Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի

Լուրեր

16.10.2026 | 16:54
Փաշինյանն ու Թերեզա Ռիբերան քննարկել են ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման և էներգետիկ համագործակցության հարցերը
16.10.2026 | 16:46
Խաղաղության և կապուղիների ապաշրջափակման օրակարգը կարող է փոխել ՀՀ-ի տնտեսական աշխարհագրությունը. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 16:44
ԵՄ ղեկավարությունը հավաստիացրել է Ուկրաինային շարունակական աջակցության հարցում
16.10.2026 | 16:35
Երևանում հայտարարվեց անհետացման վտանգի տակ գտնվող տեսակների վերականգնման համար 500 մլն դոլար ներդնելու մասին
16.10.2026 | 16:30
Սարգիս Խանդանյանը՝ Նարեկ Կարապետյանի՝ եվրաինտեգրման վերաբերյալ հեգնանքի և ԵՄ-ի հետ Հայաստանի հարաբերությունների մասին
16.10.2026 | 16:20
Իտալիայի զարգացման բանկի հետ քննարկվել են էներգետիկ և ենթակառուցվածքային ծրագրերը
16.10.2026 | 16:09
Ուկրաինան ցանկանում է ավարտել պատերազմը, բայց Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում․ Վլադիմիր Զելենսկի
16.10.2026 | 16:05
Հայաստանը և Հունաստանը խորացնում են համագործակցությունը էներգետիկայի և ջրային ոլորտներում
16.10.2026 | 16:01
Ամուլսարի շահագործման հաջողությունից հետո ընկերությունները կհետաքրքրվեն ՀՀ հանքավայրերով. Հայկ Ալոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.10.2026 | 15:53
Գագիկ Խաչատրյանը չի բերվել դատարան՝ չնայած ցանկություն էր հայտնել մասնակցել նիստին
16.10.2026 | 15:48
ԿԳՄՍ նախարարը և Լուիզ Մուշիկիվաբոն քննարկել են 2027-ին Երևանում կայանալիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ խաղերի նախապատրաստական աշխատանքները
16.10.2026 | 15:40
Հայկական խոհանոցն ու համերը տպավորում են աշխարհի առաջնորդներին
16.10.2026 | 15:32
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
16.10.2026 | 15:21
«Պար-Արտ»-ի խանութներում խախտումներ են հայտնաբերվել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
16.10.2026 | 15:10
Ալեն Սիմոնյանը՝ անկլավների փոխանակման մասին // Արաղչին խոսել է TRIPP-ի հարցով մտահոգություններից․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  Զելենսկին երկօրյա այցով Բրյուսելում է՝  որպես պաշտոնական հյուր մասնակցելու Եվրոպական խորհրդի գագաթնաժողովին։ Առավոտյան ԵՄ  առաջնորդների  հետ հանդիպումից առաջ նա Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի ու Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ մասնակցեց ճեպազրույցի, որը տևեց ընդամենը հինգ րոպե։

«Հիմա Ուկրաինային աջակցությունը դադարեցնելու ժամանակը չէ։ Հիմա Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մեղմացնելու ժամանակը չէ։ Հիմա մեր աջակցությունն ուժեղացնելու ժամանակն է։ Մեր ճնշումն ուժեղացնելու ժամանակն է»,- հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։

Նրա խոսքով՝ այդ քայլերն անհրաժեշտ են Ռուսաստանին իրական հրադադարի համաձայնելուն, բանակցությունների սեղանի շուրջ նստելուն և պատերազմը դադարեցնելուն մղելու համար։

«Հիմա խաղաղության ժամանակն է։ Պատերազմը շարունակելու ժամանակը չէ»,- հավելեց նա։

Կոշտան վերահաստատեց նաև ԵՄ աջակցությունն Ուկրաինայի անդամակցության գործընթացին՝ նշելով, որ այս շաբաթ բանակցություններում բացվել է ևս երկու կլաստեր։

«Դուք կարող եք հույս դնել մեզ վրա։ Ոչ միայն պատերազմում ձեզ աջակցելու հարցում, այլև, որ առավել կարևոր է, Եվրամիության անդամի կարգավիճակով ձեր ապագայի հարցում»,- դիմելով Զելենսկիին՝ ասաց Կոշտան։

Եվրոպական միությունը չի վերացնի Ռուսաստանի նկատմամբ որևէ պատժամիջոց, քանի դեռ այն չի դադարեցրել պատերազմը, իր հերթին, հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Նրա խոսքով՝ ԵՄ-ն այժմ աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի վրա։

«Մենք աջակցել ենք ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած էներգետիկ հրադադարին, բայց տեսանք, որ Ռուսաստանը նույնիսկ մեկ րոպե այն չպահպանեց։ Փոխարենը Ռուսաստանը սրեց իրավիճակը, ուստի մենք պետք է ուժեղացնենք նրա նկատմամբ ճնշումը»,- ասաց ֆոն դեր Լայենը։

Նա նշեց, որ ԵՄ առաջնորդներն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ քննարկելու են առաջիկա ձմռանն աջակցելու միջոցները, ինչպես նաև երկրի ֆինանսական, բյուջետային և ռազմական կարիքները, այդ թվում՝ 2027 թվականի համար։

Ուկրաինայի նախագահը շնորհակալություն հայտնեց Եվրոպական խորհրդին, Եվրոպական հանձնաժողովին և, իր բնորոշմամբ, «եվրոպացի իսկական առաջնորդներին»՝ պատերազմի սկզբից Ուկրաինայի կողքին լինելու համար՝ այդ աջակցությունը համարելով վճռորոշ։

Ըստ նրա՝ Ուկրաինան ցանկանում է հնարավորինս արագ ավարտել պատերազմը, սակայն Ռուսաստանից նման պատրաստակամության ազդակներ չի տեսնում։

«Եվ, իհարկե, ցանկանում ենք հնարավորինս արագ ավարտել այս պատերազմը։ Այս պահին ռուսական կողմից ազդակներ չենք տեսնում, որ պատրաստ են դադարեցնել այն»,- շեշտեց նա։

Նրա խոսքով՝ այդ պայմաններում անհրաժեշտ է պատրաստվել առաջիկա ձմռանը և ապահովել աջակցության համապատասխան փաթեթ։

«Խոսքը միայն էներգետիկայի մասին չէ, այլև հակաօդային պաշտպանության ու ֆինանսավորման։ Շնորհակալ եմ, որ ԵՄ-ն մեր կողքին է։ Սա կքննարկենք»,- հայտարարեց Վլադիմիր Զելենսկին  ու հեռացավ ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ լրագրողների հարցերին չպատասխանելով։

Նա մամուլի ասուլիս կտա ԵՄ առաջնորդների հետ հանդիպումից հետո՝ ամփոփելով արդյունքները։

«Եթե ուզում ենք առավոտյան կրուասան ուտել, պետք է աջակցենք Ուկրաինային»

«Բարի լույս բոլորին։ Ի՜նչ ժպտերես եք»,- Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը հոկտեմբերի 16-ին Բրյուսելում՝ Եվրոպական խորհրդի նիստից առաջ, այսպես դիմեց լրագրողներին։

Ապա բացատրեց, որ նիստերի ընթացքում ժպտալն այնքան էլ հեշտ չէ։

«Իրավիճակը բարդ է։ Բյուջե կազմելու համար սա ամենահեշտ պահը չէ, քանի որ տնտեսության վիճակն այնքան էլ լավ չէ։ Տեսնում ենք, թե էներգետիկ ոլորտում տեղի ունեցող զարգացումներն ինչ են բերում Եվրոպային, և Հորմուզի շուրջ իրավիճակն ինչպես է ազդում տնտեսության բոլոր ոլորտների վրա»,- ասաց նա։

Եվրոպայի արևելյան թևի երկրները կրում են, իր բնորոշմամբ, «աշխարհագրական պատիժ»․ ստիպված են մեծացնել պաշտպանական ներդրումները, ավելի շատ պարտք վերցնել, միաժամանակ, դիմակայել պատերազմի տնտեսական հետևանքներին ու Ռուսաստանի հիբրիդային և կիբերհարձակումներին։

Այս համատեքստում նա ընդգծեց Ուկրաինային ֆինանսական և ռազմական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը՝ սպասվող ծանր ձմռանը դիմակայելու համար։

«Սա չափազանց կարևոր պահ է, որովհետև եթե ուզում ենք Եվրոպայում հարմարավետ ապրել, առավոտյան կրուասան ուտել, սուրճ խմել և չմտածել սպառնալիքների մասին, ապա պետք է աջակցենք Ուկրաինային»,- հայտարարեց նա։

Կուլբերգսը հավելեց, որ ուկրաինացիները պայքարում են իրենց կյանքի գնով, մինչդեռ եվրոպական երկրներն այս պահին գումար են տրամադրում։

Լատվիայի վարչապետի գնահատմամբ՝ Հորմուզի շուրջ իրավիճակը Ռուսաստանին շունչ քաշելու հնարավորություն է տվել․ «Հորմուզի շուրջ իրավիճակը Ռուսաստանին, փաստորեն, դուրս բերեց ջրի տակից, որտեղ արդեն հայտնվել էր։ Եվ հիմա նրա ռազմական մեքենան, ցավոք, թարմ թթվածին է ստացել»։

Կուլբերգսը նաև հայտարարեց, որ եվրոպական երկրները միասնական են Ուկրաինային աջակցելու հարցում։

«Շարունակելու ենք դա անել այնքան ժամանակ, մինչև Ուկրաինան հաղթի։ Այնպես որ, Զելենսկին կարող է հենվել մեր աջակցության վրա։ Մենք կաջակցենք միայն այն խաղաղ բանակցություններին, որոնք ցանկանում են Ուկրաինան և Զելենսկին, և որոնք նրանք են առաջնորդում»,- վստահեցրեց Լատվիայի վարչապետը։

Կարինե Ասատրյան

Բրյուսել