականապես հեռացվում են նաև Facebook-ի սերվերներից։ Սակայն որոշ տվյալներ հնարավոր է ամբողջությամբ ջնջել միայն օգտատիրոջ հաշիվը վերջնականապես հեռացնելու դեպքում։

Ի՞նչ է տեղի ունենում ջնջված լուսանկարների հետ

Facebook-ի օգտագործման պայմաններով՝ օգտատերը կարող է ջնջել իր հրապարակած բովանդակությունը, իսկ դրա օգտագործման համար Meta-ին տրամադրված լիցենզիան դադարում է գործել, երբ բովանդակությունն ամբողջությամբ հեռացվում է ընկերության համակարգերից։

Սակայն ջնջումը միշտ չէ, որ կատարվում է անմիջապես։

Օգտագործման պայմանների 3.3 բաժնի 3-րդ կետի համաձայն՝ բովանդակության ջնջման գործընթացը կարող է տևել մինչև 90 օր։ Դրանից հետո ևս մինչև 90 օր կարող է պահանջվել՝ այն պահուստային պատճեններից հեռացնելու համար։

Որոշ դեպքերում տվյալները կարող են պահպանվել ավելի երկար։ Օրինակ՝ երբ դրանք դեռ օգտագործվում են այլ անձանց կողմից, առկա են տեխնիկական սահմանափակումներ, կամ դրանց պահպանումն անհրաժեշտ է անվտանգության ապահովման, իրավական պարտավորությունների կատարման կամ իրավախախտումների քննության համար։

Այսինքն՝ Facebook-ից լուսանկարը ջնջելը պարտադիր չէ, որ նշանակի դրա բոլոր պատճենների անհապաղ հեռացում Meta-ի համակարգերից։

Meta-ն 2027 թվականի հունվարի 20-ից թարմացնելու է օգտագործման պայմանները

Meta-ն իսկապես նախատեսում է առաջիկայում թարմացնել Facebook-ի օգտագործման պայմանները։Ընկերության հրապարակած նոր տարբերակի համաձայն՝ թարմացված պայմաններն ուժի մեջ են մտնելու 2027 թվականի հունվարի 20-ից։

Փաստաթղթում նշվում է, որ այդ ամսաթվից հետո Meta-ի արտադրանքներից կամ ծառայություններից շարունակաբար օգտվելը նշանակում է նոր պայմանների ընդունում։

Այսինքն՝ օգտատիրոջ կողմից թարմացված պայմանների ընդունումը կարող է արտահայտվել նաև Facebook-ից շարունակաբար օգտվելով, ոչ թե պարտադիր յուրաքանչյուր դրույթի համար առանձին համաձայնության կոճակ սեղմելով։

Միաժամանակ, սա չի նշանակում, որ օգտատիրոջ ցանկացած անձնական տվյալ կարող է մշակվել ցանկացած նպատակով՝ առանց այլ իրավական պահանջների պահպանման։

Ընկերության՝ դեռ 2025 թվականին գործող պայմաններում ևս նշվում էր, որ փոփոխությունների ուժի մեջ մտնելուց հետո Facebook-ից շարունակաբար օգտվող անձանց նկատմամբ կիրառվում են թարմացված պայմանները։ Եթե օգտատերը համաձայն չէ դրանց, կարող է դադարեցնել ծառայություններից օգտվելը և ջնջել հաշիվը։

Կարևոր է նաև, որ լուսանկարները պահպանելու, պատճենելու և տարածելու վերաբերյալ դրույթները Meta-ի նոր ձեռք բերվող իրավունքները չեն․ դրանք արդեն նախատեսված էին նախկին պայմաններով։

Facebook-ը «հանրային իրավունքի սուբյե՞կտ» է դարձել

Տարածվող գրառման մեջ նշվում է նաև, թե Facebook-ն այժմ հանրային իրավունքի սուբյեկտ է, և այդ պատճառով բոլոր օգտատերերը պարտավոր են հրապարակել հատուկ հայտարարություն։

Այս պնդումը ևս սխալ է։

Meta Platforms, Inc.-ը մասնավոր ընկերություն է, որի բաժնետոմսերը վաճառվում են Nasdaq ֆոնդային բորսայում։ Facebook-ը բորսա է դուրս եկել դեռ 2012 թվականի մայիսի 18-ին, ինչի մասին ընկերությունը պաշտոնապես հայտարարել էր նախորդ օրը։

Տարածվող հայտարարության անգլերեն նախնական տարբերակում օգտագործվում էր publicly traded entity ձևակերպումը, որը նշանակում է բորսայում հրապարակային վաճառվող բաժնետոմսեր ունեցող ընկերություն, ոչ թե հանրային իրավունքի սուբյեկտ։

Բորսայում բաժնետոմսերի վաճառքը չի նշանակում, որ ընկերությունը պետական կամ հանրային իրավունքի կազմակերպություն է դարձել։ Այն նաև որևէ պարտավորություն չի առաջացնում օգտատերերի համար՝ իրենց էջերում նման հայտարարություններ հրապարակելու։

Իսկ ի՞նչ դեր ունի արհեստական բանականությունը

Meta-ն օգտագործում է Facebook-ում և Instagram-ում հանրային հասանելիությամբ հրապարակված որոշ տվյալներ՝ արհեստական բանականության համակարգերը զարգացնելու նպատակով։

Ընկերությունը դեռ 2023 թվականին պաշտոնապես հայտնել էր, որ իր գեներատիվ արհեստական բանականության մոդելների ուսուցման համար օգտագործված տվյալների շարքում եղել են նաև Facebook-ում և Instagram-ում հրապարակված հանրային լուսանկարներն ու տեքստերը։

Միաժամանակ, Meta-ն նշել էր, որ այդ մոդելները չեն ուսուցանվել օգտատերերի ոչ հանրային գրառումների միջոցով։

Ըստ ընկերության՝ ընկերների և ընտանիքի անդամների միջև անձնական հաղորդագրությունների բովանդակությունը նույնպես չի օգտագործվում AI-ի ուսուցման նպատակով, բացառությամբ այն դեպքերի, երբ զրույցի մասնակիցներից որևէ մեկն այդ հաղորդագրությունները փոխանցում է Meta-ի AI գործիքներին։

2025 թվականին Meta-ն նաև հայտարարել էր, որ նախատեսում է Եվրոպական միության չափահաս օգտատերերի հանրային հրապարակումներն ու մեկնաբանություններն օգտագործել AI մոդելների ուսուցման համար՝ միաժամանակ տրամադրելով այդ օգտագործման դեմ պաշտոնապես առարկելու հնարավորություն։

Բացի այդ, ընկերությունը 2026 թվականի հունիսին հայտարարել էր այլ կայքերից և ընկերություններից ստացվող տեղեկությունների օգտագործման նպատակների ընդլայնման մասին։

Խոսքը, օրինակ, այն տեղեկությունների մասին է, որոնք առցանց խանութները կարող են փոխանցել Meta-ին իրենց կայքերում օգտատերերի գործողությունների վերաբերյալ։

Ընկերությունը նախատեսում է այդ տեղեկություններն օգտագործել ոչ միայն գովազդի, այլև Facebook-ում առաջարկվող հրապարակումների ու տեսանյութերի և Meta AI-ի պատասխանների անհատականացման համար։

Օրինակ՝ եթե մարդն առցանց խանութում արշավային պարագաներ է գնել, Facebook-ը կարող է նրան ավելի շատ արշավների մասին տեսանյութեր առաջարկել, իսկ Meta AI-ն՝ այդ հետաքրքրությունը հաշվի առնել նրա հարցերին պատասխանելիս։

Meta-ն ընդգծել էր, որ այս փոփոխությամբ նոր տեսակի տվյալներ չի սկսում հավաքել, այլ ընդլայնում է արդեն ստացվող տեղեկությունների օգտագործման նպատակները։ Փոփոխությունների գործարկումը նախատեսվել էր սկզբում ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։

Իսկ հոկտեմբերի 13-ին ընկերությունը ներկայացրել է Facebook-ի ալգորիթմի անհատականացման նոր գործառույթ, որը հնարավորություն է տալիս օգտատերերին իրենց բառերով նշել, թե ինչ թեմաներով հրապարակումներ և տեսանյութեր են ցանկանում ավելի շատ կամ ավելի քիչ տեսնել։

Սակայն այս փոփոխություններից ոչ մեկը չի հաստատում, թե նոյեմբերի 13-ին՝ ժամը 8:44-ին, Meta-ն ձեռք է բերելու օգտատերերի բոլոր լուսանկարների և անձնական տվյալների նկատմամբ նոր, անսահմանափակ իրավունքներ։

«Այսօր վերջին օրն է»․ ինչո՞ւ են տարածվող գրառման մեջ շտապեցնում օգտատերերին

Հայտարարության մեջ օգտագործվում են շտապողականություն առաջացնող ձևակերպումներ, այդ թվում՝ «այսօր վերջին օրն է» և «վաղվանից նոր կանոններն ուժի մեջ են մտնելու»։

Դրանք կարող են օգտատերերի մոտ ստեղծել տպավորություն, թե իրենց տվյալները պաշտպանելու համար անհրաժեշտ է անհապաղ գործողություն կատարել։

Գրառման հեղինակները նաև պնդում են, թե փոփոխությունների մասին խոսվել է հեռուստատեսությամբ, իսկ իրավաբանները քննարկել են դրանք։

Սակայն չեն նշվում ո՛չ հեռուստաընկերության, ո՛չ իրավաբանի կամ իրավաբանական կազմակերպության անուններ, ինչպես նաև որևէ պաշտոնական փաստաթուղթ, որը կհաստատեր տվյալ տեղեկությունները։

Ավելին՝ 2024 թվականին հերքված անգլերեն հայտարարությունում նույնպես առկա էին նույնաբովանդակ նախազգուշացումները, այդ թվում՝ 8:44 ժամի հիշատակումը։

Այսինքն՝ ժամի նշումը և «վերջին օրվա» մասին զգուշացումը չեն կարող դիտարկվել որպես Meta-ի նոր քաղաքականության գոյության ապացույց։

Ի՞նչ անել անձնական տվյալները պաշտպանելու համար

Ի տարբերություն տարածվող հայտարարության՝ Facebook-ն ունի գաղտնիության իրական կարգավորումներ, որոնց միջոցով օգտատերերը կարող են սահմանափակել իրենց հրապարակումների տեսանելիությունը և կառավարել որոշ անձնական տվյալների օգտագործումը։

Meta-ի պաշտոնական ուղեցույցի համաձայն՝ Facebook-ի Privacy Checkup («Գաղտնիության ստուգում») գործիքը հնարավորություն է տալիս վերանայել, թե ովքեր կարող են տեսնել օգտատիրոջ հրապարակումները, լուսանկարներն ու անձնական տեղեկությունները։

Հնարավոր է նաև կառավարել որոշ գովազդային նախընտրություններ, վերանայել հաշվի անվտանգության կարգավորումները և սահմանափակել որոշ տեղեկությունների հասանելիությունը։

Այսպիսով, Facebook-ում տարածվող հայտարարությունը, թե Meta-ն նոր քաղաքականություն է ներդնում և «վաղվանից» իրավունք է ստանալու օգտագործել օգտատերերի բոլոր լուսանկարները, հաղորդագրություններն ու անձնական տվյալները, կեղծ է։

Այսպիսի բովանդակությամբ հայտարարությունները շրջանառվում են դեռ 2012 թվականից և բազմիցս հերքվել են փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունների կողմից։

Միաժամանակ, Meta-ն արդեն իսկ ունի Facebook-ում օգտատերերի հրապարակած լուսանկարները, տեսանյութերը և այլ բովանդակությունը պահպանելու, պատճենելու, տարածելու որոշակի իրավունքներ։ Դրանք սահմանված են ընկերության օգտագործման պայմաններով, որոնց ընդունմամբ օգտատերերը տրամադրում են համապատասխան լիցենզիա՝ պահպանելով իրենց մտավոր սեփականության իրավունքները։

Meta-ն իսկապես նախատեսում է 2027 թվականի հունվարի 20-ից թարմացնել օգտագործման պայմանները, իսկ այդ ամսաթվից հետո ծառայություններից շարունակաբար օգտվելը կհամարվի թարմացված պայմանների ընդունում։ Սակայն լուսանկարների օգտագործման վերոնշյալ իրավունքները նոր չեն և նախատեսված էին նաև նախկին պայմաններով։

Հետևաբար, սոցցանցում հատուկ հայտարարություն հրապարակելը որևէ նոր իրավական պաշտպանություն չի ապահովում, իսկ այն չհրապարակելը չի նշանակում, թե օգտատերն այդ կերպ նոր համաձայնություն է տվել Meta-ին։

Անձնական տվյալները պաշտպանելու համար անհրաժեշտ է օգտվել Facebook-ի գաղտնիության կարգավորումներից և ընկերության պաշտոնական ընթացակարգերից,իսկ  իրավական ուժ չունեցող հայտարարությունները պատճենելը ու տարածելը չեն կարող ունենալ որևէ ազդեցություն։

 

Մարիա Խաչատրյան