Իլոն Մասկը ներկայացրել է նոր թռչող Tesla Roadster ավտոմեքենան
Հաղորդաշարեր
16.10.2026 | 15:01
Հինգշաբթի երեկոյան տեխնոլոգիական մագնատ Իլոն Մասկը Tesla-ի երկրպագուներին հնարավորություն է տվել մոտիկից տեսնել էլեկտրամոբիլներ արտադրող ընկերության նորագույն և, հնարավոր է, ամենահավակնոտ նախագիծը՝ երկար սպասված Tesla Roadster-ը, գրում է Euronews-ը։
«Մեզ հանդիսատես է պետք՝ ապացուցելու համար, որ սա ոչ թե արհեստական բանականություն է (ԱԲ), ոչ էլ գերբանականություն (ԳԲ)։ Այսպիսով, դուք կկարողանաք բոլորին ասել, որ դա տեսել եք ձեր սեփական աչքերով։ Որովհետև այն, ինչ կտեսնեք, դժվար է հավատալ»,- ասել է Մասկը ուղիղ եթերով հեռարձակվող միջոցառման մասնակիցներին։
Տպավորիչ ցուցադրության ընթացքում Roadster-ը՝ ձեռքով կառավարվող Tesla-ի միակ ավտոմեքենան, բարձրացել է կորաձև թեքահարթակով, շրջվել գլխիվայր, ապա թռիչք կատարել դրա եզրից, օդում պտույտ գործել և բարեհաջող վայրէջք կատարել հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո։
«Դե՝ ստացվեց»,- նշել է Մասկը։
Նա հստակեցրել է, որ Roadster-ն ունի «բարձրության կառավարման համակարգ և հիմնական արագացուցիչ շարժիչներ՝ հետևի հատվածում, այնպես որ՝ այն, ըստ էության, կարող է թռչել հրթիռի պես»։
«Այն կարող է պտույտներ կատարել, խելահեղ ակրոբատիկ հնարքներ ցուցադրել»,- ասել է նա՝ կատակելով, որ «պարտադիր չէ, որ սա անվտանգության տեսանկյունից օպտիմալացված ավտոմեքենա լինի»։
Երկրորդ ցուցադրության ժամանակ այս հայտարարությունը գործնականում ստուգվել է․ մեքենան արագացել է, օդ բարձրացել և «քիքֆլիփ» հնարքը կատարել Tesla-ի մյուս ավտոմեքենաների վրայով։
Ցուցադրության այլ հատվածում Roadster-ը զրոյից մինչև ժամում 60 մղոն (մոտ 97 կմ/ժ) արագություն է զարգացրել մեկ վայրկյանից էլ պակաս ժամանակում։
Tesla-ի կայքում նշվում է, որ ընկերությունն արդեն ընդունում է ավտոմեքենայի նախնական պատվերները։ Առաջարկվում է երեք տարբերակ՝ Performance, Thrust և Rocket։ Նշվում է, որ Rocket տարբերակը հասանելի է միայն հրավերներով։ Առաջին երկու մոդելների համար պահանջվում է համապատասխանաբար 50 հազար և 250 հազար դոլարի կանխավճար։
Tesla-ի տվյալներով՝ Roadster-ի ընթացքի պաշարը գերազանցում է 300 մղոնը (մոտ 483 կմ), իսկ առավելագույն արագությունը Rocket տարբերակի համար կազմում է ժամում մոտ 230 մղոն (մոտ 370 կմ/ժ)։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

